427 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ

427 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ջերմուկ քաղաքի կենտրոնական զբոսայգու կանաչապատման, բարեկարգման եւ շին-մոնտաժային վերակառուցման աշխատանքների իրականացման համար` նախահաշվարկային գումարով նախատեսված է մոտ 427 մլն դրամ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, զբոսայգու 12 հա մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանների կառուցում, փոքր շատրվանների տեղադրում, ծառերի ձեւավորում, նոր ծառատեսակների տնկում, ծաղկային տարածքի ստեղծում եւ այլն: «Մենք աշխատում ենք հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի ընդհանուր տեսքի պահպանման եւ վերականգնման աշխատանքները: Վերակառուցվելու եւ թարմացվելու են Ջերմուկի հին շինությունները, հատկապես` ֆասադային հատվածները, բակերն ու համայնքային փողոցները»,- նշեց Վարդան Հովհաննիսյանը:
 
Ըստ քաղաքապետի` ծրագրի մեկնարկը նախատեսված է գարնանը: Այն հնարավոր է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: «Առայժմ աշխատանքներ են տարվում ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ` բանակցություններ ներդրողների, բարերարների եւ գրանտային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ: Ֆինանսավորման մի մասն էլ հատկացվելու է համայնքի բյուջեից»,-ընդգծեց նա:

Վ. Հովհաննիսյանի փոխանցմամբ` վերջին 4 տարիների ընթացքում Ջերմուկ համայնքում շինարարական հսկայական աշխատանք է արվել` լուսավորվել են քաղաքի 3 թաղամասերը` Աջափնյակը հիմնովին, Ձախափնյակը եւ Կեչուտը` մասնակի: Նաեւ լայնածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքի կանաչապատման, ասֆալտապատման եւ ընդհանուր բարեկարգման ուղղություններով:»Հիմնանորոգվել են համայնքային 2 մանկապերտեզները, որոնք գտնվում են Ձախափնյակ եւ Կեչուտ թաղամասերում: Բարեկարգվել են քաղաքային լճակները:

Փոխվել են Աջափնյակի տանիքները: Կառուցվել է ճոպանուղի եւ 2 սահքուղի: Աստիճանաբար վերանորոգվում են հին առողջարանները, կառուցվում են նորերը»,-ասաց քաղաքապետը: Հիշեցնենք, որ 2008 թ-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Ջերմուկը զբոսաշրջության հզոր կենտրոն դարձնելու մասին, իսկ 2009-ին հավանության է արժանացրել քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը:
 
Այս ամենին հաջորդել է շվեյցարական «Tiger Dev Swiss» խորհրդատվական ընկերության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած Ջերմուկի մանրակերտը, ըստ որի` քաղաքում կկառուցվեն զվարճանքի նոր վայրեր, կենտրոններ ու շինություններ, նոր ճոպանուղիներ, օդանավակայան ու ձմեռային քաղաք:

Դեկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր