ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ Է ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ Է ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ

ԱրմԻնֆո

Վերջին 2-3 տարում Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում որսագողության դեպքերը կրճատվել են: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Բապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածաքների բաժնի պետ Արամ Աղասյանը:

Մասնավորապես, նրա ասելով, վերջին մի քանի տարիներին Խոսրովի արգելոցում որսագողության ոչ մի դեպք չի արձանագրվել: Ա.Աղասյանն ավելացրել է, որ այսօրվա դրությամբ համապատասխան տարածքների պահպանության աշխատանքները բավականին արդյունավետ են ընթանում, ինչում պակաս դեր չի վերապահվում համապատասխան ծառայությունների պայմանների զգալի բարելավմանը, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Նա նաև նշել է, որ որսագողության դեպքերը կտրուկ նվազել են նաև պահպանվող տարածքներից դուրս:

Մինչդեռ, ինչպես բազմիցս նշել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը, այսօրվա դրությամբ որսագողության խնդիրը Հայաստանում առավել արդիական է: Օրինակ, ամեն տարի որսագողերը սպանում են 1-2 ընձառյուծ (հիշեցնենք, որ ընձառյուծները գրանցված են Կարմիր գրքում և Բնապահպանության համաշխարհային միության (IUCN) կարմիր ցուցակում): 2002 թվականից ի վեր WWF իրագործում է կենդանիների այդ տեսակի պաշտպանության ծրագրեր: Ընձառյուծը որսագողերի միակ զոհը չէ, որ գնարցված է Կարմիր գրքում: Ամեն տարի բնապահպաններն արձանագրում են մուֆլոնի և բեզոարյան այծի որսագողության դեպքեր: Ուշագրավ է, որ առաջին տարին չէ, որ տեղական միջազգային հասարակական կազմակերպությունները փորձում են Հայաստանի բնապահպանության նախարարության ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ տարբեր կայքերում հայտարարություններ են զետեղվում Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսաշրջանների մասին: Նախարարության անտարբերության շնորհիվ հաջողությամբ գործող կայքերի թվում է www.safariinternational.com-ը, որտեղ բացահայտ կերպով զետեղվում են բեզորյան այծի և հայկական մուֆլոնի որսի հրավերներ, որոնք գրանցված են IUCN կարմիր ցուցակում (ավարի գինը տատանվում է 7900-8900 եվրոյի սահմաններում):

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Սիրանույշ Գևորգյան, «ԱրմենիաՆաու»


Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչի` վերջին տարիներին Հայաստանում նվազել են որսագողության դեպքերը, որն արդյունք է ավելի խիստ տեսչական հսկողության և մեծ տուգանքների:

«Անցյալ տարի որսագողության հատուկենտ դեպքեր են գրանցվել, Խոսրովի պետական արգելոցում 4 դեպք է գրանցվել»,- այսօր` ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը:

Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսագողության համար մինչև 3 մլն դրամ (7500 դոլար) տուգանք է նախատեսված, իսկ եթե որսը կատարվել է հատուկ պահպանվող տարածքներում (պետական արգելոցում, ազգային պարկում կամ արգելավայրում), ապա տուգանքը կրկնապատկվում է հինգ անգամ: (Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են հայկական ֆաունայի 99 տեսակներ, իսկ միջազգային Կարմիր գրքում դրանց թիվը 37 է):

Ըստ Աղասյանի` դեպքերի քանակը պակասել է նաև այն պատճառով, որ այժմ հատուկ պահպանվող տարածքներում աշխատող բնապահպանության նախարարության տեսուչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում:

«Եթե 2000 թվականին տեսուչները ստանում էին 10-15 հազար դրամ աշխատավարձ (25-37 դոլար), ապա այժմ ստանում են 50-60 հազար դրամ (125-150 դոլար)»,- ասում է Աղասյանը:

Չնայած Աղասյանի հավաստիացումներին` բնապահպանական հասարակական կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ ահազանգում են արտասահմանյան տարբեր կազմակերպությունների մասին, որոնք Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսորդական տուրեր են կազմակերպում բավական բարձր գներով (օրինակ` բեզոարյան այծի որսն արժի 14 հազար դոլար, մուֆլոնի որսը`16 հազար դոլար):

Բնապահպանության նախարարության պատասխանատուներն էլ միշտ հավաստիացնում են, որ այս կազմակերպությունները Հայաստանում որս չեն կազմակերպում:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն նախագահ Կարեն Մանվելյանն ասում է, որ եթե նույնիսկ այս կազմակերպությունները Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որս կազմակերպեն, ապա ստիպված կլինեն համապատասխան տուգանքներ մուծել:

Մանվելյանը և Աղասյանը նաև դրական գնահատեցին Հայաստանում հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքները: Այժմ աշխատանքներ են տարվում Խոսրովի և Շիկահողի պետական արգելոցներում էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ:

Ապրիլ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր