

ԱրմԻնֆո
Քաղաքապետարանի` Էրեբունի-Երեւան տոնի այցեքարտը դարձած «Երեւանը մենք ենք» կարգախոսն էկոլոգների աջակցությունը չի վայելում:
«Նման կարգախոսների համար հարկավոր է ունենալ մաքուր շրջակա միջավայր: Իսկ այսօրվա Երեւանը դրանով չի կարող պարծենալ», - հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը մամուլի ասուլիսում:
Վերջին 10 տարիներին մայրաքաղաքում ծավալված շինարարությունը նա որակել է հակաէկոլոգիական եւ հակասոցիալական: Իրենց կանաչ տարածքները պաշտպանելու հասարակայնության զուր ջանքերի վառ վկայությունն է Ուսանողական այգում սրճարանի կառուցմանն առնչվող պատմությունը:
«Թեեւ մենք դիմել ենք դատարան, հաղթանակ չենք ակնկալում: Հետաքրքիր է, որ օբյեկտների տիրոջ անունն այդպես էլ անհայտ է մնում: Բայց ով էլ դա լինի, պարզ է մեկ բան. նա այնքան մեծ կշիռ ունի, որ հեշտությամբ կարող է դիմակայել հասարակության բողոքին», - հայտարարել է նա:
«Կարող եմ ասել միայն մեկ բան. ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ ողջ Հայաստանի կանաչ տարածքները կործանել է սովորական ագահությունը», - ընդգծել է Կ.Դանիելյանը:
Հոկտեմբեր 12, 2010
