

ԷկոԼուր
Բաց հանքեր Երեւանում, բաց հանքի շահագործման նոր նախագիծ Սարի թաղում, փակ քննարկումներ, սրանք են «Արմատ» ակումբում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի թեմաները: մամուլի ասուլիսին մասնակցեցին «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, www.ecolur.org կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Ստորեւ ներկայացնում ենք մամուլի ասուլիսի վերաբերյալ նյութերը:
Սարի թաղի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը
Օֆելյա Հովհաննիսյան, www.168.am
Սարի թաղի բնակիչներն ընդհանրապես տեղյակ չեն իրենց բնակավայրում գիպսատար կավի բաց հանքավայրի շահագործման մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարի թաղի բնակիչ, ecolur.org կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Ըստ նրա՝ հանքի շահագործման մասին բնակիչներն առհասարակ չեն իմացել: Սարի թաղ իրենց այցելության ընթացքում պարզվել է, որ բնակիչները բացասական կարծիք ունեն բաց հանքի շահագործման մասին:
Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ հանքի շահագործման նախագծում մի շարք տեղեկություններ են բացակայում. «Նախագծում նշված է, որ շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու, այստեղ գրել են, որ օդի զգալի արտանետումներ շրջակա միջավայրի վրա չեն լինի, ամեն ինչ նորմայի սահմաններում կլինի, սակայն բնապահպանական միջոցառումների մեջ ոչ կա, թե սեյսմիկայի հետ կապված ինչ միջոցառումներ են իրականացնելու, ինչ են ձեռնարկելու, որպեսզի սողանքային գոտիներ չլինեն, որովհետև Սարի թաղում էլ կան սողանքներ, դա բոլորն էլ գիտեն, կանաչապատման հետ կապված ոչ մի հարց ներկայացված չի նախագծում: Միայն նշված է, որ տարածքը պետք է ջրեն, դրանով ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց նա:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանի հաղորդմամբ՝ բաց հանքը շահագործելու է «Գաջեգործ» ՓԲԸ-ն: Վերջինիս տեղեկացմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այն կարծիքը, թե Սարի թաղում հասարակական լսումներ չեն իրականացվել. «Սույն թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Գաջեգործների 74 հասցեում կայացել են տվյալ գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ: Կա արձանագրություն հասարակական լսումների կայացման մասին, վարչական շրջանի բնակիչների կոնկրետ անուն-ազգանուններով, կոնկրետ ստորագրություններով»:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ Սարի թաղի բնակիչները ոչ լսել են լսումների մասին, ոչ էլ մասնակցել են դրանց. «Նախագծում գրված է, որ ոչ մի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չի լինի: Մենք երեկ գնացել ենք գաջի գործարան. մոտավորապես 1 հա տարածք ուղղակի այսպես լցված է փոշով, փոշու բարձրությունը 40-50 սմ է: Հարցրել ենք, գաջի գործարանի աշխատակիցները պատասխանել են, որ դրանք իրենց թափոնները չեն: Հարցնում եմ՝ բա ո՞ւմն են, ամբողջ գործարանը շրջապատված է թափոններով, պատասխանել են, ով ասես՝ գալիս են, իրենց թափոններն այստեղ թափում են»: Ըստ Ինգա Զառաֆյանի՝ «Գաջեգործ» ՓԲԸ-ն վարձակալել է բացհանքի և լցակույտերի համար նախատեսված 10,3 հա տարածքը: Վարձակալության պայմանագրի համաձայն՝ ընկերությունը յուրաքանչյուր հեկտարի համար վճարելու է ընդամենը 30 հազար դրամ: Նախագծում նշված չէ` արդյոք այդ գումարը վճարվելու է տարեկա՞ն, թե՞ ամսական կտրվածքով: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ այդքան գումար վճարվելու է որպես տարեկա՞ն, թե՞ ամսական վարձավճար:
«Հանքը թույլատրելի սահմաններում վնասում է շրջակա միջավայրին». բնապահպանության նախարարության ներկայացուցիչ
Նարեկ Ալեքսանյան, Հետք
Բնապահպանները բարձրաձայնում են, որ Սարի Թաղում գաջի բաց հանք է շահագործվում: «Էկոլուր» ՀԿ-ի ներկայցուցիչներն այցելել են հանքավայր: ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը հավաստիացնում է, որ 4,7 հեկտար հանքի տարածքում մոտ կես մետր բարձրությամբ փոշու թանձր շերտ է գոյացել հանքարդյունահանման հետևանքով: Այդ փոշին տարածվում է մոտակա Ջրվեժ, Ողջաբերդ և Շոռաղբյուր գյուղերի վրա, իսկ Սարի Թաղը, որն ավելի մոտ է գտնվում հանքին, հանքշահագործման նախագծում ընդհանրապես նշված չէ:
Հանքավայրը կցված է N 1 գաջի գործարանին և շահագործվելու է «Գաջեգործ» ՓԲԸ-ի կողմից: Հանրային լսումներ անց են կացվել ընդամենը 10 բնակչի մասնակցությամբ, ովքեր, ըստ Ինգա Զառաֆյանի տեղեկությունների, «Գաջեգործ»-ի աշխատակիցներ են եղել:
«Հետքի» հարցին, թե բնակչության քանի տոկոսը պետք է մասնակցեր հանրային լսումներին «քվորում ապահովելու» համար և մասնակցածներից քանի տոկոսի դրական արձագանքների հիման վրա պետք է կայացված համարվեր անցկացված հանրային լսումը, բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն ասուլիսի ժամանակ պատասխանեց, որ օրենքով մեծ հաշվով չի կարգավորվում այդ գործընթացը, ազգային ժողովի օրինակով քվորում չի կարող իրականացվել, և հանրային լսումների գնահատականը որոշվում է «տրամաբանության սահմաններում»:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենց նախարարությունն ինչ-որ առումով անզոր է հանքերի շահագործումը թույլատրելու կամ չթույլատրելու հարցում, քանի որ իրենք տալիս են միայն դրական կամ բացասական փորձաքննության եզրակացություն, իսկ հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվություն տալիս է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ հանքի շահագործման նախագծում նշված է. «Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին լուրջ վնաս չի սպասվում: Աղտոտված օդի զգալի արտանետումները շրջակա միջավայրին մեծ վնաս չեն հասցնում, աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին նշանակալի վնաս չի պատճառվում»: «Բնապահպանական փորձագիտություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն իր խոսքում ասաց. «Հանքը թույլատրելի սահմաններում վնասում է շրջակա միջավայրին»:
Սարի Թաղի գաջի հանքը կիսով չա՞փ է վտանգավոր սարիթաղցիների համար
Լուսինե Բուդաղյան, Առավոտ
Ներկա դրությամբ, Երեւան քաղաքի համար հանքի շահագործման 29 լիցենզիա է տրված: Այսօր բնապահպաններ Ինգա Զառաֆյանը եւ Վիկտորիա Բուռնազյանը մտահոգություն հայտնեցին եւս 2 հանք շահագործող ընկերություններին տրված լիցենզիաների վերաբերյալ, որոնք տեղադրված են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
«Արմատ» մամուլի ակումբում Ինգա Զառաֆյանը, որը նաեւ «Էկոլուր» հ/կ-ի նախագահն է, ասաց. «Չնայած նրան, որ Երեւան քաղաքի Ջրվեժի գիպսատար ապարների եւ բազալտների հանք է, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը հասարակական լսումների անցկացման վայրը որոշել է` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ: Շահագործող ընկերությունը «Գաջ» ՓԲԸ-ն է»: Ի պատասխան տիկին Զարաֆյանի մտահոգություններին, բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գեւորգյանը հայտնեց, որ նոյեմբերի 2-ին Ջրվեժի բնակիչների համար է հասարակական լսումներ անցկացվելու, դրանից հետո` Երեւանի. «Մենք արդեն դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, դա կազմակերպելու համար»:
Ըստ տիկին Զառաֆյանի, «Գաջեգործ» ՓԲԸ-ն, որը Սարի թաղում է գաջի հանք շահագործելու, հասարակական լսումների մասին հայտարարություն չի արել:
Պարոն Գեւորգյանը վստահեցրեց, որ կա արձանագրություն, ստորագրություն, որտեղ նշված են անուն ազգանուններ բնակիչների, որոնք մասնակցել են հասարակական լսումների:
Տիկին Զառաֆյանի դիտարկումները` տեսանյութում
Բնապահպանները նաեւ պետության ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե ինչու է հոկտեմբերի 24-ին տեղեկատվությունը դրվել կայքում, այն դեպքում, երբ հուլիսի 17-ին է լցենզիան տրվել. «Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենար իր կարծիքն ասելու, սակայն կայքում ընդամենը վերջերս է տեղադրվել»:
Մինչդեռ բնապահպաններին բնակիչները պատմել են, որ ոչինչ չգիտեին ոչ հանքավայրի մասին, ոչ ստորագրահավաքի մասին եւ շատ զարմացած են: Ինգա Զառաֆյանի խոսքերով, գաջի գործարանի մոտ թափոններ են, 50 սանտիմետրանոց փոշու կույտեր:
Բնապահպանները Հենրիկ Գեւորգյանից հետաքրքրվեցին, թե արդյոք վերոնշյալ ընկերությունները բոլոր շահագործվող հանքերի համար ունե՞ն բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, ինչին ի պատասխան նախարարության ներկայացուցիչն ասաց, որ հանք շահագործողները բոլոր փորձագիտական գործընթացներն անցել են:
Հարցին, թե վտանգ չի ներկայացնո՞ւմ գաջի գործարանի առկայությունը, պարոն Գեւորգյանն ասաց` կիսով չափ վտանգավոր է:
Բնապահպանները բողոքում են գաջի բաց հանքի շահագործման դեմ
Դավիթ Դավթյան, www.armnewstv.am
Սարի թաղը գաջապատվելու վտանգի տակ է, բաց հանքը աղտոտում է օդը:
SOS- Երևան. բնապահպանը ահազանգում է` Սարի թաղը գաջապատվելու վտանգի տակ է, բնակիչը պնդում է, որ բաց հանքը աղտոտում է օդը:
Սարի թաղի գիպսատար կավերի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի շահագործման թույլտվությունը գաջեգործ ընկերությանն է տրվել` առանց բնակիչներին հարցնելու:
Հանքը զբաղեցնում է մոտ 5 հա, լցակույտերը ավտոճանապարհների հետ մոտ 5.5 հա են: Նախագծում նշել են, որ հանքը 3 գյուղից հեռու է 2-ից 6 կմ, իսկ Սարի թաղի մասին խոսք չկա: Մինչդեռ այդ համայնքը գործարանին մոտ է: Նախարարության աշխատակիցը չգիտեր:
Բնապահպանի խոսքով Սարի թաղը գաջի հանքից հեռու է մոտ 1,5 կմ: Մոտ 10 հա տարածքի յուրաքանչյուր հեկտարը վարձակալու համար ընկերությունը վճարելու է 30 000 դրամ: Հարց է` տարեկան, թե ամսական:
Ըստ փորձագետի`աղտոտված օդի զգալի արտանետումները միջավայրին լուրջ չեն վնասի, մինչդեռ բնապահպանը պնդում է հակառակը:
Համաձայնության չեն գալիս, բնապահպանության նախարարության պաշտոնյան վստահեցնում է` հանքի շահագործումը վերահսկվում է, օրենքի խախտումների դեպքում միջոցներ կձեռնարկվեն:
Երևանում հանքի շահագործում իրականացնելու 29 լիցենզիա կա տրված, ինչը մեր քաղաքի համար անընդունելի է. Ինգա Զառաֆյան
HayNews.am
Էկոլուր ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նաև,որ Սարի թաղի գործարանում կատարվող աշխատանքների հետևանքով շատ մեծ փոշի է բարձրանում,ինչը չի կարող չվնասել բնակչությանը: Էկոլուր կայքի խմբագիր Վիկտորիա Բուռնազյանը լրագրողներին հայտնեց. «Նախագծում նշված է,որ շահագործման հետևանքով շրջակա միջավայրին ոչ մի վնաս չի հասցվի,սակայն գրված չէ,թե ինչ է լինելու սողանքի վտանգի առնչությամբ: Սարի թաղի բնակիչները տեղյակ չէին այս խնդրին և իմանալուց հետո հայտնեցին իրենց դժգոհությունը»:
Հանդիպմանը ներկա ՀՀ Բնապահպանության նախարարության փորձագիտության ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Գաջեգործ ՓԲԸ-ը դիմել է նախարարություն,կատարվել է փորձաքննություն և տրվել է դրական եզրակացություն հանքի շահագործման վերաբերյալ: Նա նաև հաստատեց,որ «Գաջեգործ» ՓԲԸ-ն վարձակալել է բացհանքի եւ լցակույտերի համար նախատեսված 10,3 հա տարածքը և, վարձակալման պայմանագրի համաձայն, վճարելու է յուրաքանչյուր հեկտարի համար ընդամենը 30 հազար դրամ տարեկան:
Հանքը շահագործում են՝ առանց կարծիք հարցնելու
Ա1+
Երևանի գիպսատար կավերի հանքավայրի տարածքը կընդլայնվի: Նման ցանկություն է հայտնել հանքավայրը բաց եղանակով շահագործող «Գաջեգործ» ընկերությունը: Նախագիծն արդեն տեղակայված է բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է, որ ցանկացած հանք շահագործելուց առաջ պարտադիր է անցկացնել հասարակական լսումներ, ինչը չի արվել։
Բնապահպանության պաշտոնական կայքում հայտնված «Գաջեգործ» ըներկության նախագիծը վկայում է, որ հանքավայրի շահագործման թույլտվությունը 50 տարով է:
Նախարարության կայքում հայտնված փասատթղթում նշված են նաև մոտակա բնակավայրերը` Ջրվեժ, Ողջաբերդ և Շոռաղբյուր գյուղերը, որոնք գտնվում են տեղամասից 2-ից 6 կմ հեռավորության վրա, իսկ Սարի թաղը, որի վրա անմիջականորեն ազդելու է հանքը, նախագծում նշված չէ:
Տիկին Զարաֆյանի խոսքերով Սարի Թաղը ակտիվ սողանքային գոտում է գտնվում, որը լի է վտանգներով. «Եթե մենք այս շրջանում այդպես իրար վրա հանքերը շահագործենք կարող է մեծ ազդեցություն ունենալ սողանքային վրա»:
Փորձեցինք գտնել այն տարածքը, որտեղ շահագործվում է հանքը, այդպես էլ չկարողացանք: Հանքի գոյության մասին վկայող որեւէ ցուցանակ չկար: Միայն կենտրոնական ճանապարհի վրա տեղադրված էր դեպի հին և նոր գաջի գործարաններ տանող ուղղությունները ցույց տվող վահանակը:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ հանքը շահագործող «Գաջեգործ» ընկերության տնօրինության հետ: Մեզ հեռախոսով համաձայնվեց խոսել միայն ընկերության ինժեներ` Էդիկ Թումանյանը. «էդ հանքավայրերը, որ հիմա շահագործվում են, 40-50 տարի է շահագործվում են արդեն»:
Ընկերությունը ներկայումս քանի Երևանում շահագործում է երեք հանք:
Պարոն Թումանյանի խոսքերով երեքն էլ գիպսատար կավերի և բազալտի հանքավայրեր են և դրանց շահագործման բոլոր լիցենզիաները կան:
Մանրամասները տեսանյութում:
Տեսանյութերը` «Ա1+»-ի, «ԱրմՆյուզ»-ի եւ «Առավոտի»
Հոկտեմբեր 29, 2012 at 14:59




