

ԷկոԼուր
Երեւանի իշխանությունները եւ էկոլոգները ընդհանուր հայտարարի չեկան դելֆինարիայի կառուցման հարցում: Այդ օբյեկտի պլանը եւ տեխնիկական հիմնավորումը ոչ միայն հասարակական լսումներ չեն անցել, այլ նաեւ չեն ստացել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացությունն այն պարզ պատճառով, որ փաստաթղթերի փաթեթն ընդհանրապես փորձաքննության չի ներկայացվել:
Վերոնշյալից ելնելով` ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի բոլոր փաստարկներն այն մասին, որ այդ օբյեկտը եւ նրա ենթադրվող գործունեությունը համապատասխանում է նորմերին, ոչնչով հիմնավորված չեն, քանի որ չունեն ոչ մի իրավական (տվյալ դեպքում պետական փորձաքննության եզրակացություն) հիմնավորում:
Պետական փորձաքննության եզրակացության բացակայությանը պետք է արձագանքեր նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը` հատկապես հաշվի առնելով այդ նախագծի շուրջ բարձրացած աղմուկը: Սակայն ռեակցիա չհետեւեց:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ուշադրությունն ենք հրավիրում, որ այդ անօրինական նախագիծն արդեն գրեթե պատրաստ է շահագործման: Հարկ է նշել նաեւ, որ ուկրաինական «Ներում» ընկերության գործողությունները, որը պետք է դելֆիններին Երեւան բերի, Ուկրաինայում անօրինական են համարվել:
Ինչպես նշված է Էկոլոգիական կենրոնի (КЭКЦ) տնօրեն, Ուկրաինայի վաստակավոր էկոլոգ Վ. Բորեիկոյի` Ուկրաինայի նախագահին ուղղված բաց նամակում, 2010թ. Ուկրաինայի բնապահպանության նախարարության էկոլոգիական պետական տեսչության անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ գործնականորեն բոլոր դելֆինարիաներում կենդանիները պահվում են «Դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության մասին» Ուկրաինայի օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, ինչպես նաեւ շատ դեֆինների համար չկան թույլտվության փաստաթղթեր:
Իր դիմումում ուկրաինացի գիտնական-էկոլոգը պահանջում է խիստ արգելքներ դնել զվարճանքի համար դելֆինների օգտագործման վրա եւ արգելել դելֆիններին պահել կոմերցիոն դելֆինարիաներում:
Նշենք, որ եթե այս հարցում ՀՀ բնապահպանության նախարարությունը լիներ ավելի օպերատիվ եւ ստիպեր Երեւանի քաղաքապետարանին օրենքով գործել (այսինքն` փաստաթղթերը ներկայացներ փորձաքննության, հասարակական լսումներ անցկացնել), հնարավոր է եւ մեր իշխանություններն իմանային դելֆինների մասին ավելի շուտ, քան քննարկեին նրանց մասին լրատվամիջոցներով:
Հոկտեմբեր 14, 2010
