Դալմայի այգիներում «շենքատունկ» է

Դալմայի այգիներում «շենքատունկ» է

Թագուհի Ասլանյան, http://sobesednik.am

2004 թ. մարտի 29-ին ՀՀ նախագահը վավերացրեց կառավարության թիվ 1941-Ա չարաբաստիկ որոշումը` «Երևանի Դալմայի այգիների պահպանման և նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին», որով նախատեսվում էր այգու պահպանված 750 հա գոտուց որպես կանաչապատ այգի թողնել ընդամենը 256-ը` այն վերածելով անտառային գոտու: Ընդ որում որոշումն ընդունվեց առանց պետական իրավասու կառույցների (քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և մշակույթի նախարարությունների) համաձայնության, ինչն արդեն օրենքի կոպիտ խախտում էր:

Հետագայում թեթև ձեռքով գրված այդ որոշումն էլ թև տվեց Երևանի քաղաքապետարանին, և նա աճուրդի հանեց այգու առանձին հողամասերը` իր համաձայնությունը տալով ծառերը բետոնով փոխարինելու գործընթացին: Ի դեպ մասնագետների գնահատմամբ ոչնչացվեցին լավագույն բերրի հողերը: Թերևս դա էլ միտումնավոր արվեց` ամենալավ հողակտորը ոչնչացնելով` հետագայում մնացած 256 հա-ը կարելի էր բետոնապատել: Իսկ ոճրագործությունն իրականացնելիս պատկան մարմիններն ավելորդ համարեցին նախապես տեղեկացնել հողօգտագործողներին, որ նրանց ձեռքից խլելու են տարիների քրտնաջան աշխատանքի ու ներդրումների արդյունքում ծաղկած այգիները: Այնինչ իշխանությունները վարձակալների առջև պարտավորություններ էին ստանձնել` օրինական պայմանագրեր կնքել: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի` նույնիսկ գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում վարձակալության պայմանագիրը ենթակա չէ լուծարման կամ փոփոխման, քանի դեռ պայմանագրի ժամկետը չի լրացել կամ վարձակալը պայմանագրային խախտում թույլ չի տվել և կամ` առկա չէ կողմերի համատեղ համաձայնությունը: Գաղտնիք չէ, որ Դալմայի այգիներում հողակտորներ մշակող շատ վարձակալների իրենց այգիներից դուրս վռնդեցին վարձակալման ժամկետները դեռ չլրացած (ոմանց պայմանագրերի ժամկետը մինչև 2028 թվականն է), և այսօր էլ անօրինականությունները շարունակվում են, իսկ այգիներից դուրս հրավիրելիս էլ բարի չեն լինում վարձակալներին նախապես այդ մասին տեղեկացնել (ՀՀ հողային օրենսգրքի 108-րդ հոդվածով հողամասերը վերցնելուց առնվազն մեկ տարի առաջ հողատարածքներն օտարելու մասին պարտավոր են գրավոր ծանուցել` համարժեք հողամաս կամ փոխհատուցում հատկացնելու համար վարձակալի համաձայնությունը ձեռք բերելու նպատակով): Անգամ համապատասխան գույքագրում չի կատարվում` փոխհատուցումը ճիշտ կատարելու համար: Ի վերջո մարդիկ տարիներ շարունակ մեծ գումարներ են ծախսել հողակտորները քարերից մաքրելու, բերրի դարձնելու, պտղատու ծառեր տնկելու և խնամելու համար: Իսկ այդ աշխատանքի արդյունքը հանկարծ մեկ օրում խլում են նրանցից, շատ դեպքերում օտարված հողատարածքների նոր սեփականատերերը հրաժարվում են որևէ փոխհատուցում վճարելուց, քանի որ քաղաքապետարանն այդ պարտավորությունն անօրինականորեն «փաթաթում» է նրանց պարանոցներին, թաքնվում է իր մոգոնած օրենքների հետևում:
Դալմայի այգիները վաղուց են գլխացավանք դարձել մեր իշխանությունների համար, բայց հազարամյակների պատմամշակութային, ազգային, երկրագործական, բնապահպանական բազմաֆունկցիոնալ համալիրը, մայրաքաղաքի այդ կանաչապատ հատվածը հաջողվել էր փրկել դաժան կացնի հարվածներից` հասարակության ու պետական գերատեսչությունների, հասարակական մի շարք կազմակերպությունների նախաձեռնությունների շնորհիվ: Սակայն վերջին երկու նախագահների օրոք իշխանություններն ավելի համարձակ գտնվեցին, և ի վերջո այգիների հանդեպ ոտնձգություններին կանաչ լույս տրվեց: Ժամանակին Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կամայականորեն չեղյալ համարեցին այգու պահպանությունն ապահովող կարևոր կռվաններից մեկը` հուշարձանի կարգավիճակը, և ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին արտոնություն տվեց` քաղաքաշինական ծրագրեր իրականացնել այդ վայրում` առանց քաղաքաշինության նախարարության և այլ գերատեսչությունների համաձայնության:

Ըստ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման մասին օրենքի` այգու տարածքում արգելվում է այլ կարգի հողային, շինարարական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական գործունեությունը` առանց ՀՀ հուշարձանների պահպանության նախարարության թույլտվության: Եվ ավելորդ ժամանակ ու նյարդեր չկորցնելու համար այգին զրկեցին այդ կարգավիճակից ու անարգել մասնատեցին ու վաճառեցին: Այսօր էլ շարունակում են այգու առանձին հողակտորները վաճառել մասնավոր անձանց` նրանց էլ հանցակից դարձնելով ազգային արժեքների, անգնահատելի նշանակություն ունեցող էկոհամակարգերի անխնա բնաջնջմանը, քաղաքացիների իրավունքների, բազմաթիվ օրենքների և միջազգային ընկերությունների հետ կնքած պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ոտնահարմանը:

Վերը թվարկված օրինախախտումներից բացի` հաշվի չի առնվում շրջակա միջավայրի վրա հսկայական կանաչապատ տարածքի վերացման հետևանքով առաջանալիք բացասական ազդեցությունը: Այնինչ նախապես պետք էր այդ ազդեցության փորձաքննություն կատարել` կանխորոշելով, նկարագրելով և գնահատելով նախատեսվող գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունը կլիմայական պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, լանդշաֆտների, օդի, մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի, ի վերջո` բնակչության առողջության ու բարեկեցության վրա: Այնուհետև հարկավոր էր միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր բացասական ազդեցության վերացման կամ նվազեցման համար: Բայց Դալմայի այգիների տարածքում, ինչպես քաղաքաշինական այլ նախագծերում, փորձագիտական ուսումնասիրությունները միշտ անտեսվել են: Այն, որ ՀՀ-ում տարեցտարի մեծանում է կրծքագեղձի և թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը, եղանակային անկանխատեսելի երևույթների առկայությունը, մայրաքաղաքի օդի աղտոտվածությունն ու անապատացումը, անշուշտ այդ անփութության ու սեփական ժողովրդի հանդեպ թշնամական վերաբերմունքի հետևանքն են:

Իսկ եթե խոսենք այգիների պատմամշակութային նշանակության մասին, ապա դրանց հանդեպ այսօրվա իշխանությունների ոտնձգությունները նաև մեր պատմության դեմ են, քանի որ պատմական դեպքերի մասին վկայող հուշակոթողների ու վկայությունների ոչնչացմամբ վերացվում են նաև այդ ժամանակաշրջանի մասին եղած փաստերը: Դալմայի այգիներն ստեղծվել են դեռևս Ռուսա 2-րդի օրոք: Այդ մասին նշված է մեր նախնիների շինարարական արձանագրություններում: Խաղողի կորիզներով ստեղծված Դալմայի այգիները (դոլ, տոլ ասորերեն նշանակում է խաղող, ուստի այգին անվան համար պարտական է խաղողի վազերին) պահպանելու համար անգամ հատուկ ջրանցք է փորվել` Հրազդան (Էլդարունիա) գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար: Մոտ 3 000 տարի առաջ կառուցված 6,5 կմ երկարությամբ Դալմայի ջրանցքը մինչ օրս չի կորցրել իր նշանակությունը: Այստեղ պահպանվել են նաև մոտ 500 տարեկան վեց կաղնի, որոնց մոտակայքում եղած քարանձավն ըստ ավանդության, Անահիտ աստվածուհու պաշտամունքատեղին է, որն արհավիրքների ժամանակ պահպանել է Դալմայի այգիները:

Մասնագետների կարծիքով Դալմայի այգիների հիմնումը պատահական չի եղել, քանի որ այդ հողերը հիմնականում հարավային և հարավարևմտյան դիրք ունեն, ուստի ջերմության ու լուսավորության պայմանները նպաստավոր են բարձրորակ խաղող, մրգեր և գյուղատնտեսական այլ մթերք աճեցնելու համար: Դարերի ընթացքում մշակվել են խաղողի և պտղատու ծառերի բազմաթիվ տեղական սորտեր, որոնք մինչ օրս աճում ու պտուղ են տալիս և եզակի են ողջ աշխարհում: Այդ փաստն արտասահմանյան շատ փորձագետների է ապշեցրել, իսկ այսօր դրանք ոչնչացվում են բուլդոզերի տակ: «Միայն խաղողի այդ տեսակներով կարելի էր մեծ գումարներ աշխատել` դրանք արտահանելով: Դա թերևս ավելի շատ գումարային ներդրում կապահովեր մեր գանձարան, քան քաղաքաշինական այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են այգու տարածքում»,- ասում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Դալմայի այգիների ոչնչացման կողմնակից պետական այրերն իրենց ոտնձգությունները հիմնավորում են նրանով, թե իբր այգիների տեղում շիննախագծեր իրականացնելը լուրջ ներդրումների ճանապարհ կբացի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, հողատարածքների աճուրդով վաճառքից գոյացած ֆինանսները կհարստացնեն պետական բյուջեն, իսկ նոր ճանապարհները կարագացնեն ու կհեշտացնեն քաղաքի կենտրոնի հետ տրանսպորտի կապը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հերքում է այդ բոլոր պատճառաբանությունները` մատնանշելով քաղաքին սպառնացող վնասներն ու վտանգները և ապացուցում, որ սովորական մահկանացուները դրանից որևէ օգուտ չեն ունենա: Ըստ պարոն Սանասարյանի` կատարվելիք ներդրումներով կայուն աշխատատեղերի ստեղծումն իրատեսական չէ, քանի որ շինարարական աշխատանքներում կարող են ներգրավվել օտարերկրյա բանվորները և ինժեներները, ինչպես դա արվեց ԱՄՆ-ի նոր դեսպանատունը կառուցելիս: Այնինչ այդ այգիները ապրուստ հոգալու իրական միջոց են եղել 1 800 վարձակալ ընտանիքների համար: Ինչ վերաբերում է պետական գանձարանը լցնելու և սոցիալական լարվածությունը թուլացնելու հեռանկարին` հողերի աճուրդից ստացված գումարներն ամենայն հավանականությամբ կուղղվեն ոչ թե պետական, այլ այգիների ոչնչացմամբ շահագրգիռ մասնավոր անձանց «գանձարան»:

Իսկ Հարավարևմտյան թաղամասը կենտրոնի հետ կապող փողոցների առատությունը կասկածի տակ է դնում ևս մեկ փողոց կառուցելու անհրաժեշտությունը:

Ի դեպ Երևանի քաղաքապետարանի կայքում քաղաքաշինական նախագիծ է տեղադրված, որը պետք է իրականացվի 2012 թվականին` Դալմայի այգիների 5 հա տարածքում: Ըստ նախագծի` դա լինելու է արվեստի և զբոսաշրջության կենտրոն` բաղկացած ժամանակակից արվեստի թանգարանից, պատկերասրահից, զբոսայգուց, հանգստի գոտուց և արվեստագետների համար առանձնատներից: Լավ` ասենք թե կենտրոնը կառուցվեց, մի՞թե մեր խեղճուկրակ արվեստագետներն այնքան գումար են վաստակում, որ ի վիճակի լինեն այդպիսի վայրում առանձնատուն ձեռք բերել: Հետաքրքիր է` նախագծի հեղինակը մտահոգված է մեր արվեստագետներին համապատասխան կացարանով ապահովելո՞վ: Ես ավելի հավատում եմ շատ անձնական շահագրգռվածությանը. երևի կառուցապատողի խելքը կերել են` հավատացնելով, որ այդ մասում ներդրումներ կատարելով` նա մեծ շահույթներ կունենա, այնինչ վստահ եմ, որ ընդամենը կավելանան անբնակ նորակառույցների թիվը, ինչպես նաև պաշտոնյաների բանկային խնայողությունները: Ավելի խելամիտ չէ՞ր լինի այդ բնակարանները շահավետ պայմաններով առաջարկել արվեստագետներին, իսկ Դալմայի այգիները պահպանել` որպես նրանց ներշնչման առարկայի և թթվածնի մատակարարման աղբյուրի: Կասե՞ք, թե որ գլուխգործոցներն են անապատում ստեղծվել:

Արդեն յոթ տարի Երևանի թոքերի փրկության և իրենց իրավունքների վերականգնման համար պայքարող հողօգտագործողներն ու «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ տիկին Ռուզաննան չկորցնելով հավատը արդարադատության նկատմամբ` վերջերս դիմում էին հղել արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, ով նախկինում դատափետել է պետական կարիքների համար օտարումների ժամանակ կատարվող անօրինականությունները: Այդ նկատառումով դիմումատուներն ակնկալում էին, որ պարոն Թովմասյանը կօգնի իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու և Դալմայի այգիների անձեռնմխելիությունն ապահովելու հարցում: Սակայն պարոն նախարարը դիմումին գրավոր պատասխանել էր, որ դիմումատուները կարող են այդ հարցով դիմել դատարան` լավ իմանալով, որ նման դատական հայցերը լուծվում են հօգուտ պետության ու փողատեր-սեփականատերերի: Իսկ դիմումի հեղինակների հետ առերես հանդիպման ժամանակ պարոն նախարարն ավելի անկեղծ է եղել և ինչպես հավաստիացնում է հիմնադրամի նախագահը` արդարադատության պաշտպանն իրենց օգնելու խնդրանքին ի պատասխան` ժպիտով պարզաբանել է իր անկարողությունը և հայտարարել` ինձ մոտ գայիք, երբ ես փորձագետ էի, այժմ ես նախարար եմ և այլևս չեմ կարող ձեզ օգնել:

Իսկ եթե երկրիդ արդարության պաշտպաններն են կաշկանդված` ապա ո՞ւր գնալ և ո՞ւմ դիմել:

Օգոստոս 01, 2011 at 11:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր