

ԷկոԼուր
«Մենք պահանջում ենք, որ նախկինի պես կանաչապատեն մեր բակը: Մենք իրավունք ունենք ապրելու առողջ շրջակա միջավայրում, մենք չենք ուզում փոշի շնչել»,- Երեւանի քաղաքապետարանից պահանջում են Դավթաշենի առաջին թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 51-52 շենքերի բնակիչները: Դեռ 15 տարի առաջ Տիգրան Պետրոսյան փողոցի 51/5 հասցեում տեղի շենքերի բնակիչների ջանքերով պտղատու այգի տնկվեց, որը դարձավ մեծերի ու փոքրերի հանգստի սիրելի վայրը: Սակայն 2010թ. հուլիսին ինչ-որ մարդիկ սկսեցին կտրել այգու ծառերը: «Բնակիչներիս եւ այգին ոչնչացնողների միջեւ կռիվ սկսվեց, ոստիկանություն կանչեցինք: Մեզ խոստացան, որ էլ չեն կտրի, բայց առավոտյան այգին կտրված էր,- «ԷկոԼուր»-ին պատմեց թիվ 52 շենքի բնակչուհի Գայանե Աբասյանը եւ վրվովված ավելացրեց,- ինչո՞ւ մեր այգին կտրեցին, քի՞չ անմշակ հող կա Դավթաշենում, թող այնտեղ կառուցապատեին»: Այժմ այգու փոխարեն բետոնե շինություն է վեր խոյանում: Ըստ բնակիչների` այգու տարածքը սեփականացրել է ոմն Արմեն Հարությունյան, ով այգու տարածքում ատամնաբուժարան է կառուցում: (Տես լուսանկարները)
Բնակիչները 100-ից ավելի ստորագրություն են հավաքել շինարարության դեմ եւ իրենց դիմումի հետ ուղարկել են Երեւանի քաղաքապետարան` պահանջելով այգին վերականգնել: Սակայն քաղաքապետարանից 2011թ. մարտի 26-ին բնակիչներին նամակով տեղեկացրել են, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 51/5 հասցեի սեփականտիրոջ հայտի հիման վրա քաղաքապետարանի կողմից ուսումնասիրվել եւ տրվել են հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման անհրաժեշտ թույլտվությունները` գործող նորմերի սահմաններում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը բնակիչներին նաեւ տեղեկացրել է. «Վարչությունում կքննարկվի տարածքի կանաչապատման եւ ծառապատման ձեր առաջարկությունը»: Հավանաբար, վարչությունում դեռ քննում են այս հարցը, քանի որ այս հասցեում դեռեւս որեւ կանաչապատման աշխատանք չի իրականացվում, չնայած քաղաքապետարանը հայտարարել է ապրիլի 9-ը և 16-ը համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ անցկացնելու մասին:
Սույն խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետին է դիմել նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը 2011թ. հունվարի 31-ի թիվ 01/17-Կ.2503 նամակով պատասխանել է. «2010թ. դեկտեմբերի 30-ին իրականացված տեղազննության ժամանակ կանաչ տնկարկների ոչնչացման հետքեր չեն հայտնաբերվել, քանի որ տվյալ պահին արդեն իսկ ավարտված են եղել հողային աշխատանքները եւ ընթացել են նախատեսվող կառույցի հիմքի շինարարությունը»:
Շինարարության ժամանակ կառուցապատողները վնասել են 52 շենքի անձրեւատարը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ ջուրը կարող լցվել շենքի հիմքի տակ եւ շենքը վթարային վիճակի հասցնել: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետն իր նամակում ասել է. «Միաժամանակ նշում ենք` հ 52 շենքի անձրեւատարը վնասվել է կառուցապատողի կողմից, ինչի արդյունքում մոտ 25 գծմ խողովակ ապամոնտաժվել է: Այդ կապակցությամբ հանձնարարվել է կառուցապատողին` կառուցել շենքը շրջանցող գիծ` միացնելով Տ. Պետրոսյան փողոցով անցնող կենտրոնական անձրեւատարին»:
Ապրիլ 13, 2011
