

Aysor.am
«Երևանը կիսաանապատացված և բետոնային քաղաք է դառնում, և նրա ոչ մի շինարարություն չի համապատասխանում շինարարական և ոչ մի նորմերի»,- հրավիրված մամլո ասուլիսում նման մտահոգություն հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ կլիմայի փոփոխության պայմաններում բոլոր քաղաքներում ավելացնում են կանաչապատումները, ջրային տարածքները, սակայն Երևանում բոլորովին հակառակ գործընթացն է տեղի ունենում և «էկոլոգիական առումով Երևանն աղտոտված է»:
Անդրադառնալով Երևանում իրականացվող շինարարության արդյունքում օդի աղտոտվածությանը` բնապահպանը նշեց, որ աղտոտվածության մակարդակն օրեցօր ավելի է բարձրանում, որն առաջին հերթին անդրադառնում է մարդկանց առողջության վրա:
Նա կարծում է, որ շենքերի կառուցման հետ մեկտեղ կանաչ տարածքները վերանում են, և մայրաքաղաքը վերածվում է ասֆալտաբետոնային անապատի: Երևանում, ըստ բնապահպանի, փողոցները լայնացվում են գազոնների և այգիների հաշվին:
Տիկին Դանիելյանը նկատեց նաև, որ Հյուսիսային պողոտայում կառուցվող բոլոր շենքերը Օպերայի և Հանրապետության հրապարակից պետք է ավելի ցածր լինեին, սակայն, ինչպես նշեց Դանիելյանը, «մեր քաղաքում ամեն ինչն է օրինաչափությունից դուրս»:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ՝ ՀԱԽՈՒՌՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ
Սիրանույշ Գևորգյան, «ԱրմենիաՆաու»
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` Երևանի օրինակով կարելի է սովորել, թե ինչպես չպետք է քաղաքաշինություն իրականացնել: Ըստ Դանիելյանի` հայ օլիգարխները կառուցում են որտեղ ուզում են` առանց հաշվի առնելու որևէ էկոլոգիական նորմ:
Բնապահպանը վերհիշում է խորհրդային ժամանակների Երևանի հատակագծերը, «երբ դեռ էկոլոգիական գիտությունն այդքան զարգացած չէր», սակայն բոլոր հատակագծերն էկոլոգիական ուղղություն ունեին:
«Երևանը այնպիսի կանաչ ցանց ուներ, որ կարելի էր միայն կանաչ տարածքներով մի վայրից մյուսը գնալ»,- ասում է Դանիելյանը:
Վերջին տարիներին հայ բնապահպաններն անընդհատ զգուշացնում են պատկան մարմիններին Երևանի վերահաս անապատացման մասին, քանի որ քաղաքում իրականացվում է հախուռն շինարարություն, որի պատճառով անխնա ոչնչացվում են կանաչ գոտիները: (Ըստ բնապահպանների`անապատացումը սպառնում է Հայաստանի տարածքի 80 տոկոսին, անտառները կազմում են տարածքի 8 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները գրեթե կվերանան):
Դանիելյանը կարծում է, որ նախ Հայաստանի բնակչությունը կարիք չուներ նման հախուռն շինարարության, քանի որ կառուցված բոլոր էլիտար շենքերը մնում են չբնակեցված:
«Եթե նույնիսկ դրա կարիքը կար, կարելի էր Երևանի հարակից տարածքներում իրականացնել շինարարությունը»:
Վերջին տարիներին Երևանի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,7 աստիճանով: Դանիելյանը դա կապում է Երևանը գոտևորող լանջերի ծառահատման հետ, որոնց զովն էր գալիս Երևան:
«Այժմ գիշերվա ընթացքում քաղաքը չի հասցնում հովանալ»,- ասում է Դանիելյանը:
Նա բերում է Էդինբուրգ և Բորդո քաղաքների օրինակները, որոնց կենտրոնները ևս ժամանակին զրկվել են կանաչ տարածքներից` մեծածավալ կառուցապատումների պատճառով:
«Էդինբուրգը ստիպված եղավ իր կենտրոնը պայթեցնել, հետո կանաչապատել, որովհետև մարդիկ փախչում էին այնտեղից, նույն վիճակը նաև Բորդոյում էր»,-զգուշացնում է բնապահպանը` ասելով, որ այս իրավիճակը սպառնում է նաև Երևանին:
ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ՞Ց
7or.am
«Հենարան» ակումբում Երևան քաղաքի բնապահպանական խնդիրներին, հատկապես վերջին շրջանում նոր թափ առած կառուցապատումներին անդրադառնալով՝ բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասել է, որ իրավիճակը մտահոգիչ է, և ինքն ամեն օր որևէ տարածքից ծառահատումների ու կանաչ տարածքների վերացման վերաբերյալ ահազանգ է ստանում։
Նա նշել է, որ կլիմայի փոփոխության պայմաններում բոլոր քաղաքները հիմնականում կանաչապատում և ավելացնում են ջրային տարածքները, իսկ Երևանն ամեն ինչով հակառակն արեց.
-Հիմա ստացվում է այնպես, որ եթե օրվա ընթցքում ջերմաստիճանը բարձրանում է, գիշերվա ընթացքում քաղաքը չի հասցնում սառչել։ Քարերը, ասֆալտը, բետոնը... այդպիսի գաղափար կա՝ ասֆալտբետոնային անապատ։ Մենք դարձրեցինք քաղաքը ասֆալտբետոնային անապատ, այն գիշերվա ընթացքում չի հասցնում այդ ջերմությունը դուրս հանել. առավոտը բացվում է, արևը նորից այրում է։ Եթե վերջին 50 տարվա ընթացքում հանրապետությունում միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,5 աստիճանով, ապա Երևանում՝ 0,7՝ հենց այս տիպի քաղաքաշինության պատճառով։
Անդրադառնալով Երևան քաղաքի օդի աղտոտվածության խնդրին՝ Կ. Դանիելյանը նշել է, որ քաղաքում դա միշտ բարձր է եղել, ժամանակին արդյունաբերության պատճառով, այժմ՝ տրանսպորտի։ Մինչև վերջերս աղտոտվածությունը ցույց էր տրվում բավական բարձր։ Հիմնականում օզոնի քանակությունը քաղաքում և ազոտի օքսիդների բարձր քանակությունը ցույց են տալիս, որ ֆոտոքիմիական թունամշուշ՝ սմոգ, քաղաքում միշտ կա, ինչը բխում է նաև բնակլիմայական պայմաններից։
Վերջին տարվա ընթացքում, սակայն, Բնապահպանության նախարարությունը նոր սարքեր է ձեռք բերել, որոնց տվյալներին Կ. Դանիելյանը չի վստահում, քանի որ սարքերն անգամ Կոմիտասի պողոտայում ցույց են տալիս, որ CO-ի պարունակությունը (տրանսպորտի արտանետումը) նորմայի մեջ է, ինչը բացառվում է։
-Այդ բոլորը հետագայում անդրադառնում են մեր առողջության վրա, և եթե մեզ թվում է, թե մեր գենոտիպն այնքան ամուր է, որ փոփոխության չի ենթարկվում, դա այդպես չէ,-ընդգծել է Կարինե Դանիելյանը։
ԾԱՌԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
Կենտրոնը վերածվել է աղետի գոտու
Քաղաքաշինությունը եւ դրա էկոլոգիական հետեւանքները. «Հենարան» ակումբը այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ:
-Կարծում եմ, որ այս ամռան օրերին դուք հատկապես զգում եք քաղաքաշինության, էկոլոգիական իրավիճակի եւ մարդու առողջության կապը,- ասաց Կ.Դանիելյանը։ -Այս առումով ցավով պետք է նշեմ, որ Երեւանն այն քաղաքն է, որտեղ կարելի է գալ, սովորել, թե ինչպես չի կարելի քաղաքաշինություն իրականացնել 21-րդ դարում, առավել եւս՝ այսօրվա էկոլոգիական գիտության տեսանկյունից, այսօրվա կլիմայական փոփոխությունների տեսանկյունից, եւ այն բոլոր պայմանագրերի տեսանկյունից, որ մենք ստորագրել ենք, այն օրենքների տեսանկյունից, որ մենք ստեղծել ենք։ Մենք ամեն ինչ Երեւանում անում ենք հակառակ ուղղությամբ։
Երեւանի նախորդ գլխավոր հատակագծերը՝ թե՜ Թամանյանի ստեղծածը, թե՜ հետագա հատակագծերը, էկոլոգիական ուղղվածություն են ունեցել, թեեւ էկոլոգիան որպես գիտություն այն ժամանակ այդքան զարգացած չի եղել։ Երեւանը գտնվում է կիսաանապատային գոտում, հիմնականում կիսաանապատ է, եւ որպեսզի այստեղ հնարավոր լիներ նորմալ քաղաք ունենալ, բնակլիմայական շատ դժվարին պայմաններում երեք կանաչ գոտի է ստեղծվել։
Սակայն «Ստացվեց այնպես, որ սկսվեց Երեւանի հախուռն կառուցապատումը՝ առանց հաշվի առնելու որեւէ էկոլոգիական նորմ, քաղաքաշինական նորմ, պատմական հուշարձանների, ճարտարապետական տեսքի պահպանման անհրաժեշտություն, չնայած որոշումները կան։ Օրինակ, կառավարության որոշում կա, որ Հյուսիսային պողոտայի շենքերն ավելի բարձր չպետք է լինեն, քան օպերայի շենքը, բայց գնացեք-նայեք, թե որն է բարձր։ Որոշում կա նաեւ, որ հրապարակի շրջակայքի շենքերը չպետք է բարձր լինեն եւ չպետք է դիտվեն հրապարակից, որպեսզի չնսեմանա հրապարակը։ Կարելի է գնալ, յուրաքանչյուր կետում կանգնել եւ տեսնել»։
Կանաչ տարածքները ոչնչացվել են հախուռն քաղաքաշինության հետեւանքով, որի կարիքը, ըստ Կ.Դանիելյանի, չկար, քանի որ բնակչության բնական աճը ցածր է, եւ արտագաղթի ցուցանիշները՝ մեծ։
-Այստեղ այսպիսի էլիտար շենքերի կառուցման հարցում խիստ կասկածամիտ եմ, ի վերջո, այդ շենքերը հավանաբար գնելու են մեր հարեւանները՝ թուրքերը, արաբները, պարսիկները,- ասաց ՀԿ-ի նախագահը։ -Առ այսօր այդ շենքերը հիմնականում կարծես բնակեցված էլ չեն։
«Հենարանի» հյուրի կարծիքով, մեր ժողովուրդը էլիտար շենքերում ապրելու հնարավորություն հիմնականում չունի, բայց եթե դրանք կառուցելու կարիքը կար, մեր մյուս քաղաքները պետք է զարգացվեին, եւ ոչ թե Երեւանը դարձվեր «շերեփուկի գլուխ», գոնե հարակից քաղաքներում, օրինակ, Աբովյանում պետք է կառուցեին։ Ծայրահեղ դեպքում կարելի էր մայրաքաղաքի կենտրոնից դուրս, մեկ այլ տեղում այդ երկնաքերներով նոր թաղամաս կառուցել, բայց բիզնեսի տերերի ցանկությունը կենտրոնում կառուցելն է եղել։
Ըստ ՀԿ-ի նախագահի, շատ շենքերի բակերում, որտեղ շենքերից ընդամենը մի քանի մետր հեռու կառուցապատում է սկսվում, բնակչությունն ընդվզում է. «պատերազմ է գնում», կան նաեւ ոստիկանության հատուկ ջոկատայինների միջամտության լուսանկարները։
-Զարմանում ես՝ լավ, մարդիկ իրավունք չունե՞ն բակ ունենալու,- ասաց էկոլոգը։
Ըստ Կ.Դանիելյանի, նախկին օրենսդրությամբ սահմանված է եղել, թե բազմաբնակարան շենքն ինչ մակերեսով կամ քանի մետր շառավիղով բուֆերային գոտի պետք է ունենա՝ որպես կանաչ տարածք, մանկական հրապարակ եւ այլն։ Սակայն հետո ԱԺ-ն, օրենսդրության փոփոխությամբ, այդ տարածքների որոշումը թողել է կառավարությանը։
-Կառավարությունն էլ հետո հաստատել է՝ բազմաբնակարան շենքը 1,5 մետր շառավղով տարածք ունի իրեն պատկանող, մնացածն արդեն կարող է ուրիշ շենքի լինել կամ կառուցապատվել եւ այլն, այստեղից էլ գալիս է այդ ամբողջ հաղթարշավը,- տեղեկացրեց ՀԿ-ի նախագահը, իսկ քիչ անց հավելեց, որ այդ մասին նոր է իմացել, եւ տվյալ խնդիրը բարձրացնելու է Հանրային խորհրդում։
Նշելով, որ մենք, ի վերջո, կորցրեցինք Օղակաձեւ այգին, որպես այդպիսին այն չի համապատասխանում եղած նորմերին, այլեւս ընդհանուր օգտագործման տարածք չէ, էկոլոգը բոլորիս ուշադրությունը հրավիրեց Սարի թաղից վերեւ, հեռուստաաշտարակից ներքեւ եղած լանջերին, «Հաղթանակ» զբոսայգու ներքեւի լանջին։
-Դրանք բոլորը կանաչապատված էին, եւ այդ անտառի զովն էր գալիս Երեւան, հիմա հակառակն է,- ասաց Կ. Դանիելյանը։ -Կլիմայի փոփոխության պայմաններում քաղաքները հիմնականում կանաչապատում են, հիմնականում ավելացնում են ջրային տարածքները, Երեւանն ամեն ինչով հակառակն արեց։
Հիմա եթե օրվա ընթացքում ջերմաստիճանը բարձրանում է, գիշերվա ընթացքում քաղաքը չի հասցնում սառել, մենք դարձրինք քաղաքը ասֆալտ-բետոնային անապատ։ Այդ իսկ պատճառով եթե երկրում վերջին 50 տարվա ընթացքում ջերմաստիճանը՝ կլիմայի փոփոխության հետ կապված, բարձրացել է միջինը 0,35 աստիճանով, Երեւանում՝ 0,7, դա հենց այդ տիպի քաղաքաշինության պատճառով է։
ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՐՑՈՎ
Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
-Ընտրություններից հետո գործող քաղաքապետի հետ պայմանավորվել էինք, որ պետք է էկոլոգիական խորհուրդ ստեղծենք, բայց քաղաքապետարանը հիմա կարծես թե հետ կանգնեց այդ գաղափարից՝ երեւի ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, առավել եւս Ուսանողական այգու հետ կապված աղմուկից հետո,- «Հենարան» ակումբում հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, էկոլոգ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Վերջինիս կարծիքով, Ուսանողական այգուն առնչվող խնդիրը փորձաքար է, եւ այդ հարցում հաջողության հասնելու պարագայում հույս կա, որ գոնե դրանից հետո մայրաքաղաքում դրական փոփոխություններ կտեսնենք։
-Հիշում եք, մենք ստորագրահավաք կազմակերպեցինք Ուսանողական այգու համար, դիմումը չորս հասցեով ուղարկեցինք՝ նախագահական, կառավարություն, Ազգային Ժողով եւ քաղաքապետարան,- ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ։ -Բառացիորեն վերջերս նախագահականից եւ կառավարությունից մեզ պատասխանել են, որ գործն ընթացքի մեջ է, իրենք հանձնարարականներ են տվել համապատասխան բաժիններին, որ պետք է զբաղվեն դրանով։
Ա.Ավթանդիլյանի տեղեկացմամբ, նշված նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանը վերջերս մի առիթով հանդիպելով վարչապետին, նրան հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանը, իրենց անհայտ պատճառներով, արդեն շուրջ 2 ամիս է, ինչ հրաժարվում է տրամադրել Ուսանողական այգում իրականացվող շինարարությանն առնչվող փաստաթղթերի պատճենները։
-Պարզվեց, որ վարչապետը տեղյակ չէր խնդրից, ու նա, ինչպես այսօր իմացանք, հանձնարարական է իջեցրել քաղաքապետարանին՝ մեզ տրամադրել այդ փաստաթղթերը,- ասաց Ա.Ավթանդիլյանը։
«Հենարանի» հյուրի տեղեկացմամբ, իրենք դիմելու են դատարան, պահանջելով Ուսանողական այգում շինարարության թույլտվություններն անվավեր հայտարարել, արգելել նշված շինարարությունները։
ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՅՑ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հասմիկ Հարությունյան, Ազգ
Տարիներ առաջ աղտոտված եւ ամբողջովին կառուցապատված Էդինբուրգ քաղաքում կենտրոնն այրեցին, ծաղիկներ ու ծառեր աճեցրին, որովհետեւ բնակիչները փախչում էին քաղաքից: Նույնը կատարվեց նաեւ Բորդո քաղաքում. իշխանություններն անվճար համերգներ էին կազմակերպում, որ բնակիչները կենտրոնը չլքեն: Բնապահպան Կարինե Դանիելյանն այսպիսի ապագա է խոստանում նաեւ Երեւանի համար, եթե այսօրվա տեմպերով քաղաքում շարունակվի կառուցապատումը: «Երեւանը վատագույն քաղաքաշինության լավագույն օրինակն է: Ստորագրում ենք մի բան, կատարում հակառակը»:
Երեւանը` կիսաանապատացված քաղաք. սա բազմաթիվ բնապահպանների ու միջազգային բնապահպանական կազմակերպությունների բնորոշումն է:
Քաղաքի դիմագիծը սկսեց խաթարվել 90-ականներին` իր հետ բերելով հախուռն շինարարություն, էկոլոգիական որեւէ նորմ չպահպանվեց: Հասարակարգը փոխվեց, բայց էկոլոգիական խնդիրները մնացին նույնը: Արդյունքը եղավ Հյուսիսային պողոտան: «Արդյո՞ք այդ հախուռն քաղաքաշինության կարիքն էինք զգում: Թամանյանի մշակած ծրագրում Հյուսիսային պողոտայի շենքերի բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ հրապարակի շինությունների բարձրությունը: Բայց արդյո՞ք դա պահպանվեց: Բողոքեցինք, բայց ապարդյուն», «Հենարանում» ասաց Կարինե Դանիելյանըՙ հավելելով, որ քաղաքի ծայրամասերը կանաչապատում են, խաղահրապարակներ կառուցում, մինչդեռ քաղաքի կենտրոնը բետոնապատում են` բիզնեսի տրամաբանությունից ելնելով: Քաղաքի կենտրոնում կանաչ տարածք գրեթե չի մնացել: Ոչնչանում են բակային տարածքները, դպրոցների բակերում էլիտար շենքեր են կառուցում: «Կորցրինք Օղակաձեւ այգին, Գետառը, Դալմայի այգիները, Կոմիտասում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռում լինում են զանգվածային ծառահատումներ»:
Մայրաքաղաքի եզակի կանաչ տարածքներից մեկն էլ Ուսանողական այգին է, որ կանգնած է ոչնչացման եզրին: Ու չնայած հասարակության լայն զանգվածների, մտավորականների եւ գիտնականների դժգոհություններինՙ լայն թափով շարունակվում է շինարարությունը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի ներկայացմամբ՝ 20.000 ստորագրությունը, այգու նախկին տեսքը վերականգնելու պահանջով, ուղարկել են նախագահին, վարչապետին, քաղաքապետին եւ ԱԺ նախագահին: Երկար լռությունից հետո նախագահականից եւ կառավարությունից պատասխան է եկել. տեղյակ չէին իրադարձությունների զարգացմանը, համապատասխան վարչությունները զբաղվում են հարցով: «Քաղաքապետարանի ավագանու անդամները մեզ ասում են, որ ձեր կողքին ենք, բայց ոչինչ չեն անում: Այսօր քաղաքում ամեն քայլափոխի ծառասպանություն է կատարվում»: Ավթանդիլյանը պատմում է, որ ամիսներ առաջ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Ուսանողական այգին վերջինն է լինելու, եւ ծառերի ու կանաչ տարածքների հաշվին այլեւս գետնափոր շինություններ չեն կառուցվելու: «Խոստումը բավարար չէ: Պահանջում ենք, որ քաղաքապետի խոստումն օրենքի ուժ ստանա, ինչը չի կատարվում»:
«Ուսանողական այգու» կապակցությամբ նախաձեռնությունը շուտով քաղաքապետարանի դեմ կներկայացնի դատական երկու հայց` հանրային սեփականություն հանդիսացող փաստաթղթերի չտրամադրման կապակցությամբ, եւ պահանջով` այգին վերադարձնել նախկին տեսքին:
«Բոլորն են դեմ: Գիտությունների ազգային ակադեմիան, մտավորականները, բնակիչները: Վիկտոր Համբարձումյանի արձանը, որ մեր ազգի պարծանքն է, գտնվում է սրճարանների հետեւի մասում: Դա մեզ պատիվ չի բերում: Ո՞վ է այդ սրճարանների սեփականատերը, որը չի ուզում լսել հասարակության կարծիքը: Հասարակությունը մի կողմ է, նա` մեկ այլ, եւ շարունակում է այգում շինարարությունը», ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ Ուսանողական այգու պահպանմամբ պետք է փոխվի մտածելակերպն ու հաստատվի հարգանք` բնության եւ հանրային սեփականություն տարածքների նկատմամբ:
Հուլիս 14, 2010
