ԿԿԱՌՈՒՑՎԻ՞ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԸ, ԹԵ` ՈՉ

ԿԿԱՌՈՒՑՎԻ՞ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԸ, ԹԵ` ՈՉ

Արմինֆո

Ուրեմն կկառուցվի՞ դելֆինարիումը, թե` ոչ: Էկոլոգներն անհամբեր սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած նամակի պատասխանին:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, Երևանում դելֆինարիումի կառուցման դեմ նամակի տակ ստորագրել են 50 կազմակերպություններ, այդ թվում` մարզային Օրհուս-կենտրոնները, էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև դելֆինների պաշտպանության օգտին հանդես եկող միջազգային կազմակերպություններ:«Մեզ հաղորդել են, որ նամակի պատասխանը կստացվի 15 օր հետո», - ասել է նա:

Դելֆինարիումը կգտնվի Կոմիտասի անվան զբոսայգում, ուղիղ Պանթեոնի դիմաց, ինչն ինքնին վրդովմունքի ալիք է հարուցել մտավորականության շրջանում: Իսկ էկոլոգներին մտահոգում է, առաջին հերթին, պայմանները, որոնցում կպահվեն դելֆինները: Մասնագետներն արդեն բազմիցս կարծիք են հայտնել, որ դելֆինարիումն, ամենայն հավանականությամբ, կաշխատի երևանցիների խմելու ջրի հաշվին: Ուշագրավ է, որ դելֆինարիումի շինարարության նախագիծը չի ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության թույլտվությունը:

Մինչդեռ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը բացասական գնահատական է տալիս դելֆինարիումի շուրջ բարձրացված աղմուկին: «Հանդես գալով այդ նախագծի դեմ` էկոլոգներն իրենք իրենց արժեզրկում են: Բոլորը խոսում են այն մասին, որ դելֆինները դելֆինարիումի պայմաններում չեն ապրի: Բայց ես դրան համաձայն չեմ, քանի որ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընկերության կողմից միլիոնների ներդրումն այդ նախագծում: Նաև նշում են, որ դելֆինները բարձր ինտելեկտ ունեն: Կապիկների ինտելեկտն ավելի բարձր է: Ուրեմն ի՞նչ: Արգելե՞նք նրանց ելույթները կրկեսում», - ավելի վաղ նշել է նա:

Դեկտեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր