

էկոԼուր
Մայրաքաղաքի էկոլոգիական բնութագիրը խիստ մտահոգիչ է և առաջացնում է երևանցիների դժգոհությունը: Հիմնական պատճառը քաղաքում իրականացվող հակաէկոլոգիական քաղաքաշինությունն է: Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը բնապահպանական հարցերով ենթահանձնաժողովի անունից Հանրային խորհրդի փոքր խորհրդում ներկայացրեց թեզիսներ: Թեզիսները հիմնավորված էին ինչպես խորհուրդ ընդունված Երեւանի բնակիչների բողոքներով, այնպես էլ ռիսկերով, որոնք մեծացել են հակաէկոլոգիական քաղաքաշինության արդյունքում:
Առաջարկությունների թվում են`
• ՀՀ Նախագահին առընթեր ստեղծել «Երևանի զարգացման հիմնախնդիրների» հանձնաժողով` անկախ փորձագետների մասնակցությամբ
• ՀՀ Նախագահին առընթեր Վերահսկողության ծառայության կից ստեղծել էկոլոգիական վերահսկողական հասարակական խումբ, որը կհամագործակցի հասարակական էկոլոգիական ցանցի հետ
• Մշակել եւ ընդունել ՀՀ Օրենք «Երևան քաղաքի կայուն զարգացման մասին»
• Արագացնել Էկոլոգիական փորձաքննության մասին նոր օրենքի ընդունումը
• Փոփոխություններ մտցնել «ՀՀ Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» /07.05.2002/ օրենքում
• Փոփոխություններ մտցնել ՀՀ Կառավարության 1999թ. մարտի 30-ի Ն193 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» որոշման մեջ
• Ակտիվացնել ՀՀ կայուն զարգացման խորհրդի գործունեությունը
• Կազմակերպել անկախ էքսպրես-անալիզի համակարգ, օգտագործելով ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային կենտրոնի, ՀԱՀ-ի Էկոլոգիական կենտրոնի, ԵՊՀ-ի և այլ գիտահետազոտական կենտրոնների հնարավորությոնները
• Մշակել եւ իրականացնել Երևանի էկոլոգիական գործողությունների համապարփակ ծրագիր
• Վերականգնել Երևան քաղաքի էկոլոգիական ոստիկանությունը
• Վերանայել Երևանի Գլխավոր հատակագիծը եւ գոտիավորման նախագծերը, հատկապես Կենտրոնի գոտիավորման նախագիծը
• Ստորագրել «Եվրոպայի քաղաքները կայուն զարգացման ճանապարհին» Խարտիան և «Օլբորգիան համաձայնագիրը», ներգրավվել կայուն քաղաքների միջազգային ցանցերում /ICLEI և այլ/ և օգտագործել միջազգային հարուստ փորձը Երևանը դեպի կայուն զարգացում կողմնորոշելու համար
• Մշակել արագ արձագանքման մեխանիզմ ՀՀ հանրային խորհրդի կողմից ստացված օպերատիվ լուծում պահանջող դիմումների վերաբերյալ:
Փոքր խորհուրդը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի մշակի առաջարկությունները հաջորդ` հանրային խորհրդի «մեծ» նիստի համար: Եթե Հանրային խորհուրդը համաձայնվի ներկայացված թեզիսների դրույթների հետ, ապա պաշտոնական առաջարկությամբ հանդես կգա իշխանության բարձրագույն մարմինների` մասնավորապես ՀՀ նախագահի առաջ:
Օգոստոս 02, 2010
