ԳՈՒՇԱԿԻՐ` ՈՎ ԿՀԱՂԹԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԹԵ՞ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՎԹՈՂՆԵՐԸ

ԳՈՒՇԱԿԻՐ` ՈՎ ԿՀԱՂԹԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԹԵ՞ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՎԹՈՂՆԵՐԸ

ԷկոԼուր

Հանրային խորհրդի էկոլոգիայի հարցերով հանձնաժողովը հարց է դրել` խորհրդի առաջիկա նիստում դիտարկելու Երեւանի էկոլոգիական իրավիճակը` կապված իրականացվող քաղաքաշինության հետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ հատուկ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ կանաչ գոտիների եւ հասարակական վայրերի անօրինական շինությունների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանին ուղղված քաղաքացիների բազմաթիվ նամակներն ու դիմումները լուծում չեն ստանում, եւ հույս հայտնեց, որ Հանրային խորհուրդը մոտեցում կգտնի, որպեսզի քաղաքի թեժ իրավիճակը դառնա կառավարելի եւ համապատասանի երկրի օրենսդրությանը:

Մենք մի քանի մեջբերումներ ենք անում Հանրային խորհուրդ ուղարկված նյութերից եւ նամակներից:

«…օգտագործել ենք ՀՀ պետական բոլոր մարմիններին, այդ թվում դատարաններին դիմելու (100-ից ավելի դիմում-բողոքներ, առաջարկություններ) մեր սահմանադրական իրավունքը, սակայն առայժմ ապարդյուն: Երեւանի քաղաքապետը անտեսել է անգամ պետական մարմինների (ՀՀ բնապահպանական պետական տեսչություն, Քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ, Առողջապահության նախարարություն եւ ՄԻ Պաշտպան) առաջարկություններն այդ ուղղությամբ:… հիշյալ ապօրինությունների բուռն գործընթացները սկսվեցին 2007թ-ից, երբ դրանց իրականացման հեղինակ «Նուշիկյան ասոցիացիան» խնամություն հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի հետ»,- նշված է 03.05.2010 թվականի թիվ 309 նամակում:

«… պարզվել է, որ կառուցապատող «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունն ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 3 շենքի բակում իրականացրել է բազմահարկ շենքի հիմքի հողային աշխատանքներ:…»: Նամակը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, գրանցված է ԱՆ-23/4491 համարի  տակ`14.11.2006թ.: Հետո արդեն բնակիչներն այդ նամակը փոխանցել են Հանրային խորհուրդ:

«…հիասթափվեցինք, երբ կտրեցին ծառերը, խաղողի թարմաները` ոմն իշխանավորի գրպանը ավելի լցնելու համար: … դիմել ենք 1.Քաղաքապետարան, 2. Կառավարություն, 3. Ազգային Ժողով, 4. ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, 5. Պատմական հուշարձանների վարչություն, 6. Քաղաքաշինության նախարարություն եւ միայն վերջինը պատասխանեց` առաջարկելով «կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները»»,- ասված է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված նամակում, ամսաթիվը նշված չէ, նամակը փոխանցվել է Հանրային խորհուրդ:

Վերջին ժամանակների գործերից մեկն էլ Քանաքեռի ՀԷԿ-ի կողմից կանաչ գոտու զավթումն է: «Մենք` Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչներս, երկու տարի է` պայքարում ենք Ցոլակ Թանգամյանի, Արաբկիրի թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից Քանաքեռի ՀԷԿ-ում, Ղափանցյան փողոցին հարակից 600 քմ եղեւնիների պուրակի` օրենքի կոպիտ խախտումներով սեփականաշնորհման գործով»,- ասված է բնակիչների դիմումում:

Հանրային խորհուրդը ստացել է Դալմայի այգիների բազմաչարչար գործը: Քաղաքի հսկայական կանաչ գոտին եւ հրաշալի մրգատու ծառերը  գործնականում անհետացան Երեւանի քարտեզից: Այժմ այդ վայրում քարե շինություններ են կանաչ հատվածների մնացորդներով: Բայց մարդիկ, ովքեր մշակել էին այգիները, չեն հանգստացել: Երկար տարիների ընթացքում նրանք շարունակում են դիմել տարբեր ատյաններ, եւ ամեն անգամ հույս են փայփայում, որ հնարավոր է, մեղավորներին կպատժեն եւ իրենց կվերադարձնեն անօրինականորեն վերցված տարածքները:

Դժվար չէ նկատել, որ Երեւանի քաղաքապետարանն այդ բոլոր գործերի գլխավոր մասնակիցն է: Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2009թ. զեկույցում ասված է, որ միայն իր գրասենյակը ստացել է 97 բողոք Երեւանի քաղաքապետարանի դեմ, որոնց մեծ մասը վերաբերում է նրան, որ քաղաքապետարանը չի կանխել ինքնակամ շինարարությունը, չի օրինականացրել այգիների տարածքները եւ կանաչ հատվածները, որոնք մարդիկ մշակել են տասնյակ տարիների ընթացքում: Քաղաքապետարանը նաեւ մեղադրվում է վատ տնտեսավարության, տեղեկատվություն չտրամադրելու, բակերի շինարարությունում շինարարական կանոնների խախտման, ծառերի ոչնչացման եւ այլնի համար:

Հուլիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր