

Հասմիկ Հարությունյան, Ազգ
Կապանի Շահումյանի հանքավայրի բաց հանքի շահագործման նախագիծը հսկայական աղմուկ է բարձրացրել: Բնապահպաններն ու կապանցիները դժգոհում են, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը ոսկի փնտրելու նպատակով պատրաստվում է հատել 50.000 մրգատու ծառ: Բնապահպանները փաստում են, որ այգու հատումը աղետալի կլինի ոչ միայն Կապանի, այլեւ Զանգեզուրի համար: «Զանգեզուրը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով: Նրանց մեծ մասը գրանցվել են համաշխարհային Կարմիր գրքում: Կան հազվագյուտ միջատներ, որ միայն Հայաստանում են: Այդ հանքերի շահագործումը բառի բուն իմաստով ցեղասպանություն է բնության եւ մարդկության հանդեպ», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպության համակարգող Սիլվա Ադամյանը:
Սակայն բաց հանքի շահագործումը միայն բնապահպանական խնդիրներով չի սահմանափակվում: 2007-ին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ Կապանը էկոլոգիական լրջագույն խնդիրներ ունի:
էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի փոխանցմամբՙ հետազոտության նպատակն էր գնահատել Կապանի էկոլոգիական իրավիճակը, ռիսկային գործոնները բնակչութայն համար: Գնահատել հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
«Հետազոտությամբ պարզվեց, որ հիմնական ռիսկի գործոնը սննդային շղթաներն են: Գյուղմթերքների մեջ թափանցել են ծանր մետաղներ: Հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերն, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի», ասաց Սաղաթելյանը:
Վարունգ, դդում, կաղամբ, պղպեղ, խնձոր, տանձ, լոբի, սմբուկ եւ էլի մի քանի տասնյակ գյուղմթերքներ պարունակում են խիստ տոքսիկ տարրեր` կադմիում, մկնդեղ, սնդիկ: Ծանր մետաղների բացասական ազդեցությունը միանգամից չի նկատվում: Սաղաթելյանը համոզված է, երկու սերունդ հետո Սյունիքում առողջ երեխա չի ծնվի: Սակայն հնարավոր չէ սյունեցուն արգելել բանջարեղեն չվաճառել, կամ չուտել: «Իսկ ինչո՞վ սնվեմ», առաջանում է շատ տրամաբանական հարց, որի պատասխանը կարող է տալ միայն պետությունը, փորձելով նվազեցնել հանքերի շահագործման վնասները:
ԵԱՀԿ ֆինանսավորմամբ իրականացված հետազոտության արդյունքները կենտրոնի տնօրենը տրամադրել է Կապանի քաղաքապետին, սակայն որեւէ փոփոխություն այդպես էլ տեղի չի ունեցել: «Քաղաքապետարանը շահագրգռված չէ, եւ մեկ տարի անց հետազոտությունը կիսատ մնաց», ասաց Սաղաթելյանը:
Անդրադառնալով Կապանի Շահումյանի հանքավայրի բաց շահագործմանը, Սաղաթելյանն ասաց, որ հանքավայրը շատ հարուստ է, պետությունը պետք է օգտագործի բոլոր հանքավայրերը` եկամուտ ստանալու համար:
«Խնդիրն այն է, որ հանքերի շահագործումը խիստ վերահսկողության ներքո կատարվի, որ մինչ օրս չի իրականացվում: Կան խնդիրներ բոլոր հանքալեռնային շրջաններում: Հանքերի շահագործումն անբերրի է դարձրել շրջակա բոլոր գյուղատնտեսական հողերը: Սակայն չպետք է մոռանալ, որ հանքավայրերն ունեն շատ վատ սովորույթ` վաղ թե ուշ սպառվում են: Հանքավայրը չի վերականգնվում: Եթե հանգում ենք եզրակացության, որ ազգային հարստությունը պետք է շահագործենք, ապա պետք է նաեւ ծրագիր մշակել, թե ճի՞շտ է շահագործվում այն, որքանով են վճարվում եկամուտներից հարկերը, ո՞ւր ենք ուղղում ստացված գումարները», ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ Հայաստանն իր ռեսուրսները ճիշտ չի օգտագործում:
Երկրաբանն առաջարկում է եվրոպական պետությունների օրինակով հանքերից ստացված եկամուտը ներդնել այնպիսի արտադրության մեջ, որը չի պահանջում չվերականգնվող ռեսուրսներ:
«Անհրաժեշտ է ստեղծել հզորություններ, որոնք վաղը չեն պահանջի ռեսուրս: Չունենք հանքալեռնային ճիշտ քաղաքականություն: Երկրաբանությունը մեր երկրի հիմնական ուղղություններից է, մինչդեռ անկախության առաջին տարիներին երկրաբանական ինտիտուտը փակեցին», ասաց նա:
Երկրաբանի գնահատմամբ, Հայաստանը հարուստ հանքալեռնային պետություն է: Մենք ունենք աշխարհի մոլիբդենի 6 տոկոսը, մետաղի, երկաթի հանքեր:
«Միայն նավթ չունենք, ինչի կարիքը չունենք: Դրա փոխարեն ունենք քաղցրահամ ջրեր, որոնք, չգիտես ինչու, երկրից դուրս են հոսում: Բնական ռեսուրսների կառավարման համալիր ծրագիր է անհրաժեշտ: Մենք հիմա ուրախանում ենք, որ բանվորները մի քանի հարյուր դոլար աշխատավարձ են ստանում, բայց չենք մտածում, որ մի օր այդ պաշարները կվերջնան: Զգալի մասն արդեն սպառման եզրին է», փաստեց Սաղաթելյանը:
Բարձիթողի վիճակում գնահատելով Կապանի բնապահպանական վիճակըՙ Սաղաթելյանը հավելեց, որ Շահումյանի հանքավայրի բաց շահագործման դեմ սյունեցիների ու բնապահպանների բողոքն արդարացված է
«Նրանք տեղին են բողոքում, որովհետեւ պարզ չէ, թե ինչի համար են շահագործում այդ հանքը, եկամուտներն ինչպես կբաշխվեն: Պարզ չեն նաեւ հեռանկարները, թե Հայաստանը բացի ավերածությունից ինչ կստանա»:
Հունվար 21, 2011
