

Արմինֆո
Կետային կառուցապատումը մեգապոլիսի էկոլոգիական խնդիրների պատճառներից մեկն է: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է «Հանուն մարդկության կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում:
«Կետային կառուցապատումը ոչ միայն աղճատել է Երևանը, այլ նաև ոչնչացրել է քաղաքի կանաչ հիմնակմախքը», - նշել է նա: Դանիելյանը հիշեցրել է, որ երբ կենտրոնում սկսվում էր աշխույժ քաղաքաշինություն, առանց որևէ հիմքի հայտարարվեց այն մասին, թե հին գլխավոր հատակագիծը լուրջ վերանայման կարիք ունի: «Սկսվեց կետային կառուցապատում կանաչ տարածքների և բակերի հաշվին, և մենք մտահոգված ենք մշակութային ժառանգության կորստի և քաղաքի կերպարի աղճատման առնչությամբ», - ընդգծել է նա: Նրա ասելով` դրանով իսկ Հայաստանը հաշվի չի առել խոշորագույն մեգապոլիսների սխալները: «Մենք այժմ այն փուլում ենք, երբ հարկավոր է անցնել էկոլոգիական քաղաքաշինության կողմը: Տվյալ խնդրի առնչությամբ իր խոսքն է ասում նաև կլիմայի փոփոխությունը, քանի որ Երևանում ջերմաստիճանի բարձրացումն ընթանում է ավելի ինտենսիվ, քան Հայաստանում` ամբողջությամբ վերցրած», - հաղորդել է Կարինե Դանիելյանը:
Դեկտեմբեր 09, 2010
