ԱրմԻնֆո
Ամռան նախաշեմին հայ գործարարների ախորժակը բացվել է:
Ապօրինի ծառահատումները և կանաչ տարածքների ոչնչացումը` հանուն հերթական սրճարանի կառուցման, արդեն դարձել են մայրաքաղաքի այցեքարտը: Ավաղ, այդ հարցում հասարակ երևանցիների ձայնը հաշվի չի առնվում: Դրա վառ օրինակն Ուսանողական այգու շուրջ անցած տարի բարձրացված աղմուկն է, որն ավարտվեց էկոլոգիայի հանդեպ բիզնեսի հաղթանակով. անճոռնի սրճարանները կառուցված են, ծառերը` հատված: Գործարարների համար ևս մեկ համեղ պատառ է Դրամատիկական թատրոնին հարող, Իսահակյան-28 հասցեում գտնվող տարածքը: Առաջին տարին չէ, որ այստեղ կանաչ ծառատունկերը ոչնչացնելու փորձեր են ձեռնարկվում, ընդ որում` փոփոխական հաջողությամբ: 3 տարի առաջ սկանդալն ավարտվեց ծառատունկի ակցիայով, ըստ որում` տնկիները տրամադրվել էին Բնապահպանության նախարարության կողմից: Սակայն, բառացիորեն նախօրեին անհայտ անձինք հատել են 16 մատղաշ ծառ` մաքրելով տարածքը հերթական «օբյեկտի» համար: Փաստի մասին ԱրմԻնֆո-ն տեղեկացրել է մայրաքաղաքի քաղաքապետարանին, որն ուղարկել է իր ներկայացուցիչներին և լուսանկարել դեպքի վայրը: Քաղաքապետարանում համաձայնել են, որ տեղի է ունեցել բարբարոսություն, սակայն կհայտնաբերվեն արդյոք ծառահատման նախաձեռնողները, և կարող են արդյոք վերադասները պաշտպանել կառուցապատումից կանաչ տարածությունը, հարցականի տակ է մնում:
«Կանաչ գոտիներ Երևանում, որպես այդպիսիք, արդեն չկան: Կան ցիրուցան ծառախմբեր բակերում, փողոցներում և զբոսայգիներում `հրաշքով փրկված սրճարանների արանքում: Քաղաքային լանդշաֆտների համար ընդունված որևէ չափանիշով դա կանաչ գոտիներ չի կարելի անվանել»,-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով, իրավիճակն այնքան է սրվել, որ այժմ կարելի է խոսել առանձին ծառերի, այլ ոչ թե կանաչ գոտիների համար պայքարի մասին: «Այդ պայքարը տանուլ է տրվում յուրաքանչյուր հատվող ծառով, և արդյունքում ազատվում է փոքրիկ հողակտոր, որը շատ թանկ արժե, և որն իսկույն կառուցապատում են»,- նշել է Զարաֆյանը:
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն իր հերթին հիշեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսքերի մասին: «Կարապետյանը հայտարարել է, որ կանաչ գոտիները բիզնեսին չի տա: Եթե նա կատարի իր խոստումը, նշանակում է` մենք կունենանք հարգանքի արժանի քաղաքապետ»,- ասել է նա:
Մարտ 25, 2011
