«ՄԱՀՎԱՆ ՕՂԱԿՆԵՐ» ԳՅՈՒՄՐՈՒ ԾԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՄԱՀՎԱՆ ՕՂԱԿՆԵՐ»  ԳՅՈՒՄՐՈՒ ԾԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ

Գևորգ Պետրոսյան, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող

Գյումրու կանաչ տարածքների ոչնչացնողները գնալով «դենդրոցիդ» իրականացնելու նորանոր եղանակներ են մտածում: Այս նոր «եղանակը», ինչպես երևում է նկարներում, կարելի է պարզապես կոչել «Մահվան օղակ»:

Հուլիսի 27-ին Գյումրու Օրհուս կենտրոնը քաղաքացիների կողմից ահազանգ ստացավ Աբովյան պողոտայում, վերակառուցվող Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, հինգ բարդի ծառերի վնասելու մասին: Տեղում կատարված զննությունից պարզվեց, որ այդ հինգ ծառերը գետնից 10-15 սմ բարձրության վրա կտրող գործիքի օգնությամբ «բարեխղճորեն» կեղևահանվել են: Կեղևահանված հատվածը կազմում է 5-7 սմ:

Եթե Գյումրու ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ապօրինի ծառահատումները միշտ ունենում են ինչ-որ արդարացնող պատճառաբանություններ, ապա այս դեպքը չի կարող ունենալ ոչ մի արդարացում: Սա դիտավորությամբ իրականացված «հանցագործություն» է ծառերի նկատմամբ:

Երբ սկսեցինք այս դեպքի առնչությամբ հարձուփորձ անել Աբովյան պողոտայով անցնող մի քանի քաղաքացիների, նրանցից մեկը ասաց. «Շատ հնարավոր է, որ այս ծառերի ոչնչացումը պետք է դրանց հետևում կառուցվող շինության տերերին»: Եվ իսկապես, այս հինգ ծառերը «փակում են» մի նորակառուց շենքի նախշազարդ ճակտոնը, որը կարող է դուր չգալ դրա տերերին:

Ձեռնպահ մնալով մեկնաբանություններից և ի նկատի ունենալով, որ ապօրինության արդյունքում  վնաս է հասցվել Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին և դա ուղեկցվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտումներով, Գյումրու Օրհուս կենտրոնը դիմելու է իրավասու մարմիններին, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքով, որպեսզի արդյունքում բացահայտվեն և պատժվեն համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին վնաս պատճառողները:

Ակամայից հիշում եմ անցյալ տարի Գյումրու դրամատիկական թատրոնում փայլուն հաջողություն ունեցած մի բեմադրության վերնագիր` «Ծառերը կանգնած են մահանում»:
Գյումրիում սկսել են ծառերին կանգնած սպանել: (Տե՛ս լուսանկարները):

Հուլիս 31, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր