ՀԱՑԱԴՈՒԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՀԱՑԱԴՈՒԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Lragir.am

Գրող Վահրամ Թաթիկյանը, ով հացադուլ է անում Կոմիտասի անվան զբոսայգում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսել է իր մտահոգությունները և ներկայացրել հացադուլի պատճառներն ու նպատակները: Հիշեցնենք, որ այգում դելֆինարիա է կառուցվում:
 
Վահրամ Թաթիկյանը նշել է, որ ըստ Թամանյանի նախագծի, քաղաքը ավարտվում էր հենց ներկայիս զբոսայգու տեղում, որտեղ ժամանակին քաղաքային գերեզմանատուն է եղել, ընդ որում` հայկական: 1968 թվականին ստեղծվել է զբոսայգին և պանթեոնը, իսկ հիմա էլ զբոսայգին են քանդում և զվարճավայր կառուցում: Ի դեպ, դելֆինարիայի շինարարության վայրում բազմաթիվ ոսկորներ ու գանգեր են բացվում:
 
Թաթիկյանը պահանջում է զբոսայգին վերադարձնել մարդկանց և դեմ է պանթեոնն առանձնացնել զբոսայգուց: «Այգուց սկսած մինչև 3-րդ մաս ամբողջ շրջակայքը նախկին գործարանների քանդվող շենքերն են: Կարելի էր դելֆինարիան կառուցել հենց այդտեղ»,-ասել է նա:
 
Վահրամ Թաթիկյանի խոսքով, հստակ որոշված է, թե այս վայրում ինչ սրճարաններ, ռեստորաններ են կառուցվելու և մարդկանց խաբում են, թե իբր լավություն են անում:
 
«Եթե հարցը դիտարկենք սոցիալական և բարոյական կողմից, ապա ինչքանով է ճիշտ համատարած գործազրկության, աղքատության պայմաններում զվարճավայր կառուցել, որից չեն կարողանալու օգտվել ոչ ապահով խավերը»,- ասում է գրողը:
 
Թաթիկյանը նաև պարզել է, որ դելֆինները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն կարող ապրել, և նրանց սատկելուց հետո, այդ կառույցը զվարճանքի վայրի է վերածվելու: Նրա խոսքով, դելֆինարիան ընդամենը խայծ է:
 
Նա ավելացրել է, որ բազմաթիվ բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ իրենց աջակցությունն են հայտնել և հեռախոսահամարներ են թողել կարիքի դեպքում օգնության հասնելու համար:
 
Թաթիկյանն ասում է, որ չի դադարեցնելու հացադուլը մինչև կառուցվող շինությունը չապամոնտաժվի և այգին չվերադարձվի մարդկանց: «Ժամանակին ես հացադուլ արեցի քաղաքական բանտարկյալներ համար: Հիմա բնությունն է բանտարկված: Քանի իմ քաղաքը բանտարկված վիճակում է, ես քաղաքաբանտարկյալ եմ»,- նշել է Վահրամ Թաթիկյանը:

Հոկտեմբեր 21, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր