ՆԱԼԲԱՆԴՅԱՆ 106/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ. «ԱՎԱԳ ՇԻՆԸ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ 106/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ. «ԱՎԱԳ ՇԻՆԸ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Tert.am

Երևան քաղաքի Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող շինարության դեմ փետրվարի 24-ին անցկացվեց բողոքի ակցիա, որը կազմակերպել էին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը և տարածքի հարևան շենքերի բնակիչները։

Ակցիայի ընթացքում շինհրապարակում էին գտնվում որոշ պաշտոնյաներ, որոնք չցանկացան ներկայանալ, միայն նշեցին, որ տարածքը փակվում է, և ցանկացած աշխատանք ժամանակավորապես դադարեցվում է, քանի որ շինարարություն իրականացնող «Ավագ շին» ՍՊԸ–ն չունի շինարարություն իրականացնելու թույլտվություն։
Պաշտոնյաներից մեկն ասաց, որ նշված ՍՊԸ–ն ուներ միայն քանդելու իրավունք, և քանի դեռ չստանա կառուցելու իրավունք, շինարարությունը չի վերսկսվելու։ Լրագրողները պարզեցին, որ այսօր հիշյալ տարածք է այցելել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը, որը, սակայն, հեռացել է մինչև ակցիայի սկսվելը։

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանն ասաց, որ ծառերի պաշտպանության համար ինքը պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի։

«Ծառերը բարբարոսաբար կտրվում են, ջարդվում են։ Պետք է բնակիչների հետ կազմակերպենք անհնազանդության ակցիաներ, ֆիզիկական մարմնով գանք, փակենք, չթողնենք... Ծանր տեխնիկան մեր վրայո՞վ ա մտնելու էս տարածք»,– ասաց Մարիամը։
Կանաչ տարածքների պահպանությամբ զբաղվող մեկ այլ ակտիվիստ՝ Հրայրը, նշեց. «Թերթերում էլ լուրեր կան, թե ԱԺ նախագահինն է, նա է շահագրգռված։ Չգիտեմ՝ ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Նոր քաղաքապետը անունը դրել է «բարեկարգում», ու տեսնում ենք, թե ոնց է բակերը բարեկարգում»,– ասաց Հրայրը։

Ակցիայի մասնակիցները սպիտակ կտորներ, կամ, ինչպես նշեց մասնակից Գրիգորը, «պատանքներ» կապեցին ծառերին՝ ի նշան ծառերի մոտալուտ «մահվան»։

Շրջակա շենքերից հավաքված բնակիչներին, սակայն, հետաքրքրում էր ոչ այդքան ծառերի ճակատագիրը, որքան իրենց բնակարաններ ներթափանցող արևի լույսը։ Նրանք նշում էին, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ այդ տարածքում կառուցելու են երկու 16-հարկանի բարձրահարկ շենքեր, որոնք ամբողջովին կստվերեն հարակից շինությունները։

«Հայաստանում ամեն ինչ սեփականաշնորհել են, հիմա էլ հերթը արևինն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանն առանց արևի։ Այս շենքերը կառուցում են, որ մեր արևը փակեն»,– իր վրդովմունքը հայտնեց նրանցից մեկը, սակայն չցանկացավ ներկայանալ՝ ասելով, որ «դեռ այդ տարածքում ապրել է ուզում»։

Ակցիային ներկա էր նաև մի կին, ով կողմնակից էր շենքի կառուցմանը. «Էս միահարկ տան մեջ եմ ապրում քանի տարի ա։ Ի՞նչ են ընկել ծառերի հետևից։ Թող շենքը սարքեն, ինձ էլ տուն տան։ Սրանք ինչի՞ պետք ա շենքում ապրեն, ես՝ չէ»։

Շինհրապարակում ոչ մի ցուցանակ չկա, որի վրա, ըստ օրենքի, պետք է նշված լիներ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության իրավաբանական անունը, ինչպես նաև՝ կառուցվող շինության հատակագիծն ու տվյալները։ Իսկ շինարարական աշխատանքները ղեկավարողը հեռացավ տարածքից և չցանկացավ զրուցել ակտիվիստների կամ լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ բնակիչները ստորագրահավաք էին անցկացրել, դիմումներ էին ուղարկել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչություն, վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։

Նրանք նշեցին, որ չեն հանձնվելու և պայքարելու են մինչև վերջ։

Փետրվար 25, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր