Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ամենայն հավանականությամբ, շուտով Երեւանը կանաչախեղդ է լինելու: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի հաղորդմամբ, միայն վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանում տնկվել է 147 հազար 666 հատ ծառ (կարող էին չէ մի հատ ավել կամ պակաս տնկեին տհաճ թվից խուսափելու համար): Եթե սրան գումարենք, որ Երեւանը մինչ այդ կանաչապատումն անապատ չի եղել, ապա ստացվում է, որ Երեւանը մոտ ապագայում կանաչի մեջ է թաղված լինելու:
Աշնանային եւ գարնանային ծառատունկերը վերջին տարիներին վերածվել էին մի տեսակ տոնախմբությունների: Այդ տոնախմբություններին չէին ալարում մասնակացել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Իհարկե, դրանից կանաչապատման մակարդակը կամ ավելի ճիշտ ծառերի կպչողականությունը չէր բարձրանում, բայց փաստը մնում է փաստ, որ գոնե արտաքնապես քաղաքային իշխանություններն ավելի մեծ ուշադրություն էին դարձնում ծառատունկին: Սակայն, ինչ քաղաքապետարանում հայտնվեց Գագիկ Բեգլարյանը, շատ բաներ փոխվեցին: Ծառատունկը նույնպես այդ շարքը համալրեց: Այս տարի աշնանային ծառատունկն աննկատ սկսվել է, եւ ամենայն հավականությամբ, աննկատ էլ ավարտվելու է: Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանից, աշնանային ծառատունկը այս տարի սկսել է նոյեմբերի 5-ին եւ կավարտվի նոյեմբերի 25-ին:
Թե ինչու Գագիկ Բեգլարյանը որոշեց այդքան աննկատ թողնել աշնանային ծառատունկը, այդքան էլ պարզ չէ: Գուցե նախընտրական շրջանում այնքան երեւաց հեռուստաէկրաններին, որ զահլեն պարզապես գնաց: Անշուշտ, քաղաքը ծաղիկներով ողողելու ծրագիրը նույնպես Բեգլարյանի նախընտրական ծրագրի մասն էր կազմում, թեեւ ազնվության համար պետք է նշել, որ քաղաքում ծաղիկներ տնկելու ծրագիր Երեւանի քաղաքապետարանում նախորդ տարիներին եւս կար, այդ նպատակով նույնիսկ տնկարանը կարգի բերվեց:
Գագիկ Բեգլարյանի բնապահպանական հակումները, սրանով, կարծես թե, ավարտվեցին: Համաձայն մեզ տրամադրած տեղեկատվության, աշնանային ծառատունկի ընթացքում ընդհանուր առմամբ տնկվելու է 6000 ծառ եւ 12000 թուփ: Տնկվելու են թխկի, հացենի, սաֆորա, կաղնի ծառատեսակներ: Նկատենք, որ այս տարի անհամեմատ ավելի քիչ է կատարվում ծառատունկը: Նշենք, որ միայն 2008թ., համաձայն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, 112 հազար ծառ է տնկվել: 2007թ. քաղաքապետարանի բրիֆինգներների ժամանակ հայտարարվեց, որ տարվա ընթացքում մոտ 70 հազար ծառ է տնկվելու: Թե որն է այս տարվա ՙժլատության՚ պատճառը, պարզ չէ: Հնարավոր է, որ քաղաքային իշխանությունները դա պատճառաբանեն համաշխարհային տնտեսական ճգնաժամով, սակայն գուցե եւ Գագիկ Բեգլարյանը Երվանդ Զախարյանից քիչ ավելի է սիրում ծառատունկ ասվածը, չնայած նշենք, որ Երվանդ Զախարյանի օրոք կանաչապատման հարցում առաջընթացներ գրանցվեցին միայն թղթի վրա, իսկ իրականում հատվեցին բազմաթիվ ծառեր: Ինչեւէ, հատված ծառերը թողնենք մի կողմ, անդրադառնանք տնկված ծառերին: Քաղաքային իշխանությունները մշտապես հավաստիացնում էին, որ ծառերը տնկվում են հասցեական տեղերում եւ բարձր (առնվազն 70 տոկոս) կչպողականությունն ապահովված է, այնպես որ, կանաչ Երեւան ունենալու հեռանկարը, եթե հետեւենք թվերին, մոտ ապագայի գործ է: Ե
թե 2004թ. սկսած Երեւանում տնկվել է 147 հազար ծառ, միջին հաշվարկներով, ստացվում է, որ մոտ 37 հա տարածք կանաչապատ պետք է լինի: Համաձայնեք, որ դա փոքր թիվ չէ: Բայց գոնե ՙանզեն՚ աչքով Երեւանի բնակիչները ավելացած կանաչ տարածքները չեն տեսնում: Սրան էլ, իհարկե, քաղաքային իշխանությունները կարող են պատճառաբանություն գտնել, որ վատն ավելի շատ է նկատվում, քան լավը, եւ ծառահատումների մասին լրատվամիջոցներն ավելի շատ են գրում, քան ավելացող ծառերի, բայց իրականությունն այն է, որ տեսականորեն ՙավելացված կանաչը՚ չի երեւում:
Գուցե ծառերի մեծ մասը տնկվում են աչքից հեռու մի տեղում, որովհետեւ գոնե քաղաքի կենտրոնում նոր ծառեր չեն երեւում: Իհարկե, չենք հաշվում այն դեպքերը, երբ հին ծառը փոխարինվում է նորով:
Ի դեպ, նշենք, որ սեպտեմբերին Շախմատի տան հարեւանությամբ հատվել էր ընդհանուր թվով 21 չորացած բարդի: Քաղաքապետարանը խոստանում է, որ նույն վայրում տնկվելու է 40 ծառ: Եթե խոստումներն իրականություն դառնան, եւ ոռոգման համակարգն էլ նորմալ աշխատի, ապա գոնե կարող ենք հույս ունենալ, որ Կենտրոնի այս հատվածը չի զրկվի հերթական կանաչ տարածքից` տեղը զիջելով նորակառույց որեւէ սրճարանի:
Դեկտեմբեր 02, 2009
