

ԱրմԻնֆո
Transparency International-ը պատրաստվում է Երևանի քաղաքապետարանի դեմ դատարան դիմել:
Ինչպես ԱրմԻնֆո–ի թղթակցին հաղորդել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք մեր քաղաքի տերերը» խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, հայցի պատճառը եղել է այն, որ Transparency International-ի հարցումով քաղաքապետարանը օրենքով նախատեսված ժամկետում չի ներկայացրել Ուսանողական այգում շինարարությանը վերաբերող փաստաթղթերը: Հիշեցնենք, որ «Մենք ենք մեր քաղաքի տերերը» խմբի նախաձեռնությամբ դատարանում կլուծվի նաև նշված շինարարության օրինական լինելու հարցը: Երևանի քաղաքապետարանի դեմ այս խմբակային հայցին միացել է 20 մարդ, որոնց թվում ուսանողներն ու Ազգային գրադարանի ընթերցողները:
Հիշեցնենք, որ մայիսին մարդու իրավուքների պաշտպան Արմեն Հարությունյանը գրավոր կերպով դիմել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` տասնօրյա ժամկետում Ուսանողական այգում սրճարանի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի, ինչպես նաև կնքնված պայմանագրի պատճենները տրամադրելու խնդրանքով: Ի պատասխան ներկայացված հարցմանը` Երևանի գլխավոր ճարտարապետի ստորագրությամբ նամակ է եկել, որում ընդամենը նշվում է փաստաթղթերի ցուցակը: Օմբուդսմենի գրասենյակում նշել են, որ տվյալ պատասխանն իրենց չի բավարարում, և նրանք մտադիր են կրկին դիմել քաղաքապետարան:
Հունիս 11, 2010
