Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ

Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ

Կարմեն Ղուկասյան,Կապիտալ

Սկանդինավցիներն առջևում են

Ռուսական Русский репортер ինտերնետային կայքը, շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը հաշվի առնելով, 10-բալանոց սանդղակով կազմել է աշխարհի ամենամաքուր քաղաքների վարկանշային աղյուսակը:

Այն կազմելիս հաշվի են առնել հինգ կարևոր հատկանիշ` կանաչ տարածությունների և վերամշակման ենթակա աղբի առկայությունը, CO2-ի տարեկան արտազատումը, քաղաքների տարեկան բյուջեն, Mercer Human Resource Consulting հեղինակավոր գործակալության կազմած  բնապահպանական վարկանշային աղյուսակում զբաղեցրած դիրքը: Ցուցակում տեղ են գտել առաջին հայացքից իրարից տարբերվող քաղաքներ, որոնց, սակայն, միավորում է մեկ բան` դրանցում ապրող բնակիչները խնամքով պահպանում են բնությունը և օգտվում բարձր տեխնոլոգիաներից, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը: Վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետներն օգտվել են միջազգային մի շարք կազմակերպությունների` Large Cities Climate Leadership Group-ի, Eurostat Climate Initiative-ի, Eco-City Ranking-ի, European Environment Agency-ի, Common Information to European Air-ի, Environment Agency-ի, Green Toronto Government-ի տրամադրած տեղեկատվությունից:

Օդի աղտոտվածությունը, կանաչապատ տարածքների առկայությունը, աղբի վերամշակումը գնահատող բնապահպանական հատուկ ցուցիչները տրոհելով մասերի՝ փորձագետները քաղաքներին շնորհել են  միավորներ: Օրինակ` կանաչապատ ամենամեծ տարածությունը (քաղաքի ընդհանուր մակերեսի 66%-ը) Օսլոյում է, որտեղ բնակչության մեծ մասն օգտվում է հասարակական տրանսպորտից: Մեքենաների կայանատեղիները քաղաքում բավական թանկ հաճույք են, ինչի պատճառով էլ քաղաքացիների մեծ մասը գերադասում է երթևեկել մեթանոլով աշխատող ավտոբուսներով: Էկովառելիքի կիրառումը ծառայություններ մատուցող ընկերությունների համար պարտադիր պայման է, եթե վերջիններս որոշել են ավտոբուսային նոր երթուղիներ ավելացնել:

Քաղաքը մի կողմից եզերված է նախկինում արդյունաբերական, այժմ` զբոսայգիների վերածված շերտով, մյուս կողմից` թավ անտառաշերտով, որտեղ խստիվ արգելված է շինարարությունը: Քաղաքում ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվում առանց քաղաքացիների համաձայնության: Եթե բնակիչներից մեկն արտահայտում է իր դժգոհությունը այս կամ այն նորակառույցի նկատմամբ, ապա դրա շինարարությունը դադարեցվում է անմիջապես: Քաղաքին շնորհվել է 10 բալ (1 բալը` 6,6%): Այդ տրամաբանությամբ շարժվելով` Նյու Յորքն իր 18% կանաչ տարածքներով ստացել է 3 բալ: Օսլոյին 1 բալի տարբերությամբ հաջորդում է Բրյուսելը: Քաղաքացիների բնապահպանական բարձր կուլտուրայի մասին է վկայում հանգամանքը, որ քաղաքում արգելված չէ ձկան որսը: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ ելնելով «բնապահպանական նկատառումներից»` ձուկը որսալուց հետո ձկնորսներն անմիջապես ջուրն  են գցում ձկները: 6,8 բալով երրորդ հորիզոնականում է հայտնվել Հելսինկին, որը թեև արդյունաբերական քաղաք է համարվում, սակայն քաղաքում զարմանալիորեն քիչ են ավտոմեքենաները:

Վիճակագրական տվյալների համաձայն` յուրաքանչյուր հազար բնակչին բաժին է ընկնում 390 ավտոմեքենա, ինչն ամենացածր ցուցանիշն է Եվրոպայում: Մարդկանց մեծ մասը նախընտրում է շրջել հեծանիվներով, թեև ձմռանը մարդիկ հրաժարվում են դրանց կիրառումից` նախընտրելով օգտվել տրամվայից: Ավտոկանգառները քաղաքում բավական թանկ են հարկվում: Հատկանշական է, որ պիկ ժամերին մարդկանց 80 տոկոսը գերադասում է շրջել հասարակական տրանսպորտով: Ստոկհոլմցիները, օրինակ, գրեթե երբեք չեն հայտնվում ճանապարհային խցանումների մեջ: Ամռանը գերադասում են քայլել ոտքով կամ հեծանիվ վարել, իսկ հասարակական տրանսպորտն աշխատում է հիմնականում բիոգազով ու մեթանոլով:

Աշխարհի ամենամաքուր քաղաքների թվին են դասվում նաև Կոպենհագենը, Ցյուրիխը: Ցուցակը եզրափակում են Ամստերդամն ու Տորոնտոն: 3-4 բալ են ստացել Նյու Յորքը, Ռիո դե Ժանեյրոն, Տոկիոն, Բեռլինը: Ի դեպ, Մոսկվան հավաքել է ընդամենը 2,4 բալ:
 
Աշխարհի ամենամաքուր քաղաքների թոփ 8-յակը` ըստ 10-բալանոց սանդղակի.
Օսլո` 8 
Բրյուսել` 7 
Հելսինկի` 6,8 
Ստոկհոլմ` 6,8  
Կոպենհագեն` 6,2 
Ցյուրիխ` 6 
Ամստերդամ` 5,7 
Տորոնտո` 5,4

Նոյեմբեր 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր