ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ՞ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ՞ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ

Անահիտ Եսայան, Հայոց Աշխարհ

Հարցազրույց ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
  
-Պարոն Մինասյան, որպես ճարտարապետների միության նախագահ, որպես Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամ, ինչպե՞ս եք գնահատում 2010-ին քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքը: Ի՞նչն էր գնահատելի, ի՞նչը` քննադատության ենթակա:
  
-Լավ, դրական միտումներ կան որոշակի ասպարեզներում: Հենց թեկուզ կարելի է առանձնացնել մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետական առումուվ հետաքրքիր, Երեւանի հիմնական ֆոնդը հանդիսացող շենքերի մաքրման, նախնական տեսքի բերելու աշխատանքները: Այս տարի 40 շենք մաքրվեց, եթե եկող տարի էլ, ինչպես ծրագրված է, եւս 60-ը բարեկարգեն, հրաշալի կլինի:
  
Ինչ վերաբերում է ձեղնահարկերին, որոնք քաղաքի կենտրոնում շատացել են, բնականաբար գործ ունենք ավելի լուրջ խնդրի հետ: Հույս կա, որ քաղաքապետարանը այս հարցին էլ կանդրադառնա, որովհետեւ քաղաքը շատ դեպքերում իր դեմքը կորցնում է նաեւ դրանց թափթփված վիճակից, ձեղնահարկերի ոչ ճիշտ, աններդաշնակ կերպից: Ամեն դեպքում ստրատեգիական առումով սա կարեւոր եւ լուծում պահանջող հիմնահարց է:
  
Ասեմ, որ քաղաքաշինական խորհուրդը արդեն գործում է. ճիշտ է, նիստերը հաճախ չեն լինում, բայց, կարծում եմ, կամաց-կամաց հունի մեջ կընկնի: Ի դեպ, օրերս էլ տեղի ունեցավ քաղաքապետին կից գեղարվեստական խորհրդի առաջին նիստը, որը կանոնակարգելու է քաղաքում տեղադրվող հուշարձանների հարցը:
  
Այսինքն՝ հետայսու Երեւանում որեւէ մեկը ինքնագլուխ, կամայական, որտեղ ցանկանա` հուշարձան տեղադրելու իրավունք չի ունենա: Դրանք կլինեն մրցութային կարգով, նախապես գեղխորհուրդը կքննարկի, եւ հավանության դեպքում միայն տեղադրման թույլտվություն կտրվի: Թե չէ երբեմն այնպիսի բաներ են տեղադրվում քաղաքում, ընդ որում՝ կենտրոնական հատվածներում, որ ուղղակի անհարիր է:
  
-Արդեն իսկ Երեւանում կան արձաններ եւ արձանախմբեր, որոնցից օր առաջ եթե կարողանանք ազատել կենտրոնը, քաղաքի կարեւոր վարչական շենքերի հարակից տարածքները, իսկապես լուրջ, բովանդակային, գեղագիտական խնդիր կլուծենք: Կանդրադառնա՞ գեղխորհուրդը արդեն իսկ քաղաքում տարերայնորեն տեղադրված արձաններին:
  
-Կարծում եմ, փուլ առ փուլ կանդրադառնա: Ընդհանրապես այս խորհրդի ստեղծումը (ուր ընդգրկված են ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ, ավագանու ներկայացուցիչներ) մեծապես կնպաստի, որ մայրաքաղաքում անճաշակ, ոչ գեղարվեստական հուշարձաններ չտեղադրվեն:
 
- Պարոն Մինասյան, քաղաքաշինական գլոբալ ծրագրերի վերաբերյալ կարծես թե դեռեւս ասելիք չկա:
  
-Գլխավոր հատակագծի համաձայն, քաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագիրը ենթադրում է նոր կենտրոններ ստեղծել (ըստ այդմ, նախատեսվում էր Տիգրան Մեծ եւ Արշակունյաց փողոցների միջեւ ընկած հատվածը բիզնես կենտրոն դարձնել, նաեւ` Նորագյուղ թաղամասում է նախատեսվում նոր վարչական կենտրոն ձեւավորել), ինչը թերեւս մեծ ներդրումների հետ կապված լինելով` տնտեսական ճգնաժամի պայմաններում դժվարանում է: Կարծում եմ, այս ընթացքը օգտագործելով՝ պիտի նախապատրաստվենք ներդրումային առումով առավել լավ ժամանակների, որ այս անգամ խուսափենք հախուռն շինարարությունից:
 
Իմ խորին համոզմամբ քաղաքապետը ցանկություն ունի այդ մեծ խնդիրները լուծելու: Ի դեպ, կանաչ տարածքների վերականգնման առումով էլ աշխատանք տարվում է: Համենայն դեպս, գիտեմ, որ նոր պայմանագրեր չեն կնքվում այն տնտեսավարողների հետ, որոնք ժամանակին Օղակաձեւ զբոսայգու այս կամ այն հատվածում տարածքը կանաչապատելու եւ բարեկարգելու առումով իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարել:
  
Կարծում եմ, այս համատեքստում հնարավոր է նաեւ Օղակաձեւ զբոսայգու որոշ գերբեռնված հատվածներ բեռնաթափվեն սրճարաններից։ Բնականաբար` քար ու բետոնից: Հավելեմ, որ ժամանակին Օղակաձեւ զբոսայգում նախատեսվում էր տեղադրել մեր մեծերի արձանները. մասնավորապես, շուրջ 20 տարի է, որ Դերենիկ Դեմիրճյանի արձանը պիտի տեղադրվի, բայց ինչ-ինչ պաստճռներով չի դրվում:
   Այս առումով էլ, թերեւս, իր որոշակի դրական դերը կունենա մշակույթի նախարարի եւ քաղաքապետի համատեղ երեւանյան շրջայցը, որը նպատակ ուներ արձանագրել մայրաքաղաքի հուշարձանների վիճակը: Նկատեմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է Սասունցի Դավթի հուշարձանով զբաղվել, որը թարմացման, մեծ միջամտության կարիք ունի: Ի վերջո, քաղաքապետարանը լրջորեն մտահոգված է եւ լուրջ քայլեր է կատարում Պանթեոնի ողջ տարածքի հիմնավոր բարեկարգման ուղղությամբ:
 
-Անշուշտ բոլոր երեւանցիները կպաշտպանեն քաղաքապետի այդօրինակ նախաձեռնությունները, բայց միաժամանակ, հենց այս օրերին բնապահպանները եւ լրատվամիջոցները ահազանգում են Նոր Նորքի Վիշապների պուրակում կատարվող կառուցապատման մասին, մինչդեռ այդ տարածքը կանաչապատ ու ծառաշատ լինելուց զատ` նաեւ պատմական հնավայր է: Այս առումով ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
  
- Ծանոթ եմ մամուլի հրապարակումներին։ Այդ թեմայով զրուցել եմ Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ: Նրա ներկայացմամբ, կառուցապատումը բոլորովին ուրիշ հատվածում է, ծառահատումներ չի ենթադրում: Ամեն դեպքում, այս անգամ էլ հանրային իրազեկման խնդրում թերացել են, հասարակությունը չգիտի` որտեղ ինչ է կառուցվում:

Դեկտեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր