ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

Ըստ ԱրմԻնֆո եւ Aysor.am տեղեկատվական գործակալությունների

News.am: Երևանի Օրհուս կենտրոնում կազմակերպվել էր քննարկում` Գյումրիում տեղի ունեցած զանգվածային ծառահատումների վեաբերյալ: Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեվորգ Պետրոսյանը ներկայացրեց խնդրի էությունը և ձեռնարկված քայլերը: Քննարկումների նախաձեռնողը «Սպառողների ասոցիացիան» էր:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Ազատության հրապարակում Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող բաց սրճարանի տարածքում այս ամռանն իրականացվել էին զանգվածային ծառահատումներ` խախտելով Օրհուսի համաձայնագրի ու ՀՀ Կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման պահանջները: Հատվել էր մոտ 40 ծառ և թուփ, որից շուրջ 12-ը խոշոր ծառեր էին:

Ինչպես Aysor-ին հայտնեց Գ. Պետրոսյանը, իրենց ահազանգերի հիման վրա «Սպառողների ասոցիացիան» դիմել է դատախազություն, որն այժմ հետաքննություն է իրականացնում:

«Գործընթացը անօրինական է իրականացվել, սակայն մեր օրենքներով սահմանվում է ընդամենը 50 հզ դրամ տուգանք` իրազեկում չկատարելու համար: Առաջարկել եմ նաև կատարել բնապահպանական վնասի հաշվարկ»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Ըստ Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգողի, այժմ պետք է սպասել, թե ինչ կպարզի և ինչ քայլեր կձեռնարկի դատախազությունը. «Եթե դրանք մեզ չբավարարեն, ապա պետք է դատական ատյաններին դիմենք»:

ԱրմԻնֆո: Հայաստանի սպառողների միությունը կոչ է անում խստացնել կանաչ տարածքների բռնագրավման պատժիչ միջոցները:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրուցելիս նշել է ԱՊԱ-ի էկոլոգիական ծրագրերի համակարգող Աշոտ Միրզոյանը, այդ նպատակով ԱՊԱ-ն առաջարկում է փոփոխություններ մտցնել վարչական օրինախախտումների օրենսգրքում: «Մենք արդեն կազմել ենք համապատասխան նամակի նախագիծը, որը ցանկանում ենք ուղղել ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցություններին»,- հաղորդել է նա: Ա.Միրզոյանը տեղեկացրել է, որ վերջերս Միությունը նոր շինությունների կողմից այգիների դուրս մղման մասին մի քանի բողոք է ստացել: «Այդ այգիները սեփականատերեր ունեն, ովքեր տասնամյակների ընթացքում մշակել են դրանք: Այժմ այգիներն ուղղակի ուզում են խլել»,- ասել է նա: Ա.Միրզոյանը հիշեցրել է սեպտեմբերի դեպքի մասին, երբ հասարակության ուշադրությունը գրավել է Գյումրիում Ազատության հրապարակում սրճարանի շինարարության նպատակով 30 ծառի ոչնչացումը: «Այդ կապակցությամբ մենք Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ ենք հղել, և վերջերս մեզ հաղորդել են, որ նամակը փոխանցվել է Շիրակի մարզային դատախազություն»,- հաղորդել է Ա.Միրզոյանը:

Հոկտեմբեր 15, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր