

Արմինե Ավագյան, հատուկ «Էկոլուր»-ի համար
«Կապանի Շահումյան բանավանի, որտեղ «Deno Gold Mining» ընկերությունը շահագործում է հանքը, բնակիչների համար ռիսկի փաստը միշտ էլ եղել է: Սակայն 2007թ. այդ փաստն արձանագրվեց հենց ընկերության կողմից, քանի որ այդ ժամանակ Շահումյանի հանքում խոշոր հոր էր առաջացել: Ուսումնասիրության համար հրավիրվել էին «Գեոռիսկ» ՍՊԸ-ի (Երևան) մասնագետները: Նրանք տվել էին իրենց եզրակացություններն ու առաջարկները: Այդ նյութերը գտնվում են ընկերությունում, գրավոր դիմել ենք, չեն տրամադրել, դրանք կպահանջենք դատական կարգով»,-«ԷկոԼուր»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի վերոնշյալ կազմակերպության` ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) դեմ հայցի քննումը: Հայցով պահանջվում է Կապանի Շահումյան բանավանում վերացնել մարդու կյանքին,առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է ընկերության հանքարդյունաբերական գործունեության հետևանքով: Արթուր Ղազարյանը հայտնեց, որ իրենց շահերը պաշտպանելու համար ՀԿ-ին է դիմել Շահումյանի 18 բնակիչ, իսկ առհասարակ այնտեղ 140 սեփականատեր կա: Նրանք` բոլորը, սատարում են կազմակերպության ներկայացրած հայցը:
Շահումյան բանավանի բնակիչներին փոխհատուցում տրամադրելը սկսվեց 2007թ, և 8 ընտանիք փոխհատուցում ստացավ: 2008թ. փոխհատուցման տրամադրումը դադարեցվեց:
Տեղի բնակչության իրավունքների պաշտպանները կարծում են, որ դիմումը չպիտի որպես ֆինանսական պահանջ ընկալվի. բնակիչները պարզապես պահանջում են անվտանգ դարձնել իրենց կյանքը:
Ընկերության ծրագրով պետք է ստեղծվեին անվտանգության գոտիներ, իսկ բնակիչները պետք է փուլ առ փուլ փոխհատուցում ստանային: Ընկերությունը նաև հրաժարվեց տրամադրել այդ գնահատականներով և առաջարկություններով փաստաթղթերը, որոնք կատարվել են տարբեր կազմակերպությունների կողմից: «Այդ ծրագրի կասեցումը պատճառաբանվեց ճգնաժամով, բայց մենք համաձայն չենք այդ բացատրության հետ»,- ասում է Ղազարյանը:
Հանքում կատարվող պայթեցումներից Շահումյանի տների պատերն իրարից հեռացել են: Հանքի սխալ շահագործումը հանգեցրել է հողի վերին շերտի գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը: «Հանքի վերևում գտնվելն իսկ վտանգավոր է, էլ չեմ խոսում ապրելու, երեխաներին մեծացնելու և աշխատելու մասին: Սակայն մարդիկ Շահումյանում շարունակում են ապրել, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ անասնապահությամբ, այգեգործությամբ: Շատերը փոքր երեխաներ ունեն,- վրդովվում է իրավաբանը,- բոլորը գիտեն, որ այդ տարածքի վտանգավորության աստիճանը չափազանց բարձր է: Ըստ փորձագետների եզրակացությունների` այդտեղ չի կարելի ո՛չ անասնապահությամբ զբաղվել, ո՛չ հողագործությամբ, չի կարելի որևէ շինություն կառուցել»:
Նշենք, որ կազմակերպության տվյալներով ընկերության կողմից հրավիրված մասնագետները եզրակացրել են, որ վտանգն առաջացել է ընկերության գործունեության հետևանքով և առաջարկել են կանխարգելիչ աշխատանքներ կատարել` գոնե ժամանակավորապես վտանգը նվազեցնելու համար, օրինակ՝ ջրահեռացում կատարել, ընդերքի ամրացման աշխատանքներ իրականացնել և այլն: Բայց ընկերությունը նույնիսկ այդ տվյալներն է գաղտնի պահում:
Սեպտեմբեր 30, 2009
