ԱՊՕՐԻՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԱԾ

ԱՊՕՐԻՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԱԾ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ

Լուրջ վտանգ է սպառնում Երեւանի կանաչ տարածքներից եւս մեկին, ավելին՝ խնդիրը միայն դա չէ. թույլ է տրվել եթե չասենք հանցագործություն, ապա կոպիտ ապօրինություն:
  
Մի խումբ բնակիչներ, որոնք ընդվզել են այդ ապօրինության դեմ, պայքարում են իրենց, իրենց երեխաների իրավունքների եւ օրինական շահերի, նաեւ մայրաքաղաքի կանաչ թոքերի այդ վտանգված հատվածը փրկելու համար։ Վերջերս նրանք դիմել են նաեւ վարչական դատարան եւ խնդրել առ ոչինչ ճանաչել Երեւանի քաղաքապետի 17.09.2008թ. թիվ 4167-Ա որոշումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսվող հետեւանքները։ Իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել այդ հայցադիմումի։
  
Բնակիչները շուրջ 30-40 տարվա ընթացքում Քանաքեռ հէկ-ի հարեւանությամբ, Երեւանի Ղափանցյան փողոցի 11/7 հասցեում ստեղծել են 600 քմ մակերեսով եղեւնիների պուրակ, տնկել 30 եղեւնի, թթենի եւ այլ ծառեր՝ այսօր արդեն հաստաբուն ու բարձրաբերձ, որպեսզի իրենց հանգստի եւ երեխաների խաղալու վայր ունենան, մաքուր օդով եւ փոշու նվազ պարունակությամբ մի օազիս։
  
Նույնիսկ 90-ական թթ. ծանր տարիներին, նրանց աչալուրջ հսկողության շնորհիվ, սիրելի պուրակից անգամ մի ճյուղ չի պակասել, այն ոչ մեկի սեփականությունը չի եղել, եղել է բոլորինը։
  
2008թ. մարտին հիշյալ վայրում հայտնվել է բողոքող բնակիչներին բացարձակապես անծանոթ, տվյալ տարածքի հետ որեւէ առնչություն չունեցող, Վրաստանում ծնված, 1990թ. Օշական գյուղում հաշվառված, 1999-2005թթ. ժամանակահատվածում չգիտես որտեղ հաշվառված եւ ապրած մեկը՝ Ցոլակ Թանգամյան անուն ազգանվամբ։
  
Բիզնեսով (որքան տեղյակ ենք՝ առեւտրով) զբաղվող այս անձնավորության առաջին գործը եղել է այդ տարածքի հենց մուտքի մոտ ապօրինի կարգով մետաղե տնակ տեղադրելը, ապա քարերով ու միջնորմային մանրահատ սալերով տնակը ներքեւի մասից շրջապատել՝ նպատակ ունենալով կառույցի ու դրա հնության պատրանք ստեղծել։ Փակելով պուրակի մուտքը, նա փորձել է ապօրինությամբ տիրանալ այդ տարածքին, սակայն հանդիպել է բնակիչների դիմադրությանը։
  
Վերը նշված ապօրինության վերաբերյալ Քանաքեռ հէկ-ի մոտ ապրող մի խումբ բնակիչների դիմումին արձագանքելով, Արաբկիրի թաղապետարանի, Երեւանի քաղաքապետարանի միջամտությամբ ու պահանջով այդ կրպակն ապամոնտաժվել է։
 
«Զարմանալի է ու զավեշտական, որ հենց այդ նույն մարմինների անօրինական գործողությունների հետեւանքով նշված 600 քմ սեփականաշնորհման ոչ ենթակա տարածքը սեփականաշնորհվել է հենց նույն Ց.Թանգամյանին»,- նշված է վարչական դատարան ներկայացված բնակիչների հայցադիմումում։
  
Պարզ է, որ եթե կրպակի տեղադրումն անօրինական չլիներ, այն չէր ապամոնտաժվի։ Բացի այդ, ապամոնտաժման վերաբերյալ գոյություն ունեն Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 10.10.2008թ. թիվ 250/02-160-166 եւ նույն համայնքի ապօրինի շինությունների, հողազավթումների հայտնաբերման եւ կանխարգելման բաժնի 20.10.2008թ. թիվ 28/12/-Կ-336/352 գրությունները։
  
Այնուհանդերձ ուշագրավն այն է, որ Ց.Թանգամյանը, ինչպես հայցադիմումում է նշված, զարտուղի ճանապարհներով եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 2008թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի կարգով ձեռք է բերել վերոնշյալ փաստաթղթով 506,44 քմ, իսկ բնակիչների չափումներով մոտ 600 քմ մակերես ունեցող տարածքը, ապա ստացել սեփականության իրավունքի գրանցման վկայական։
  
Տվյալ տարածքը Ց.Թանգամյանին օտարելու (վաճառելու) համար հիմք են հանդիսացել նրա սուտ հայտարարություններն առ այն, որ ինքն իբր 1997 թվականից օգտագործել է այդ տարածքը, եւ իբր այնտեղ ունեցել է 15 քմ մակերեսով ինքնակամ շինություն։ Դրան հաջորդել են Երեւանի Արաբկիր համայնքի սեփական տնատիրության թիվ 20 տեղամասի լիազոր Գոհար Սահակյանի 18.03.2008թ. կեղծիք պարունակող տեղեկանքը, ապա Արաբկիր համայնքի թաղապետի տեղակալ Տարոն Խուրշուդյանի 24.03.2008թ. նույնաբնույթ տեղեկանքը։
  
Այդ փաստաթղթերն էլ, ըստ հայցադիմումի հեղինակների, մոլորության մեջ են գցել քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչի հետեւանքով կառույցի (գոյություն չունեցող) եւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրով, ապօրինի կարգով, 506.44 (փաստացի՝ մոտ 600) քմ տարածք է օտարվել Ց.Թանգամյանին։ Ընդգծենք, որ տվյալ տարածքը պետք է օտարվեր աճուրդային կարգով։
  
Ավելին՝ հողատարածքը, կարծում ենք, ենթադրելի է, թե ինչու, Ց.Թանգամյանին է վաճառվել 1 քմ-ն ընդամենը 7000 դրամ կադաստրային արժեքով, որը կազմել է 4 մլն 200 000 դրամ, մինչդեռ աճուրդի պարագայում 1 քմ-ի մեկնարկային գինը, որքան տեղյակ ենք, կկազմեր 20-22 հազար դրամ։ Նշված գործարքի հետեւանքով, ամենապարզ հաշվարկներով, պետությանը պատճառվել է մոտ 10 մլն դրամի վնաս։
  
Առավել կարեւոր հանգամանքներից է նաեւ այն, որ Ց.Թանգամյանին վաճառված հողատարածքի հենց տակով անցնում են կարեւոր նշանակության ջրագծեր, ինչը հաշվի առնելու պարագայում տվյալ հողամասը չպետք է սեփականաշնորհվեր։ Այդ մասին է վկայում «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի պաշտոնական պատասխանը՝ հասցեագրված Փաստաբանների պալատի անդամ Ռ.Սարգսյանին։
  
Դրանում մասնավորապես նշված է, որ վերոնշյալ հասցեում գտնվող հողատարածքով անցնում են «Երեւան ջուր» ՓԲԸ-ի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող ժ=800 մմ, ժ=500 մմ ջրատարները եւ ժ= 600 մմ կոյուղատարը։ Ընդգծենք, որ քաղաքապետարանը դրանք «թյուրիմացաբար» չի նկատել։ Նույն գրության մեջ նշված է նաեւ.
 
«ՀՀ առողջապահության նախարարի 29.11.02թ. թիվ 803 հրամանով հաստատված են «Խմելու, տնտեսական նշանակության ջրմուղների եւ ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-111-Ա1-2 սանիտարական նորմերը եւ կանոնները, որոնց 2.4.4 կետի համաձայն, սանիտարապահպանական շերտագծերի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմերից պետք է ընդունվի մինչեւ 1000 մմ ջրատարի տրամագծի դեպքում 10 մետրից ոչ պակաս։
  
ՀՀ Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի անօտարելի գոտիները պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն։ Բացի դրանից, այդ հողաշերտերը նաեւ ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի 11 կետի համաձայն, դասվում են քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի շարքը» (ընդգծումը՝ մերը)։
  
Ըստ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գ.Միքայելյանի 20.05.2010թ. պատասխանի, «Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից Ղափանցյան 11/7 հասցեի հողատարածքը Ց.Թանգամյանի անվամբ սեփականաշնորհելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14200810 քրեական գործը եւ նախաքննություն կատարելու համար 20.05.2010թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժին»։

Հուլիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր