ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանները՝ էներգետիկայի և կլիմայական քաղաքականություններում Էկոլուրի առաջարկությունների վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանները՝ էներգետիկայի և կլիմայական քաղաքականություններում Էկոլուրի առաջարկությունների վերաբերյալ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել է օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ։

Փաստաթուղթը մշակվել է «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։

Էկոլուրի կողմից 2023-2024թթ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտների քաղաքականությունները բավարար չեն տեղայնացված համայնքներում, որոնք այդ քաղաքականությունների անմիջական կրողն են։

Խնդիրների կարգավորման համար մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների 15 առաջարկ, որոնք ուղարկվել են ՀՀ կառավարություն, համապատասխան գերատեսչություններ։

ՀՀ ֆինանսների նախարարությունն ի պատասխան հայտնել է

«1. ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների և փոփոխությունների մասով՝

ա) Համայնքների ավագանիների կողմից համայնքների տարածքում գործող բիզնեսների համար տեղական հարկեր սահմանելու հնարավորություն նախատեսելու առաջարկության վերաբերյալ

Առաջարկությունը հիմնավորվում է, մասնավորապես, այն հանգամանքով, որ 2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանափակվել են տեղական հարկերի տեսակները, և համայնքի կայուն զարգացման նպատակով անհրաժեշտ է ֆինանսական միջոցների ներգրավման նոր հնարավորություններ ստեղծել։ Օրինակ՝ բիզնեսի համար տեղական հարկի դրույքաչափերի բազային ցուցանիշ կարելի է սահմանել շահութահարկի կամ շրջանառության հարկի որոշակի տոկոսը։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ պարզ չէ, թե 2018 թվականից հետո տեղական հարկերի ինչ տեսակներ են սահմանափակվել, քանի որ հարկային օրենսդրությամբ հարկատեսակներ չեն կրճատվել, այլ օրինակ՝ միավորվել են։ Մասնավորապես, 2021 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքները, և գույքահարկի ու հողի հարկի փոխարեն ՀՀ հարկային օրենսգրքով ներդրվել է մեկ միասնական անշարժ գույքի հարկ՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների համար։

Բացի այդ, Օրենսգրքով սահմանված են ինչպես տեղական հարկեր, այնպես էլ տեղական վճարներ։ Մասնավորապես, Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական հարկեր են հանդիսանում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը, իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական վճարներ են հանդիսանում տեղական տուրքը և տեղական վճարը:

Ընդ որում` «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի համաձայն՝ տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենքով,

2) 2-րդ մասի համաձայն՝ տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենքով, ինչպես նաև համայնքի ավագանու որոշմամբ՝ սահմանելով նույն օրենքի տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների նոր տեսակներ և դրանց դրույքաչափերը,

3) 3-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին նույն օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը։

Այսինքն` գործող օրենսդրությամբ հնարավորություններ են ստեղծված` համայնքների կողմից իրենց եկամուտների ավելացման նպատակով կայացնելու համապատասխան որոշումներ։

Միևնույն ժամանակ, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով` համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ` ֆինանսական համահարթեցման դոտացիաներ:

Նշենք նաև, որ վերջին շրջանում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են համայնքների եկամուտների ավելացմանը։ Մասնավորապես.

1) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից) ամբողջությամբ վերանայվել է անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը, և անշարժ գույքի հարկման բազայի հիմքում դրվել է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ ի տարբերություն նախկինում գործող՝ շինությունների և հողամասի շուկայական արժեքներից խիստ տարբերվող կադաստրային արժեքների, սահմանվել են անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, ինչպես նաև վերացվել են բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ,

2) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-567-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից) ընդլայնվել է անշարժ գույքի հարկ վճարողների և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտների շրջանակը: Մասնավորապես, սահմանվել է, որ անշարժ գույքի հարկ վճարում են նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները, անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները և այլն,

3) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-568-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի      1-ից) ընդգծված բարձր դրույքաչափերով տեղական տուրք է սահմանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաև Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար,

4) համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի մարտի 4-ին ընդունվել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-52-Ն օրենքը, որով սահմանվել է, որ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվելու է հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի երկու տոկոսի չափով մասհանումներ:

Արդուհանդերձ, չնայած այն հանգամանքին, որ գործող օրենսդրությամբ սահմանված են համայնքների եկամուտների ձևավորման բազմաթիվ աղբյուրներ, ներկա փուլում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից քննարկվում են Հայաստանի Հանրապետությունում հարկաբյուջետային ապակենտրոնացման հնարավորությունները, որոնց շրջանակում դիտարկվում են նաև համայնքների եկամուտների գոյացման նոր աղբյուրներ սահմանելու հնարավորությունները։

բ) Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ արտանետումների համար ածխածնի հարկ սահմանելու առաջարկության վերաբերյալ.

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ածխածնի հարկ ներդնելու առաջարկությամբ հանդես են գալիս ինչպես հասարակական կազմակերպությունները, այնպես էլ միջազգային կառույցները:

Այս առումով հայտնում ենք, որ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն կունենա առաջարկվող հարկատեսակը տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների վրա, որից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել նման հարկ սահմանելու նպատակահարմարության վերաբերյալ: Այդ իմաստով հայտնում  ենք, որ ածխածնի հարկ ներդնելու նպատակահարմարության հարցը գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:

գ) Շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկը ոչ միայն ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից այլ նաև տեղադրման տարածքի կադաստրային արժեքից սահմանելու առաջարկության վերաբերյալ.

Հայտնում ենք, որ առաջարկությունը լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման կարիք ունի։ Միաժամանակ, առաջարկությունն ընդունելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու համար կարևորում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դիրքորոշումները:

  1. ՀՀ կառավարության 16.11.2006թ. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 1708-Ն (այսուհետ՝ Որոշում) որոշմամբ հաստատված կարգում լրացումներ կատարելու մասով.
  2. Որոշմամբ հաստատված կարգում առաջարկվում է կատարել լրացում՝ սահմանելով կլիմայի փոփոխության հարմարվողականության և ﬔղմման, էներգախնայողության և էներգաարդյունավետության պետական քաղաքականություններին նպատակաուղղված ծրագրերի համայնքային համաֆինանսավորման չափորոշիչ:

Այս կապակցությամբ նշենք, որ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվել է Որոշմամբ սահմանված համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ոլորտների մեջ կատարել փոփոխություններ՝ ավելացնելով բնապահպանական բնույթի հետևյալ ուղղությունները. 

- կենսավառելիքի (բրիկետ, պելլետ, կենսամեթան) սպառման էներգաարդյունավետ սարքավորումների կիրառում,

- էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների ձեռքբերում և էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների) ձեռքբերում, կառուցում,

- կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծում,

- «Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում» ոլորտի փոխարեն «Համայնքային անտառների հիմնում (անտառապատում)» ոլորտ,

- բնակավայրերի կանաչ գոտիների կառուցում/բարեկարգում։

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվել էր վերոնշյալ նախագծով նոր բնապահպանական ուղղություններով սուբվենցիոն ծրագրերի իրականացման հնարավորությունը դիտարկել համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների աճի շրջանակներում  (ՀՀ 2025թ. պետական բյուջեի նախագծով դոտացիաների մասով նախատեսված է շուրջ 98.2 մլրդ ՀՀ դրամ (2024թ. համեմատ 12.9 մլրդ ՀՀ դրամով ավել), իսկ 2026թ.՝ 110.1 մլրդ ՀՀ դրամ, Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումները նախատեսված են 1.6 մլրդ ՀՀ դրամ (2024թ. համեմատ 0.6 մլրդ ՀՀ դրամով ավել), համայնքներին բնապահպանական սուբվենցիաների համար նախատեսված է 1.05 մլրդ ՀՀ դրամ (2024թ. համեմատ 0.72 մլրդ ՀՀ դրամով ավել)):

Բացի այդ, նախագիծը քննարկվել է նաև 24.09.2024թ. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում, և առաջարկվել է շարունակել քննարկումները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ներկայացնելով հստակ և Որոշմամբ նախատեսված սուբվենցիոն ծրագրերը չկրկնող ծրագրեր:

  1. Առանձին ուղղություններով խրախուսման մեխանիզմների մասով.

Ներկայացված առաջարկությունների 2-րդ և 10-րդ կետերով առաջարկվում է նախատեսել պետական խրախուսման ﬔխանիզﬓեր, համապատասխանաբար, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ համայնքային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար, և համայնքների բնակելի ֆոնդի ջերմաﬔկուսացման ﬕջոցառուﬓերի ներդրման համար:

Նշենք, որ նման մեխանիզմների ներդրումը կարող է հանգեցնել պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որոնց չափը գնահատված չէ»:

Հունվար 22, 2025 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր