ՓՐԿՈՒԹՅԿՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍԹՐԵՍ ԾԱՌԻ ՀԱՄԱՐ

ՓՐԿՈՒԹՅԿՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍԹՐԵՍ ԾԱՌԻ ՀԱՄԱՐ

Ա1+

Ապրիլի 20-ին, մայրաքաղաքում կավարտվի ծառերի ձեւավորումն ու էտումը: Երեւանի վարչական տարբեր շրջաններում եւ հատկապես Կենտրոնում ծառերի որոշ մասը ենթարկվել է խոր էտի:Արդյունքում փողոցի մի ամբողջ հատվածի մայթերի երկարությամբ ձգվում են ճղազուրկ, լերկ ծառեր:

«Ա1+»-ի հետ զրույցում Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը վստահեցրեց, որ ծառերն իրենց կենսագործունեության ընթացքում պարբերաբար պետք է ենթարկվեն ինչպես սանիտարական, կանաչ ձեւավորման, այնպես էլ խոր էտման: Դա, նրա ասելով, կպաստի ծառերի աճին, երիտասարդացմանը, սաղարթի մեջ օդաթափանցելիության, ջրամատակարարման ավելացմանը եւ անգամ առաջին տարվա ընթացքում լավանում է ֆոտոսինթեզը եւ ստեղծվում է միկրոկլիմա:

Մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքում ձեւավորվել է 10 500 ծառ, որոնցից ըստ Սուրեն Մաքսապետյանի, միայն 10 տոկոսն է խոր էտվել, որը դեռ քիչ է: Դրանք, նրա ասելով` այն ծառերն են, որոնք վթարային էին, ծերացած կամ երբեք չեն ենթարկվել խոր էտման. «Տարիներ շարունակ Երեւանում ծառերը գերաճ են տվել, մի մասը նույնիսկ վթարային վիճակում են, դրա պատճառով անցած եւ այս տարի վերափոխեցինք Զաքյան, Խորենացի փողոցների ծառերը, որոնք մի քանի անգամ խոր էտեցինք»:

Խոր էտ արվում է 5-6 տարին մեկ անգամ, որը ծառի կենսագործունեությունը 10-15 տարով ավելացնում է: Սուրեն Մաքսապետյանը կոչ է անում բնակչությանը չանհանգստանալ, քանի որ խոր էտը երբեք չի բերի ծառերի չորացման. «Ես դա ձեզ վստահաբար եմ ասում: 2 ամսից կզգաք, թե ինչ սաղարթ է ձեւավորվելու այդ ծառերին»: Ավելին, գլխավոր դենդրոլոգը համոզված է, որ շատ ծառեր ժամանակին ուղղակի չէին տապալվի ու վտանգավոր չէին լինի մեքենաների ու հետիոտների համար, եթե էտեին ու խնամեին դրանք:

Սուրեն Մաքսապետյանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքում պետք է խոր էտվեն բարդիներ, քանի որ դրանց արմատային համակարգը մակերեսային է, դրանք ավելի թուլացած ծառեր են, քան ասենք` սոսին, կաղնին: Մինչ խոր էտման աշխատանքներին անցնելը, գլխավոր դենդրոլոգի վստահեցմամբ` իրենք խորհրդակցել են մասնագետների ու գիտնականների հետ: Եւ միայն, հասարակական որոշ կազմակերպություններ ու բնապահպաններ են դեմ եղել այդ աշխատանքներին:

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի հետ այս հարցում իրենց տարաձայնությունները վաղուց կան, քանի որ իրենք դեմ են խորը էտին: «Ծառը պետք է ինչքան հնարավոր է շատ կենսաբանական զանգված ունենա, տերեւներ են պետք, որ մաքրեն օդը: Մեր բնակալիմայական պայմաններում ծառը պետք է ստվեր տա: Այսպիսով քաղաքը պարբերաբար զրկում ենք կենսազանգվածից, ստվերից»,- ընդգծեց բնապահպանը:

Նրա կարծիքով` խոր էտ պետք է անել շատ խիստ անհրաժեշտության դեպքում եւ ոչ թե ամեն գարուն-աշուն խոր էտում անել: «Երբ անցնում ես ու ծառն այդպես անդամալուծված կանգնած է, մարդ ուղղակի ֆիզիկական ցավ է զգում: Կան դեպքեր, երբ այնքան խոր էտ է արվում, որ ծառն այդ սթրեսից չի կարողանում ուղղակի վերականգնվել: Մենք նման դեպքեր ունեցել ենք: Ու ի դեպ, միշտ չէ, որ 2 ամսից խորը էտված ծառերը լավ սաղարթ են ունենում»:

Ապրիլ 20, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր