

www.zhamanak.com
Ամբողջ աշխարհում քաղաքաշինությունն ունի մի տրամաբանություն, որ պետք է ուղղված լինի քաղաքն անընդհատ թարմացնելուն, նորացնելուն, արդիականացնելուն: Այս իմաստով նորմալ են գնահատվում բոլոր այն նորարարությունները¸ որոնք արվում են Երևանում քաղաքի արդիականացման ուղղությամբ, և որոնք պահպանում են քաղաքի դեմքն ու դիմագիծը:
Սակայն քիչ են այսօր Երևանը թարմացնող այն շինությունները¸ որոնք պահպանում են մայրաքաղաքի թամանյանական դիմագիծը: Բայց այստեղ ամենամեծ խնդիրն այն է¸ որ Երևանը ոչ միայն կորցնում է իր ճարտարապետական նկարագիրը, այլև աղետալի վիճակում է հայտնվում թե՛ էկոլոգիական, թե՛ սեյսմիկ ռիսկերի առումով:
«Եթե երկրաշարժերը կանխատեսել հնարավոր չէ, ապա հնարավոր է ձեռնարկել քայլեր, որոնք կնվազեցնեն դրանց հետևանքները` սեյսմիկ շինարարություն, լրացուցիչ ճանապարհներ»,- ասում են ազատ խոսելուց չվախեցող ճարտարապետները և սրան հակառակ ներկայացնում երևանյան սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու փոխարեն դրանք ավելացնող միտումները:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` կենտրոնում առկա ներկա ծանրաբեռնվածությունը կարող է կործանարար լինել Երևանի համար. «Հրազդանի կիրճի հենց ափին հսկայական շենքեր են կառուցում, ու եթե գոնե մի ցնցում լինի, դրանք բոլորը շուռ կգան կիրճը: Ուղղակի ապշելու բան է, միայն փողի մասին է խոսք գնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնապահպանը:
Երևանում մի գլուխ կառուցապատումներ են արվում, ու կարևոր չէ¸ թե ինչի հաշվին, սակայն անմիջապես իրար դեմ-դիմաց կառուցվող շենքերը, որոնց պատուհանների առաջ, քաղաքային տեսարանի փոխարեն, դիմացի շենքի պատն է, դեռ շատ բարդություններ են առաջացնելու մայրաքաղաքի կյանքում: Իսկ ինչ վերաբերում է ներկային` Կարինե Դանիլելյանի համոզմամբ, Երևանի կառուցապատումը չի բավարարում ո՛չ քաղաքաշինական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ էլ սեյսմիկ անվտանգության նորմերն ու պահանջները:
Փետրվար 02, 2011
