Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բացասական կարծիք է տվել մետաղների ձուլման տեղամասի կառուցման ծրագրին

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բացասական կարծիք է տվել մետաղների ձուլման տեղամասի կառուցման ծրագրին

Երևանի Ավան վարչական շրջանի մի շարք քաղաքացիներ հարյուրավոր բնակիչների ստորագրությամբ նամակներով դիմել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին՝ պահանջելով չթույլատրել Ավան վարչական շրջանում մետաղների ձուլման տեղամաս կառուցել, իսկ ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին բացասական եզրակացություն տալ: 

«Մենք՝ Երևան քաղաքի, և հատկապես Ավան վարչական շրջանի  բնակիչներս և մի շարք մասնավոր ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաստատակամ առարկություն ենք հայտնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում տեղակայված թափոնների տեղակայման բաց պահեստարանում կամ Ավան վարչական շրջանի որևէ այլ հատվածում կամ դրա մոտակայքում «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կամ որևէ այլ կազմակերպության կողմից ձուլման արտադրամաս տեղակայելուն և Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում ենք «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին տալ բնապահպանական փորձաքննության բացասական եզրակացություն»,- նշված է բնակիչների նամակում: 

Բնակիչներն օրերս Շրջակա միջավայրի նախարարությունից ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պատասխան գրություններ են ստացել: Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը հայտնել է բնակիչներին, որ բացասական կարծիք ունի տվյալ նախագծի վերաբերյալ և վստահեցրել է, որ ձեռնարկելու են համապատասխան միջոցներ Ավան վարչական շրջանի բնակիչների առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքները պաշտպանելու համար: 

Վահե Հակոբյանի նամակում, մասնավորապես, նշված է. «Ի կատարումն Երևանի քաղաքապետի 09.08.2022  թվականի թիվ Դ-61015-22 հանձնարարականի, հայտնում ենք, որ նախկինում Երևանի քաղաքապետարանը  «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից  Երևան քաղաքի Հր. Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ ներկայացրել է բացասական կարծիք, ինչով պայմանավորված, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ը «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլարանի հիմնման նախագծին տվել է բացասական եզրակացություն: Այնուհետև, «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից նախագծային փաստաթղթերում կատարվել են լրամշակումներ, և ընկերությունը  կրկին դիմել է համապատասխան գերատեսչությանը` նախատեսվող գործունեության իրականացման համար համապատասխան թույլատվություն ստանալու համար:  Վերոնշյալով պայմանավորված՝ 2022 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի աշխատակազմում գործող իրավական ընթացակարգին և պահանջներին համապատասխան անցկացվել է «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 2-րդ փուլը:

Ամփոփելով  հանրային քննարկման արդյունքները և նկատի ունենալով, որ Ավան վարչական շրջանում մետաղի վերամշակման գործունեության իրականացումը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա շրջակա միջավայրի ու բնակիչների առողջության վրա, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն, ելնելով հանրային շահը մասնավոր շահից գերադասելու հիմնարար սկզբունքից,  կրկին վերահաստատում է իր բացասական կարծիքը նախագծի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ օրենքով սահմանված կարգով  ձեռնարկելու է  համապատասխան միջոցներ Ավան վարչական շրջանի բնակիչների առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու  իրավունքները պաշտպանելու համար»:

Օգոստոսի 18-ին բնակիչները նամակ են ստացել Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանից, որում նշված է, որ գործընթացի մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքի կարծիքները և եզրակացությունները հաշվի են առնվելու փորձաքննական գործընթացում: 

Նամակում նշված է. «... Տեղեկացնում եմ, որ «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի և բանեցված կապարե կուտակիչների պահեստի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը փորձաքննության փուլում է: 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվել են հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացվել և դիտարկվել են շահագրգիռ հանրության կարծիքները: Գործընթացի մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքի կարծիքները և եզրակացությունները հաշվի են առնվելու փորձաքննական գործընթացում...»:

Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 28-ին ընկերության կողմից նախաձեռնված ձուլման տեղամասի ՇՄԱԳ հայտի երկրորդ հանրային լսումների ժամանակ Երևան քաղաքի բնակիչները դեմ արտահայտվեցին «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների՝ ձուլման տեղամաս կառուցելու ծրագրին և հրաժարվեցին լսել նրանց փաստարկները:

Օգոստոս 26, 2022 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր