

Անժելա Խաչատրյան, zhamanak.com
Դելֆիններ` Պանթեոնի հարեւանությամբ
Առավելագույնը մեկուկես ամսից Կոմիտասի անվան զբոսայգում, որի հարեւանությամբ ննջում են հայ մեծանուն մարդիկ, խինդ ու ծիծաղ է տիրելու` այնտեղ բացվում է Հայաստանում առաջին դելֆինարիան:
Դելֆինարիա կառուցելու մտահղացումը պատկանում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Առաջին հայացքից չափազանց հիանալի ծրագիր է` բարեկարգել Պանթեոնի հարակից զբոսայգին, սակայն հարց է առաջանում` արդյո՞ք նորմալ է Պանթեոնի կողքին ստեղծել ընտանեկան զվարճանքի կենտրոն, ավելին` այս խնդիրն ունի նաեւ իր բնապահպանական կողմը:
Նշենք, որ դելֆինարիայի շինարարությունը իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը դելֆինարիաներ է կառուցել Կիեւում, Օդեսայում, Դոնեցկում եւ Խարկովում: Երեւանում կառուցվելիք դելֆինարիան ունենալու է 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազան: Հայտնի է, որ 4 դելֆինները, 2 ծովային կատուներն ու 1 ջրառյուծը Երեւան կբերվեն Օդեսայից: Ջրավազանն աշխատելու է ողջ տարին եւ նախատեսված է 900 հանդիսատեսի համար:
Շինարարությունն իրականացնող «Ներում» ընկերության նախագահ Ալեքսանդր Մեռլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ մեկ ամսից դելֆինարիան պատրաստ կլինի շահագործման, սակայն հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե որքան գումար է ծախսվելու Երեւանում դելֆինարիա կառուցելու համար: Նախ պատճառաբանեց, որ ինքն այդ հարցերով չի զբաղվում, իսկ հետո ասաց` «Ձեր այդ հարցին ոչ ոք չի պատասխանի»: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ դելֆինարիայի շահագործումը եւս իրականացնելու է «Ներում» ընկերությունը, ստացված եկամուտները եւս պատկանելու են վերջինիս:
Հետաքրքրական է, որ «Ներում» ընկերության նկատմամբ այս տարվա ապրիլ ամսին դատական գործ է հարուցվել Ուկրաինայում: Փաստաբան Սերգեյ Օսիկան հայց է ներկայացրել «Ներում» ընկերության դեմ` պահանջելով փակել վերջինիս կառուցած Դոնեցկի «Նեմո» դելֆինարիան: Փաստաբանի հիմնավորմամբ` «Ներում» ընկերությունը չունի համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նրան օգտագործել ծովային կաթնասուններ եւ նրանց պահել անազատության մեջ: Ավելին` վերջին շրջանում Ուկրաինայում մեկը մյուսի հետեւից փակվում են դելֆինարիաները: Կիեւում գործող երկու դելֆինարիաներից մեկն արդեն փակվել է, ըստ երեւույթին, երկրորդին եւս սպասում է նույն ճակատագիրը: Հատկանշական է նաեւ այն, որ Ուկրաինայում արգելված է դելֆինների եւ ծովային մյուս կաթնասունների որսը, եւ միայն հիվանդ կենդանիներին բուժելու նպատակով է թույլատրվում դելֆինարիաների ղեկավարությանը Ուկրաինայից ձեռք բերել այդ կաթնասուններին: Այս պարագայում անհասկանալի է այն տեղեկությունը, թե դելֆիններն Հայաստան են բերվելու Օդեսայից: Կարելի է ենթադրել, որ «Ներում» ընկերության բիզնեսը Ուկրաինայում ճգնաժամ է ապրում, եւ ընկերությունը որոշել է «գործ դնել» Հայաստանում, որտեղ ամենակատարյալ պայմաններն են ստեղծված անօրինական բիզնեսի մեջ ներքաշվելու համար: Իսկ այն, որ դելֆինարիայի կառուցումը Երեւանում անօրինական է եւ անտրամաբանական` փաստում են բնապահպանական կազմակերպություններն ու փորձագետները:
Ներկայում էկոլոգիական դաշինքի 50 կազմակերպություններ նամակ են հղել Երեւանի քաղաքապետին եւ բնապահպանության նախարարին` պահանջելով մի շարք փաստաթղթեր. այգում նման շինարարություն իրականացնելու թույլտվությունը, ծովային կենդանիների Հայաստան ներկրման եւ շահագործման թույլտվությունը, բնապահպանական փորձագիտական եզրակացությունը: «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նամակը ուղարկել են անցած ուրբաթ օրը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան եւ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ շինարարությունն սկսվելուն պես իրենք դիմել են քաղաքապետարան. «Քաղաքապետարանում մեզ ասացին, որ իրենք տեղյակ չեն, թե այդ ինչ շինարարություն է ընթանում: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարող է քաղաքապետարանը տեղյակ չլինել, թե ինչ է կատարվում քաղաքում: Բնապահպանության նախարարությունը եւս տեղյակ չէր Երեւանում դելֆինարիա կառուցելու ծրագրի մասին»: Տիկին Քնարիկը նաեւ նշեց, որ այսօր քաղաքում ինչ ուզում անում են` ո՛չ քաղաքացիներին, ո՛չ հ/կ-ներին չեն տեղեկացնում: «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ պետք է բոլոր փաստաթղթերը բաց լինեն, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են ջուր մատակարարելու, ինչպես են ապահովելու դելֆինների նորմալ կենսագործունեությունը. «Մենք ծովային երկիր չենք, մեր կլիմայական պայմանները լրիվ ուրիշ են եւ չեն բավարարում դելֆինարիայի գոյության համար անհրաժեշտ պայմաններին»: Քնարիկ Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ դելֆինարիայի համար օգտագործվելու է ոչ թե գետի կամ այլ վայրից բերված ջուր, այլ «ԵրեւանՋուրն» է տրամադրելու քաղաքացիներին մատակարարվող խմելու ջրից. «Հայաստան բերվելու են քաղցրահամ ջրերում ապրող դելֆիններ, որոնք ջրի որակի նկատմամբ շատ պահանջկոտ են: Ասում են, թե լինելու է շրջանառու ջրամատակարարում, սակայն դա էլ իր կորուստներն ունի, բացի դրանից` բաց տարածք է եւ գոլորշիացում կլինի: Պարզ է, որ անընդհատ թարմ ջուր պետք է մատակարարվի դելֆինարիայի համար: Այսօր մարդիկ Երեւանում դույլերով են ջուր բերում, մենք դելֆինարիա ե՞նք կառուցում: Հիշենք, թե Ջրաշխարհի շահագործումից հետո ինչպես կրճատվեց Նոր Նորքի բնակչության խմելու ջուրը, նույնը լինելու է այս դելֆինարիայի կառուցումից հետո»: Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ դելֆինների համար անհրաժեշտ է թարմ ձուկ, ինչը մենք չունենք, նրանց տալու են սառեցված ձկներ, որն էլ ճիշտ չէ:
Հարկ է նշել, որ դելֆինարիաների ծառայությունից օգտվելը բավական թանկ հաճույք է, եւ բնական է, որ Հայաստանում այն եւս մատչելի չի լինելու շարքային քաղաքացիներին: Պարզ է նաեւ այն, որ շինարարություն իրականացնող կազմակերպությունը եւ քաղաքային իշխանությունները չեն բավարարվելու միայն դելֆինարիա կառուցելով, հետագայում այս տարածքում սնկի պես կաճեն սրճարանները, ռեստորանները եւ զվարճանքի այլ վայրերը: Տիկին Քնարիկի խոսքերով` Պանթեոնի հարակից տարածքում զվարճանքի վայր կառուցելը ամենավերջին անբարոյականությունն է. «Ինչպե՞ս կարելի է, Պանթեոնում շոո՞ւ ենք կազմակերպում: Սա ամենավերջին անբարոյականությունն է` բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր դելֆինարիա կառուցենք այն էլ Պանթեոնում: Մեր ժողովուրդը գնում է Պանթեոն գլուխ խոնարհելու իր մեծերի առջեւ, բայց հիմա կողքը դելֆինարիա ենք կառուցում` զվարճանքի վայր»: Սիլվա Ադամյանի խոսքերով էլ` Պանթեոնի կողքին դելֆինարիա կառուցելը նույնն է, ինչ դիսկոտեկ կառուցվի. «Տարբերություն չկա նույն զվարճանքի վայրն է: Պետությունը նախեւառաջ պիտի մտածեր, որ այդ վայրում նման բան չեն կառուցում, դա խայտառակություն է»:
ԱՄԵՆԱԹԱ՞ՆԿ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա1+
Չորս դելֆինները Երեւան են բերվելու Խաղաղ օվկիանոսից: Թե ինչ տեսակի դելֆիններ են բերվելու, դելֆինարիայի կառուցումը ստանձնած ուկրաինական «Ներում» ընկերությունում դժվարացան պատասխանել:
Հիշեցնենք,որ դելֆինների հայաստանյան պայմաններին դիմանալը կախված է նաեւ նրանց տեսակներից եւ վարժեցնելուց: Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը կարծում է, որ Երեւան կբերվեն քաղցրահամ ջրերին սովոր դելֆիններ, որոնք,սակայն, շատ թանկ են: Բայց մեր ջուրն այդպիսի դելֆինների համար նույնպես կոշտ է եւ պետք է փափկեցվի:
Իսկ Պանթեոնի հարեւանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգու հարեւանությամբ այս պահին ընթանում են դելֆինարիայի կառուցման աշխատանքները, տեղադրվում են մետաղյա կոնստրուկցիաները:
Քաղաքապետարանի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, թե երկու ամսից դելֆինարիան պատրաստ կլինի, եւ այնտեղ կլողան չորս դելֆին, երկու ծովային կատու եւ մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երեւան կբերվեն Օդեսայից:
Ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու. ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի` մեկ անգամ եւ չի փոխվելու, պարզապես ֆիլտրացվելու է:
Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյան կասկածում է, որ ջուրը լցվելու է մեկ անգամ:
«Երեւան-Ջուր» ընկերության լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ «Ներում» ընկերությունը արդեն դիմել է իրենց: Նախագիծը, սակայն, դեռ չի ներկայացվել եւ չի քննարկվել:
«Նրանք եւս բաժանորդ են լինելու, սակայն պետք է այնպես անենք, որ մյուսները չտուժեն»,- ասաց «Երեւան Ջուր»-ի մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը:
Ի դեպ, Կոմիտասի անվան զբոսայգու մյուս հատվածները աղբանոց են հիշեցնում` պոլիէթիլենային շշեր, կոտրված կարուսելներ եւ այն, ինչ հնարավոր է թափել:
Հոկտեմբեր 12, 2010
