

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով Կենտրոն հեռուստաընկերության եթերով, հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով:
Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ
• Երևանի այգիները քաղաքացիների հանգստի և առողջության համար կենսական տարածքներ են.
• ցանկացած ոտնձգություն անգամ մեկ ծառի հանդեպ հանցագործություն է ծառազուրկ Երևանի և Հայաստանի հանդեպ.
• Երևանի մասին օրենքի 62-րդ և 64-րդ հոդվածների համաձայն ի թիվս այլոց Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից են «քաղաքային հանգստի գոտիների ստեղծումն ու պահպանումը»:
Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
Հոկտեմբեր 15, 2010
