Նոյեմբերի 22-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ ««Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին և նոր ԱՍԳ-ին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը։ Նպատակն էր քննարկել «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը և ներկայացնել Էկոլուրի վերլուծությունը Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ ընդունած 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների վերաբերյալ։ Քննարկումը կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը, ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանը, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետներ Արամ Գաբրիելյանը, Արամայիս Ավագյանը, «Բնական էկոնոմիկա» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի ղեկավար Մասիս Սարգսյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Դալմա-Սոնա հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը, «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Շատին, Վերնաշեն, Գողթանիկ Եղեգնաձոր բնակավայրերի բնակիչներ, Էկոլուրի թիմը։
Ներկաներին ողջունեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը․ ««Կլիմայի մասին» օրենքի ընդունումը պետք է մեծ նշանակություն ունենա համայնքների համար, և ես շատ ուրախ եմ, որ այսօրվա մեր քննարկմանը ներկա են համայնքային ներկայացուցիչներ: Խնդիրները շատ բարդ են ու պահանջում են դժվար լուծումներ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչի վրա է պետք շեշտը դնել»:
Մկրտիչ Դալլաքյանը նշեց, որ Էկոլուրի կողմից իրականացվող ծրագիրը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ամենակարևոր ծրագրերից է:
«Տվյալ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։ Դրանցից մեկը COP29-ի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության վերաբերմունքն էր: Մյուսը CEPA-ի ճանապարհային քարտեզով կատարված միջոցառումների վերլուծություն է, թե կլիմայական քաղաքականության մասով ինչ պետք է կատարվի և ինչքանով են ներգրավված համայնքները։ Վերջին կարևոր բաղադրիչն էլ կլիմայական քաղաքականության վերաբերյալ այս քննարկումն է: Հիմնականում ցանկանում ենք, որպեսզի այն գործընթացները, որոնք կլիմայի վերաբերյալ են, դառնան առավելագույն մասնակցային հենց համայնքների տեսանկյունից»,- ասաց Մկրտիչ Դալլաքյանը:
«Կլիմայի մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Արտակ Բաղդասարյանը, այնուհետև Էկոլուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ Էկոլուրի դիտարկումներն ու առաջարկությունները։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց ԱՍԳ-ի վերաբերյալ Էկոլուրի դիտարկումները և եզրակացությունները։
«Կլիմայական այլընտրանքային քաղաքականություն» զեկուցմամբ հանդես եկավ Արամ Գաբրիելյանը։
Կլոր սեղանի մասնակիցները հանդես եկան հարցադրումներով և ելույթներով։
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Մանրամասները՝ հաջորդ հրապարակումներում։
Նոյեմբեր 22, 2024 at 17:18