

Ա1+
Եվս մեկ կանաչ գոտի կվերածվի առևտրի կենտրոնի: Երևանի քաղաքապետի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա Եզնիկ Կողբացու փողոց-Մեսրոպ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի միջև ընկած հատվածում ներկայումս «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակվում է առևտրահասարակական և հանգստի գոտու համալիրի նախագիծ:
Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ այգու տարածքը պետության կարիքների համար ճանաչվել է որպես գերակա հանրային շահ։ Որպես կառուցապատող հանդես է գալիս մրցույթում հաղթող ճանաչված «Նոր Երևան» ՍՊԸ-ն:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները կարծում են, որ զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը:
Սակայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի տված տեղեկատվությամբ` մշակվող նախագծով պողոտան պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:
«Զբոսապուրակին վերադարձվելու է իր կորցրած իրական դերը՝ առավել ակտիվացնելով հասարակական այցելություններն այս տարածք: Հանգստի գործառույթին կավելանան նաև ստորգետնյա ավտոհանգրվանը, առևտրի, սպասարկումների, ժամանցի և զվարճությունների տարածքները, որոնք նախատեսվում են կառույցի ստորգետնյա հատվածներում»,-տեղեկացրեց գլխավոր ճարտարապետը:
Նա նաև տեղեկացրեց, որ այգու կանաչ գոտու ծառատեսակները ոչ միայն կպահպանվեն, այլև այգին կհամալրվի նոր ծառատեսակներով, բազմագույն ծաղիկներով և դեկորատիվ թփերով:
Այնուամենայնիվ, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները համոզված են, որ ծառահատումներ են լինելու: Նրանց խոսքերով` իրենք պատրաստվում են ակտիվ քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:
Նրանք նաև մի քանի անգամ փորձել են մաքրել այգին, բայց մեկ շաբաթ հետո, նրանց վկայությամբ, այգու տարածքում կրկին նույն աղբն է կուտակվել:
«Պետք է բոլորին տեղեկացնենք այս խնդրի մասին, բնակիչների ու մնացած քաղաքացիների հետ աշխատանք տանենք, քանի որ շատերը չգիտեն այգու անմխիթար վիճակի ու դրա հետագա ճակատագրի մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության ակտիվ անդամ Լուսինե Բեքարյանը:
Խնդրին նոր թափով հասարակական հնչեղություն տալու համար նախաձեռնության անդամները պատրաստվում են խնդիրը քննարկման առարկա դարձնել սոցիալական ցանցերում:
Փետրվար 02, 2011
