ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ

ԷկոԼուր

Ապրիլի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին  բացառիկ  հնարավորություն էր ընձեռված մամլո ասուլիս անցկացնել ՀՀ կառավարությունում: Ստորեւ ներկայացված են տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութերը:

ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆ-ՈՒՄ` ԿԱՇԱՌԱԿՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Բնապահպանության նախարարության աշխատակիցների՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալության դեպքերից հետո Բնապահպանության նախարարությունում տեսչական բարեփոխումներ են իրականացվում։  Այս մասին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք նախարությունը միջոցներ է ձեռնարկում և ներքին վերահսկողություն սահմանում իր աշխատակիցների նկատմամբ։

Նախարարը չմեկնաբանեց դեպքը՝ պատճառաբանելով, որ այն դատաքննության փուլում է գտնվում։ Սակայն նշեց, որ բարեփոխումներն այս պահին ընթացքի մեջ են։

ՆՈՐ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

Քրիստինե Աղալարյան, Հետք

Բնապահպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների ծավալուն ու նոր Կարմիր գրքի տպագրության աշխատանքներին։ Արդեն իսկ հարթեցվել են ֆինասնական խնդիրները։ Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այս գրքում ավելացել է սնկերին վերաբերող բաժին, ինչպես նաև ռիսկային գոտում գտնվող կենդանական տեսակներ։

ՄՏԱԴԻՐ ԵՆ 3 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼԵԼ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Բնապահպանության նախարարությունը որոշել է դիմել գործադիրին, որպեսզի կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով Սևանա լճում ձկնորսությունն արգելվի ընդհանրապես։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նա նշեց, որ այս ամենն իրականացվելու է ձկնատեսակների բնական վերարտադրության գործընթացըն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով Սևանի խնդիրներին, նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը 1898.53. սմ է՝ մոտ 55 սմ բարձր նախորդ տարվա համեմատ։ Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման շրջանակներում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացող շուրջ 600 հա անտառածածկ տարածքների ծառաթափային բույսերի մաքրում և հեռացում է նախատեսվում։

Իսկ դրան զուգահեռ Սևանում իրականացվելու են նաև ծառատնկման և անտառավերականգման աշխատանքներ։

ՆԱԽԱՐԱՐ. ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ՆՐԱՆՔ «ՃԻՇՏ» ԶՐՈՒՅՑԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ
Panorama.am


Ձկնաբուծական տնտեսություններում մենաշնորհային երևույթներ, կենտրոնացումներ չկան: Այսօրվա ասուլիսում ի պատասխան Panorama.am-ի հարցին, հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեր թղթակցի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, ասաց, որ Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարանները ցանկանում է ձեռք բերել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ու այստեղ էլ ցանականում են մենաշնորհներ ձևավորել:

«Շատ դեպքերում բանկային գործոն կա այս կոմպոնենտի մեջ, տնտեսվարողները մեծ ներդրումներ են իրականցրել, և այստեղ պարզապես հնարավոր չէ կենտրոնացնել կամ հետ վերցնել»,-շարունակեց նախարարը, ապա ասաց, որ հակառակ երևույթն է տեղի ունենում, նախարարությունը տնտեսություններին հրավիրել է համագործակցության ու բաց զրույցի: «Մենք բարի կամքի դրսևորում ենք իրականացրել ու տնտեսվարողին հրավիրել ենք ճիշտ զրույցի»,-ասաց նախարարը, կարևորելով առաջնային համարվող ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը:

Նախարարը միաժամանակ անընդունելի համարեց ձկնային տնտեսությունների կողմից թույլ տված խախտումները՝ մասնավորապես այն դեպքերը, երբ նրանք ջրահեռացումը կատարում են դրենաժային համակարգով:

«Այստեղ խնդիրներ են, որոնք պետք է կանոնակարգվեն»,-ասաց նախարարը, ապա ևս 1-2 տեխնիկական բնույթի խնդիրներ ու թերություններ մատնանշեց ու հավաստեց, որ տնտեսություններին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, նրանք էլ ցանկություն են հայտնել խնդիրները վերացնել, միայն թե դրա համար ժամանակ ու հնարավորություններ են պետք:

Ի դեպ, նախարարն ասաց, որ առաջիկա երեք տարում կառավարության որոշման համաձայն, ձկնորսությունը Սևանում կարգելվի, դրան զուգահեռ կիրականցվեն ձկնային պաշարների համալրման աշխատանքներ:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների, այսօր Արմավիրում կա 147 ձկնային տնտեսություն, Արարատում՝ 87:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ
 Panorama.am


Բնապահպանության նախարարությունում հայտնաբերված կաշառակերության դեպքերի վերաբերյալ այսօր նախարար Արամ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ, «քանի որ դատաքննություն է ընթանում»:

Եղածից, ըստ նախարարի, իրենք հետևություններ են արել, ու այժմ այդ գերատեսչությունում տեսչական բարեփոխումներ են իրականացվում:

«Նաև մեզ են վերաբերում կառավարության այն ծրագրերը, որոնք  տեսչական բարեփոխումների մասին են, մենք ևս նախաձեռնել ենք բարեփոխումներ, որ նման երևույթներ այլևս թույլ չտանք»,- ասաց Ա. Հարությունյանը

Հիշեցնենք, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տ. Գրիգորյանին և պետի տեղակալ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՕԴԻ ՄԱՔՐՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Panorama.am


Երևանում ու ևս մի քանի քաղաքներում, որտեղ գործարաններ են աշխատում, օդում առկա թունավոր նյութերի քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Օդը մաքուր պահելու ու թունավոր նյութերի քանակը դրանում նվազեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է իրականցնում բնապահպանության նախարարությունը: Հարցի պատասխանն այսօր Panorama.am-ը փորձեց ստանալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից: Նա ասաց, որ իրոք խնդիրներ կան, այն գերատեսչության ուշադրության կենտրոնում է, իրականցվում է մոնիտորինգ:

«Այո, կան խնդիրներ աղտոտվածության, առաջարկություններն ունենք, սակայն ամենակարևորը ճիշտ ախտորոշելն է, որպեսզի կարողանանք ճիշտ մոնիտորինգ իրականցնել, որպեսզի իմանանք, ինչ իրավիճակ է»,-ասաց նախարարը:

Հարությունյանն ասաց, որ այստեղ լուրջ խնդիր է ավտոմեքենաների արտանետումները, այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել՝ ազատականցվել են տեխզննման կայանները, ԱՊՀ տարածքից առանց խլացուցիչի արգելված է մեքենա ներկրել Հայաստան:

«Ցանկություն ունենք, առաջարկություն ներկայացրել ենք»,-խնդիրների վերացման վերաբերյալ ասաց Ա. Հարությունյանը:
 
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԲԱՑ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Panorama.am


Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած անտառների մաքրման աշխատանքների վերաբերյալ Գլխավոր դատախազությունը նյութեր է պահանջել բնապահպանության նախարարությունից: Այսօր կառավարության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման եկած բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է կասկածի տեղիք տվել դատախազությանը:

«Չեմ կարծում, որ կասկածի խնդիր կա: Այստեղ ուղղակի հասարակական հնչեղության խնդիր կա, ուզել են, մենք տվել ենք»,-ասաց նախարարը`  նշելով, որ այդ նյութերը, որոնք տրամադրել են նաև ԱԺ-ին, ՀԿ-ներին, կարող են տրամադրել նաև մամուլին, «ևս մեկ անգամ նայեն, տեսնեն, համոզվեն, որ այդ աշխատանքներն իրականացվել են, դա իմ կարծիքն է»:

Ա. Հարությունյանն ասաց, որ ջրի տակ մնացած ծառերի ու թփերի մաքրման ուղղությամբ լուրջ աշխատանքեր են իրականացվում: Որպեսզի դրանք տարերային չլինեն, տարածքները քարտեզագրվել են, իրականացվել է գույքագրում: Բյուջեից հատկացված 250 մլն դրամը, նախարարը հավաստում է, որ չի մսխվել:

«Այս աշխատանքները իրականցվել են, մեր կողմից տեղի են ունեցել բազմաթիվ այցելություններ: Այն ծավալները, որ նախատեսված են մաքրման համար, չեն կարող չմաքրվել»,-ասաց նախարարը`  նշելով, որ օրենքի համաձայն, եթե աշխատանքները չարվեն, ապա մրցույթով ընտրված ընկերությունները չեն վճարվի:

Հարությունյանն ասաց, որ կտրված ծառերն ու թփերը որպես վառելանյութ տրվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին, մի մասը աճուրդային կարգով վաճառվել են, գումարները տրվել Սևան ազգային պարկին: «Մենք բաց ենք ու պատրաստ ցանկացած ուսումնասիրությունների»,-եզրափակեց բանախոսը:

Նշենք նաև, որ նախարարի տվյալներով, այսօր Սևանի ջրի մակարդակը 1899.53 սմ է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ 55 սմ բարձրացում է արձանագրվել: Մաքրվել է 600 հա ջրածածկ եղած անտառ, մաքրման պիտանի է ևս 3 հազար հա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Սարգիս Հարությունյան, «Ազատություն» ռադիոկայան


Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, անդադառնալով Ֆինանսների նախարարության կողմից բնապահպանության նախարարությունում անցկացվող ստուգումներին, ասաց, որ իրենք «պատրաստ են ցանկացած ուսումնասիրությունների»:

«Եվ այն պահանջվող փաստաթղթերը, որը անհրաժեշտ է այդ աշխատանքների իրականացման համար, մենք նաեւ ներկայացրել ենք դատախազություն: Այսինքն՝ մեզանից պահանջել են այդ փաստաթղթերը, եւ մենք այդ փաստաթղթերը նաեւ ներկայացրել ենք գլխավոր դատախազություն», - հավելեց նախարարը:

Նշված ստուգումները նպատակ ունեն պարզելու, թե 2006-2009 թվականների ընթացքում ինչ արդյունավետությամբ են ծախսվել պետբյուջեից հատկացված միջոցները, որոնք պետք է ուղղվեին Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ անցած անտառածածկ տարածքների մաքրմանը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ստուգումներ ու դրանց անցկացումը հանձնարարել ֆինանսների նախարարությանը, քանի որ դատախազությունը նման ստուգումներ անցկացնելու իրավունք չունի:

Վերոնշյալ աշխատանքները իրականացնելու նպատակով միայն 2009 թվականին պետբյուջեից հատկացվել էր 250 միլիոն դրամ: Մամուլում հրապարակումներ եղան այդ միջոցները ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ:

Արամ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի նկատմամբ կաշառակերության մեղադրանք առաջադրելուց հետո, իրենք համապատասխան հետեւություններ են արել:

«Մենք հիմա տեսչական բարեփոխումների շրջանում ենք գտնվում: Պրոցեսի վերաբերյալ չեմ ուզում մեկնաբանության տալ, քանի որ դատաքննության կամ դատավարության պրոցես է գնում: Այո, մենք հետեւություններ արել ենք», - ասաց նախարարը:

ՄԱՆՐԱՁԿԱՆ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ… ՍԵՎԱՆՈՒՄ ՁՈՒԿ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆՎԵԼ 
Aysor.am


Նախորդ շաբաթ Սևանում պետք է կատարվեին մանրաձկան համալրման աշխատանքներ, սակայն, ինչպես այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, լճնում նոր «բնակիչներ» չեն հայտնվել մեկ պատճառով. «Մանրաձկի համալրման աշախատանքների հայտեր չկային»: Նախարարը հավաստեց, որ այդ նպատակով նորից մրցույթ է հայտարարվելու:

Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի նաև ուսումնասիրվելու են լճում առկա ձկների պաշարները:

«Նախաձեռնել ենք, որպեսզի կառավարության որոշումով 3 տարի ժամանակով ձկնորսությունն ընդհանրապես արգելենք Սևանա լճում, և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ համալրման աշխատանքներ զուգահեռ իրականացնենք, որպեսզի ապահովենք բնական վերարատադրման պրոցեսը»,- նշեց նախարարը:

Նա մի շարք ցանկություններ հրապարակեց, որ պետք է արվեն, օրիակ` հաջորդ տարի Մարտունիի տնկարանը վերականգնել և ավազանում իրականացնել ծառատնկման աշխատանքներ: Իսկ ծրագրով նախատեսված 600 հա մաքրման տարածքների քարտեզագրման աշխատանքներն ավարտված են և, ըստ նախարարի, 450 հա-ը ջրի մեջ է:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1899.53 սմ է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55 սմ-ով:

Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսությունների խնդիրներին, Ա. Հարությունյանը նշեց, որ կառվարությունը բոլոր տնտեսվարողներին անհատական մոտեցում է ցուցաբերում, միաժամանակ անընդունելի համարեց թույլ տրված խախտումները.

«Անընդունելի է, երբ թույլտվությունը տրված է այլ կետին միանալու, բայց երբ միացել է դրենաժային համակարգին, որը ցամաքեցման համար է և չի համապատասխանում այդ ծավալներին»,- ասաց նախարարը` որպես լուծման տարբերակ նշելով հաշվիչների տեղադրումը, կամ ջրի ծախսի հաշվառումը, կամ կարգավորիչ փականի տեղադրումը:

Նա հերքեց այն պնդումները, թե ձկնաբուծական տնտեսությունները կենտրոնացվում են և ոլորտում մենաշնորհ է առաջանում. «Մենք բարի կամքի դրսևորում ենք իրականացրել ու տնտեսվարողին հրավիրել ենք ճիշտ զրույցի»:
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ՞ ՎԱԽԵՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ
Tert.am


«Մենք պատրաստ ենք ցանկացած ուսումնասիրության և բաց ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` պատասխանելով դատախազության կողմից նախարարությունում իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ Tert.am-ի հարցին:

«Դատախազությունը պահանջել է որոշ փաստաթղթեր, մենք էլ ներկայացրել ենք»,- հավելեց նախարարը:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը ֆինանսատնտեսական ստուգումներ է նշանակել բնապահպանության նախարարությունում։ Կուսումնասիրվի նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունը:

Ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսացել Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների թերացման և բյուջեի գումարները ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Արամ Հարությունյանը հավաստեց, որ նախորդ տարի պետբյուջեից այս ուղղությամբ հատկացված գումարները նպատակային են ծախսվել: «Չենք կարող նախատեսված ծավալները չմաքրել: Եթե մաքրման աշխատանքները չիրականացնենք, մեզ այդ գումարը չեն հատկացնի»,- ընդգծեց նախարարը:

Նշենք, որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ անցնող 600 հա տարածքի մաքրման աշխատանք կիրականացվի այս տարի: Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 3 հազ. հա ափամերձ տարածք: Լճի ջրի բարձրացման հետևանքով կապամոնտաժվեն նաև շատ օբյեկտներ:

Ապրիլ 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր