ՀՀ ոստիկանությունը 2022թ. օգոստոսի 25-ի առավոտյան բերման է ենթարկել Ֆիզիկայի գիտավանի (Ֆիզգորոդոկի) տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ իրականացվող ակցիային մասնակցող երկու քաղաքացու՝ իրավաբան Հայկ Հարությունյանին ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցին: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան «Ֆիզգորոդոկ Երևան» հանրային խմբից:
«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում: Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից: Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել: Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ: Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը: Երևանի քաղաքապետարան պահանջում ենք ԿԱՍԵՑՆԵԼ շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»,- նշված է խմբում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 10-ին «Ռատկո» ՍՊԸ-ն սկսել էր ջարդել ու տապալել Ֆիզիկիայի գիտավանի (Ֆիզգորոդոկ) տարածքում գտնվող ծառերը, ինչի մասին ֆեյսբուքյան էջում ահազանգել էին տեղի բնակիչները: Բնակիչների բողոքի ակցիաների արդյունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հարուցումից հետո Երևանի քաղաքապետարանը հրահանգել էր կասեցնել շինարարությունը՝ մինչ գործի քննության ավարտ։ Գրեթե մեկ տարի ընկերությունը Ֆիզգորոդոկի տարածքում որևէ գործունեություն չէր իրականացրել և այսօր վերսկսել է շինաշխատանքները:
Օգոստոս 25, 2022 at 12:18