ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄՆԵՐ` ՄԱՍՍԱՆԵՐԻՆ

ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄՆԵՐ` ՄԱՍՍԱՆԵՐԻՆ

ԱրմԻնֆո

Հայ էկոլոգները չհասցրեցին իրենց դժգոհությունն արտահայտել Երևանում դելֆինարիումի շինարարության առիթով, երբ քաղաքապետարանն արդեն հանգստացնում է գրգռված մասսաներին` հերթական անգամ խոստանալով «բարեկարգել» հերթական տարածքը:

Համաձայն վաղեմի ու բարի ավանդույթի, քաղաքապետարանի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ հիմնականում տեղ է հատկացվում մայրաքաղաքային հերթական այգում տիրող տխուր իրավիճակին, այս անգամ`Կոմիտասի անվան այգում, որտեղ էլ պատրաստվում են կառուցել դելֆինարիումը: Բոլոր թերությունները թվարկելուց հետո քաղաքապետարանն ուրախությամբ տեղեկացնում է այգու կանաչ տարածքները բարեկարգելու իր ցանկության մասին, ընդ որում, արդեն երևանյան հայտնի ձեռագրով` նոր շինարարության մեկնարկով: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանգստացնում է, որ այգում ոռոգման և լուսավորության նոր համակարգ կդրվի, կլինեն կարուսելներ, և նույն ոճով տեղեկացնում է նաև, որ արդեն կան ավտոկայանատեղեր: Երևանցիները տխրության մեջ են:

Դառը փորձից ելնելով նրանք արդեն ծանոթ են, որ «բարեկարգում» բառի տակ քաղաքապետարանը թաքցնում է կանաչ տարածքների ոչնչացումը, ի օգուտ սրճարաններից ու ռեստորաններից թեթևորեն ստացվող եկամուտների: Դրա վառ օրինակն է Ուսանողական այգին, որը Բեգլարյանի օրհնությամբ վերածվեց բետոնապատ դատարկ տարածքի: Այն ժամանակ էլ զանգվածային ծառահատումները բացատրվում էին տարածքը բարեկարգելու ցանկություններով: Արդյունքում, Վիկտոր Համբարձումյանի արձանը հայտնվեց սրճարանատիպ այլանդակ երկու կառույցների արանքում: Արժե արդյոք խոսել այն մասին, որ հանուն այդ բետոնոգրադի ոչնչացվեցին մոտակա բոլոր գազոնները: Հասարակական բողոքը վերածվեց դատական հայցի, սակայն Բեգլարյանը դրանք չի խառնում: Յուրացնելով Ուսանողական այգին նա «ասպետական» ավյունով ցատկեց դեպի Կոմիտասի այգին: Թե ինչով կավարտվի հերթական այս բարեկարգումը երևանցիների համար, գաղտնիք չէ` կտրված ծառեր և նոր շինարարությունից մնացած աղբ: Ըստ ասեկոսեների, դելֆինարիումը կառուցում է էքս-քաղաքապետ Երվանդ Զախարյանը, իսկ դա նշանակում է, որ կանաչ տարածքները պաշտպանելու երևանցիների բոլոր փորձերը ենթակա են տապալման:

Սեպտեմբեր 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր