

ԷկոԼուր
Վերջին 3 օրերի ընթացքում «ԷկոԼուր»-ը մի քանի հաղորդագրություններ ստացավ Երեւանի կանաչ գոտիների հատումների մասին եւ մեկ հաղորդագրություն ծառատունկի մասին: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մի շինություն են կառուցում «Կանաչ օղակում»` Նալբանդյանի արձանիճիշտ դիմաց: Թե ինչ են կառուցում, չգիտեմ: Հրանտ»:
Եւս մեկ հաղորդագրություն Մարիամ Սուխուդյանից: «Ուզում են կտրել ավելի քան 200 ծառ: Հօդս է ցնդելու թթվածնաշատ ևս մի այգի... Վիշապների պուրակում, որ գտնվում է Նոր Նորք թաղամասում` Գայի փողոցի 31 շենքի հարևանությամբ: Նայեք տեսանյութերը եւ այդ մասին տեղեկատվությունը: (Մարիամի նամակում ինտերնետային հասցեներ են` http://www.youtube.com/watch?v=BG2xT27xAGo, http://asekose.com/?p=9845, http://www.facebook.com/permalink.php?story_fbid=163241523714367&id=751219827&ref=notif¬if_t=share_comment#!/photo.php?pid=378573&o=all&op=1&view=all&subj=119537174725392&id=100000637300410): Մենք պետք է ընդհանուր ուժերով փրկենք այն»: Եւս մեկ հաղորդագրություն հեռախոսով: «Մեզ մոտ` Նալբանդյան փողոցում վերցրել են մանկապարտեզը եւ ուզում են ծառեր կտրել, օգնեք: Մենք մանկապարտեզի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչներն ենք: Զանգահարեցինք Բնապահպանության նախարարություն, բայց ոչ ոք չպատասխանեց: Ի՞նչ անենք, տվեցին մեզ Ձեր հեռախոսահամար, եւ մենք Ձեզ ենք զանգում»: Եւս երկու հեռախոսազանգ լրագրողներից: «Նորքը կտրում են, ո՞վ է կտրողը»:
Երեւանում ծառատունկի մասին զանգեր չեղան: Պարզապես մենք ինտերնետային կայքերից մեկում կարդացինք, որ «Ամերիաբանկը» տնկել է 100 տնկի եւ խոստացել է խնամել դրանք:
Ծառահատումների համար ոչ ոք ոչ մեկի չի հրավիրում եւ խոստովանել էլ չի ցանկանում: Բայց եթե դա այդքան օրինական է եւ ուղղված է մեր մայրաքաղաքի տեսքի լավացմանը, ապա ինչու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում թույլտվությամբ բետոնապատվում է քաղաքը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով պետք է պահպանի կանաչ գոտիները, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ նոր ձեռք բերած կանաչ գոտիների սեփականատերերը չկազմակերպեն կանաչ գոտիների ոչնչացման վերաբերյալ շնորհանդես: Նրանք կարող են ակնհայտ կերպով, սեփական նկարներով պատկերված ցուցապաստառներով հանդես գալ հայտարարություններով, թե ինչպես են նրանք բարելավում Երեւանի տեսքը եւ ինչպես են օրենքի հիման վրա գործում, պահպանում են բարոյական նորմերը, եւ եթե հատում են, ապա միայն մեր` բոլորիս, բարօրության համար:
Կարծում ենք, որ եթե մեր իշխանությունները հետեւեն խորհրդին եւ նման շնորհանդես կազմակերպեն, ապա բազմաթիվ մարդկանց կհավաքեն, որոնց շրջանում, ի դեպ, կարելի է առողջ կենսակերպի քարոզչություն տանել, ինչպես դա եղավ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, երբ Հրազդանի կիրճում վերոնշյալ պետական գործիչները կոչ արեցին պահպանել մեր բնությունը, մեր քաղաքը եւ նույնիսկ հավաքեցին աղբը:
ՏԱՍՆՅԱԿ ԾԱՌԵՐ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
Ա.Հովյան, Հայոց Աշխարհ
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ, Մոլդովական փողոցից ոչ հեռու եթե ոչ 100-ից ավելի, ապա տասնյակ բարձրաբերձ ծառեր, որոնք շուրջ 40 տարեկան են, ոչնչացման միանգամայն իրական սպառնալիքի տակ են։
Դատելով տեղի համապատկերից, այդ ծառերը, «Վիշապի կոթողներ» կոչված (անվանումը մամուլից է մեջբերված), դեռ 70-ական թվականներին հիմնված այգու տարածքում են։ Այնուհանդերձ, ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանից, տվյալ վայրը, եղած փաստաթղթերի համաձայն, այգու տարածքում չէ։
Սակայն դրանից շա՞տ բան է փոխվում։ Եթե խնդիրը էկոլոգիական եւ բնակչության առողջության, իր կանաչ թոքերից մայրաքաղաքի արագորեն զրկվելու ու շնչահեղձ լինելու տեսանկյունից դիտարկենք, ի՞նչ տարբերություն՝ այգու տարածքում գտնվող ծառե՞րն են հատվելու, թե՞ հարակից տարածքում եղածները։
Ծառերը ոչնչացման վտանգի տակ են հայտնվել, քանի որ շուրջ 2000 քմ հողատարածք գնած քաղաքացի Ռուբեն Կարախանյանը մտադիր է այդտեղ բարձրահարկ (նախնական տեղեկություններով՝ 18 հարկանի) բնակելի շենք կառուցել։ Ցանկապատելով շինարարության վայրը, նա օրերս արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները։ Նոյեմբերի 16-ի գիշերը բանվորները հանել են այնտեղ եղած նստարանները, նույնիսկ արդեն ծառեր հատել։
-Այգուն հարակից տարածքներում կան բազմաթիվ հողամասեր, որոնք այսօր բնակելի տներով կառուցապատվում են, հիմա այդ հողամասերից մեկում էլ բազմաբնակարան շենք է նախատեսված կառուցել, որն առհասարակ կապ չունի այգու հետ, գտնվում է այգուց դուրս,- մեզ հետ զրույցում ասաց Հ.Ասատրյանը։
Վարչության պետի հավաստմամբ, տվյալ հողատարածքը սեփական է, իսկ թե ո՞ր թվականից է սեփականաշնորհված, ինքը տեղյակ չէ։
Ի դեպ, ըստ բնակիչների, դեռեւս 2002թ. հողամասի այն ժամանակվա սեփականատերը ցանկացել է այդտեղ ավտոգազալցակայան կառուցել, սակայն բնակիչների բողոքի, ճնշման շնորհիվ այդ մտադրությունը չի իրականացվել, ու ծառերը փրկվել են։
-Հիմա հողամասն ունի սեփականատեր, իր սեփական հողամասում ունի իր սեփական ծառերը, դրանց տնօրինման իրավունքը նաեւ այդ սեփականատիրոջն է պատկանում,- ասաց վարչության պետը։ -Բնականաբար եթե այդ հողամասում կան ծառեր, որոնք կառուցապատման հետեւանքով քննարկման առարկա կարող են դառնալ, ուրեմն այդ սեփականատերն իր իրավունքների եւ Հայաստանի Հանրապետությունում ծառերի հետ առնչվող օրենսդրության շրջանակներում պետք է փորձի դրանց լուծում տալ։
-Մենք այդտեղ ծառահատման որեւէ թույլտվություն չենք տվել, իսկ եթե թույլ չենք տվել, ուրեմն իրավունք էլ չունեն ծառ հատելու,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
Ըստ նրա, մանավանդ եթե խոսքը տասնյակ ծառերի մասին է, ապա դրանք կտրելու համար անպայման պետք է իրենց թույլտվությունը լիներ։ Կարծում ենք, հիշյալ վարչության պետն իրավացի է, քանի որ եվրոպական երկրներում առանց իշխանությունների կամ համապատասխան մարմնի թույլտվության անձն իրավունք չունի ծառեր հատելու նույնիսկ սեփական հողատարածքում։
-Սեփականաշնորհված տարածք է, իր սեփական, գնած տարածքն է, իհարկե, այս բացը կա, բայց նա իրավունք չունի ծառ հատելու՝ մինչեւ մենք թույլտվություն չտանք դրա համար,- ասաց Ա.Մարտիրոսյանը եւ հավաստեց, որ երեկ տեղում լինելով, շինարարությունը դադարեցրել է։
Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո... Քաղաքային իշխանությունը կամք ու վճռականություն կցուցաբերի՞ մայրաքաղաքի համար կարեւոր այդ ծառերը փրկելու համար՝ նաեւ նկատի ունենալով, որ Երեւանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքների մակերեսը մի քանի անգամ պակաս է միջազգային եւ սանիտարական նորմերից։
ՊՈՒՐԱԿԸՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵ՞Լ ԵՆ
Գրիշա Բալասանյան, Հետք
Արդեն մի քանի օր է, ինչ ցանկապատվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Գայի պուրակը, եւ ծառահատումներ են արվում: Անծանոթ մարդիկ բնակիչներին ասել են, թե դա մասնավոր տարածք է եւ իրենց է պատկանում, մինչդեռ օրենքով պուրակի, այգու տարածքի սեփականաշնորհումն արգելվում է:
«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ պուրակի մուտքի մոտ փակցված է գրություն, թե տարածքը պահպանվում է Հանրապետական կուսակցության կողմից:
«Դա՞ է ՀՀԿ-ի քաղաքական կամքը, որ ամեն ինչ քանդվի»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:
«Երեւի Հանրապետականին շատ եք սիրում, ինչի համար շնորհակալ եմ»,- տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւս հաստատեց, որ ապօրինի շինարարության համար տարածքը ցանկապատվել է: Նախարարությունը ահազանգը ստացել է այսօր առավոտյան: Խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ պուրակը ՀՀԿ-ի բալանսում չի գտնվում»,- ավելացրեց նախարարը:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Հետք
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նոր-Նորքի Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարևանությամբ իրականացվող շինարարության հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարի կողմից եղել է հանձնարարական Երևանի տարածքային բաժնին` տեղում ուսումնասիրել և պարզել խնդիրը:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են և պարզել, որ վերը նշված տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանին, ով ունի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվություն, ինչով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենք:
Երևանի տարածքային բաժնի կողմից դադարեցվել են շինարարական աշխատանքները` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 12-րդ հոդվածների պահանջների, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախատեսվում է 1800ք/մ հողածածկույթի վրա կառուցապատել մոտ 70%-ը:
Տարածքը ժամանակավորապես պարսպապատված է, կատարվում է տարածքում գոյություն ունեցող գազատարի մոնտաժման աշխատանքները:
Ծառահատման դեպք չի արձանագրվել և տարածքը պարբերաբար վերահսկվում է Երևանի տարածքային բաժնի կողմից:
Լուսանկարը Գագիկ Շամշյանի
Նոյեմբեր 18, 2010
