

Սառա Խոջոյան, «ԱրմենիաՆաու»
Մինչ Հայաստանում ամենախոշոր առևտրի ու զվարճանքի կենտրոն հիմնելու հավակնություններ ունեցող ընկերությունը նախագծի շնորհանդեսն է անում, այդ տարածքում այգիներ ունեցող ավելի քան 600 մարդ բողոքում է ընկերության փոխհատուցման քաղաքականությունից:
Հոկտեմբերի 26-ին ներկայացնելով «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի նախագիծը` ընկերության տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը նշեց, որ 45 000 քմ տարածքում կառուցվող երկու հարկերում ու տանիքային մասում ավելի քան 150 ընկերություններ են ներկայացված լինելու:
«Գնումներ կատարելիս կենտրոնի այցելուները կարող են ֆիլմ դիտել կինոթատրոնում, բոուլինգ խաղալ կամ սուրճ խմել սրճարաններում: Առաջնային համարելով «Դալմա գարդեն մոլ»-ում ընտանեկան մթնոլորտի ստեղծումը` մենք պարբերաբար մանկական միջոցառումներ ու կենդանի համերգներ կկազմակերպենք»,- ասաց Հարությունյանը:
«Մենք շատ լավ տեղ ենք ընտրել մեր կենտրոնի համար»,- հավելեց առևտրի ու զվարճանքի կենտրոնի տնօրենը, մինչդեռ «Դալմա գարդեն մոլ»-ի տարածքն արդեն մի քանի տարի հասարակական բողոքների պատճառ է:
Դալմայի այգիների ընդհանուր 530 հեկտար տարածքից կառավարության 2003-2004 թվականների որոշումներով` 256 հեկտարը գյուղատնտեսական նշանակության էր որակվել ու տրվել շուրջ 700 հողօգտագործողների, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հետ 10 տարի ժամկետով վարձակալության պայմանագրեր էին կնքվել: Մնացած տարածքում որոշվել էր քաղաքաշինական խոշոր ծրագրեր իրականացնել, որոնցից մեկը «Դալմա գարդեն մոլ»-ն է:
Հարությունյանն ընդգծեց, որ իրենք լուծել են առկա բոլոր խնդիրները. «Այս տարածքը մեր սեփականությունն է, մենք փոխհատուցել ենք բոլոր հողօգտագործողներին»:
Այդուհանդերձ, Դալմայի հողօգտագործողների շահերի պաշտպանության ՀԿ-ի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Ռուզաննա Ղազարյանը պնդում է, որ այդ կենտրոնը կառուցվում է առանց 640 հողօգտագործողների հետ վերջնական պայմանավորվածության:
«Անեծքի վրա են ստեղծելու իրենց կենտրոնը, որովհետև այդ տարածքում 15-20 տարի հողօգտագործողները քարերը հավաքել են ու այգի են ստեղծել: Հիմա բուլդոզերով քանդում են խաղողի վազերը ու տեղում ամենախոշոր զվարճանքի կենտրոնը կառուցում: Ոչ արդար փոխհատուցում է եղել, ոչ հողերի հարցն է լուծվել»,- շեշտեց նա:
Հոկտեմբեր 29, 2009
