

ԷկոԼուր
Հոկտեմբերի 20-ին գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը, որպես բողոքի նշան, անաժամկետ հացադուլ կսկսի Կոմիտասի անվան երեւանյան այգում` Պանթեոնի կողքին, դելֆինարիայի կառուցման մասին Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ: Գրողը պահանջում է, որպեսզի Պանթեոնը ընդգրկվի պատմամշակութային հուշարձանների մեջ:
Դելֆինարիայի կառուցման նախագիծն իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը նաեւ պետք է ապահովի ծովային կենդանիների` 4 դելֆինների, 2 ծովային կատվի, 1 ջրառյուծի ներկրումը:
Ուկրաինական աղբյուրների համաձայն`«Ներում»-ը նման գործունեություն ծավալել է Ուկրաինայում` խախտելով բնապահպանական օրենսդրության դրույթները, եւ երկու դելֆինարիա արդեն փակվել են:
ԴԵԼՖԻՆԱՐԻԱ` ԱԺ ԲԱԿՈ՞ՒՄ
Ա1+
Չնայած որ 80%-ով Երեւանի Դելֆինարիան արդեն իսկ կառուցված է, սակայն գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը վաղը ժամը 12-ից անժամկետ հացադուլ է հայտարարելու: «Մինչեւ իմ աչքով չտեսնեմ, որ Պանթեոնի հարեւանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգում քանդում են այդ խայտառակ շինարարությունը, հացադուլը չեմ դադարեցնեի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց նա:
Արվեստագետը նշեց, որ ինքը բավական մեծ փորձ ունի նման ծայրահեղ միջոցների դիմելու` դեռեւս խորհրդային տարիներից:
«Թող քաղաքապետարանը կամ այդ բիզնեսի մեջ գտնվող ուժերը չերազեն, որ կարող են քաշքշելու կամ բռնությունների միջոցով հեռացնել Պանթեոնի պարսպի մոտից, որտեղ եւ անց եմ կացնելու հացադուլը` դեմքով դեպի շինհրապարակը, դա ծիծաղելի է, մենք դրա միջով արդեն անցել ենք», - ասաց նա` հույսով, որ եթե ժամանակին խորհրդային իշխանությունները ի վերջո հաշվի են նստել իր հետ, ապա այսօրվա երեւի իշխանությունները կհասկանան իր մտադրության կարեւորությունը:
Նա առաջարկեց իշխանություններին դելֆինարիան կառուցել, օրինակ` Ազգային Ժողովի այգում. «Գուցե պատգամավորների հոգնած, փչացած նյարդերը կհանգստանան` ամեն անգամ դելֆիններին տեսնելով»,- նկատեց գրողը:
Վահրամ Թաթիկյանի խոսքերով` հացադուլը կուղեկցվի մի շարք միջոցառումերով: «Կլինեն համերգներ, Պանթեոնի եւ Կոմիտասի անվան այգին կարգի բերելու աշխատանքներ, ծառատունկ եւ այլն, որոնց իրենց ակտիվ մասնակցությունը կցուցաբերեն երիտասարդները»,- ասաց նա:
Մտավորականը հույս հայտնեց, որ իր այս նախաձեռնությունն ի վերջո վերջ կդնի հասարակության անտարբերությանը սեփական մշակութային արժեքների նկատմամբ:
«Եւ ինչպես խորհրդային տարիներին բնապահպանական շարժումը վերածվելով քաղաքականի, որին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ մտավորականությունը, կվերականգնվի մեր ազգային բարոյահոգեբանական կերպարը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը: 4 դելֆինները, 2 ծովային կատուն, 1 ջրառյուծը Երեւան կբերվեն Օդեսայից:
Հոկտեմբեր 19, 2010
