Հայաստանը 2025թ. պետք է հստակեցնի ջերմոցային գազերի կրճատման ու կլիմայական ռիսկերին հարմարվելու քայլերը

Հայաստանը 2025թ. պետք է հստակեցնի ջերմոցային գազերի կրճատման ու կլիմայական ռիսկերին հարմարվելու քայլերը

Հայաստանը 2025թ. կլիմայական օրակարգով ստանձնած հանձնարարականներում պետք է հստակեցնի ջերմոցային գազերի նվազեցման ու կլիմայական ռիսկերի հարմարվողականությանն ուղղված գործողությունները: Այս մասին 2024թ. սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ նշել է ՄԱԶԾ կլիմայի փսփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը:

«Այսօր Հայաստանն ունի պարտավորություններ ինչպես CEPA-ի, այնպես էլ՝ Փարիզի համաձայնագրի ներքո։ Մի շատ կարևոր հոդված կա Փարիզի համաձայնագրում՝ ոչ պետական մարմինների ներգրավումը Փարիզի համաձայնագրի իրականացման մեջ։ Դրա մեջ նախատեսվում է համայնքների ներկայացում և ներգրավվածություն այդ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում։ Հայաստանն ունի կլիմայական օրակարգ, և վերցված հանձնարարականներ մինչև 2030 թվականը։ Մինչև հաջորդ տարվա կեսը պետք է մշակվի նոր հանձնարարական, որն ավելի կոնկրետ գործողություններ պետք է նախատեսի ինչպե՛ս ջերմոցային գազերի նվազեցման կամ սահմանափակման, այնպես էլ՝ կլիմայական ռիսկերի հարմարվողականության համար, որոնք ավելի էական ու ցավոտ խնդիրներ են ստեղծում անմիջապես համայնքներում»,- նշեց Դիանա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ միջազգային համայնքի կողմից կարևորվում է համայնքների ներգրավվածության հարցը որպես հիմնական շահառուներ, որոնց կյանքի պայմանները կախված են բնական ռեսուրսների կայուն օգտագործումից։ «ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը և բազմաթիվ այլ դոնոր կազմակերպություններ կարևորում են համայնքների ակտիվ ներգրավումն այդ աշխատանքում։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունն ընդունվում է նախարարություններում, իսկ իրականացվում՝ համայնքներում»,- ընդգծեց Դիանա Հարությունյանը:

Ըստ նրա՝ այսօր համայնքներում կլիմայական ռիսկերի ներգրավման ու կլիմայական քաղաքականության ներառման վերաբերյալ ուղեցույցներ կան։ «Ունենք նաև իրականացված աջակցություն մոտ 5 համայնքներում՝ մշակելու կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականություն: Դա Եվրամիության Քաղաքապետերի դաշնագրին միացած համայնքների համար է:  Հայաստանում 18 միացած համայնք կա, որոնցից 2-ն են թարմացրել իրենց պարտավորությունները։ Բայց այդ պարտավորությունների շրջանակում վերցված գործողությունների ծրագիրը նույնպես ցույց է տալիս, թե ինչն է կարևորում համայնքը, և որտեղ կա կարիք ինչպես պետական, այնպես էլ՝ միջազգային աջակցության տեսանկյունից»,- նշեց բանախոսը։

Դիանա Հարությունյանն իր ելույթում կարևորեց համայնքներում կլիմայական ռիսկերի կառավարման համար գործողությունների ծրագիր ունենալն ու այլ քաղաքականություններից օգտվելը: «Քաղաքականություններ կան վերականգնվող էներգիայի զարգացման, էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման, այդ թվում՝ սուբվենցիոն պետական աջակցության շրջանակում: Խոշորացված համայնքներում ակտուալ է գիտելիքը կենտրոնից մինչև փոքր համայնքներ տարածելը: Անհրաժեշտ է ավագանու անդամների ինստիտուտն իրապես օգտագործել, որպեսզի խոշորացված համայնքներում ներգրավված փոքր բնակավայրերը չտուժեն իրենց շահերի պաշտպանության գործում»,- ասաց նա:

Ըստ Դիանա Հարությունյանի՝ կլիմայական քաղաքականությունը ցուցիչ է, թե որքանով են համայնքները կարողանում իրենց կարիքները ճիշտ հասկանալ։ Այդ համատեքստում նա ընդգծեց Հայաստանում Օրհուս կենտրոնների վերականգնման անհրաժեշտությունը: «Պաշտոնական հանդիպումների ժամանակ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ պետք է վերականգնել Օրհուսի կենտրոնները։ Դրանք կարևոր թափանցիկ, գիտելիքահեն հարթակներ էին»,- նշեց նա։

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում:

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Հոկտեմբեր 16, 2024 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր