

ԷկոԼուր
«Նորից տրակտոր է մտել «Վիշապների այգի»: Զանգենք բոլորին!!»: Facebook սոցիալական ցանցով ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Հիշեցնենք, որ Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ ծառապատ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է բազմահարկ շենք կառուցել, ինչին դեմ է հասարակությունը:
Նոյեմբերի 24-ին այգի այցելեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ արգելեց շինարարությունն իրականացնել, մինչեւ հասարակական լսումներ չանցկացվեն եւ բնապահպանական պետական փորձաքննությունն այդ նախագծին դրական փորձաքննություն չտա: Այգում տրակտորը հայտնվել է այն բանից հետո, երբ «Վիշապների պուրակ» է այցելել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այս կապակցությամբ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 29-ին «Վիշապների պուրակ» են այցելել Երևանի քաղաքապետը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են. «Շենքը միևնույն է պետք է կառուցվի` երևի մոտ 80 մետր այն կողմ, և ծառերը տեղափոխվելու են»: Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան` քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանության նախարարը շուտով կստորագրի թույլտվությունը (խոսքը բնապահպանական փորձաքննության մասին է): Պարոն Գասպարյանն էլ բողոքող բնակիչներին ասել է. «Ուզում եք ժամերով կանգնեք, միևնույնն է` կառուցվելու է»:
Նշենք, սակայն, որ օրեր առաջ այգի էր այցելել բնապահպանության նախարարը, ով հավաստիացրեց, որ շինարարությունը չի շարունակվի մինչև հանրային լսումների անցկացումը, ինչը պահանջում է օրենքը: Մենք վստահ ենք, որ պարոն Հարությունյանը չի դրժի իր խոսքը և չի խախտի ՀՀ օրենսդրությունը՝ առանց հանրային լսումների ստորագրելով որևէ թույլտվություն:
Ցանկանում ենք պատկան մարմիններին հիշեցնել, որ «Վիշապների պուրակը» հանրային այգի է: Խնդիրը ոչ թե շենքը այգու մեկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապես հանրային այգու և քաղաքացիների հանգստի գոտու ամբողջականության պահպանումը: Դրանում որևէ տարածքի կառուցապատումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե այդ տարածքում քանի ծառ կա:
Կից շենքերի բնակչության համոզելու և անելանելիության մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդյուն և քաջալերում նրանց շարունակել դատական և դատախազական ճանապարհով սեփական իրավունքները վերահաստատելու քայլերը:
Մեր ձեռք բերած տվյալները վկայում են, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրվել են ապօրինաբար, ինչի պատասխանատվությունն ընկնում է համապատասխան պաշտոնյաների վրա: Քանի որ տվյալ դեպքում խախտվել է պետության իրավունքը և հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազությանը` քրեական գործ հարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մասին արված հայտարարություն»:
Նոյեմբեր 30, 2010
