Երեւանում ծառերի խորը էտ` մեզ զրկել են գարունից (Լուսանկարներ)

Երեւանում ծառերի խորը էտ` մեզ զրկել են գարունից (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ԷկոԼուրը Երեւանի բնակիչներից ահազանգեր եւ լուսանկարներ է ստանում Երեւանում ընթացող ծառերի էտի վերաբերյալ: Բնակիչները պնդում են, որ կրկին խորը էտի են ենթարկվում 1-2 տարի առաջ էտված ծառերը: Պաշտոնական տվյալներով` Երեւանում արդեն էտվել է 7000 ծառ:

Հրաչյա Քոչար փողոցի բնակչուհի Սիրանույշ Գեւորգյանը գրում է. «Ծառերի արդեն համարյա կանաչ ճյուղերը կտրելուց հետո փողոցը ահավոր դատարկ է դարձել։ Այդ ծառը, որ իմ պատշգամբի տակ է, ինձ գարուն էր բերում, քանի որ քաղաքային բնակարանում ապրելով՝ բնության հետ ամենօրյա շփումը շատ սահմանափակ է։ Գարունս տարան։ Ու խիստ կասկածում եմ, որ այդ ծառերը կհասցնեն նորից կանաչել։ Տպավորություն ունեմ, որ փողոցը թթվածնի ու կանաչ տեսքի հաշվին մաքրում են, որպեսզի գովազդային վահանակները լավ երևան»:

Ավանի բնակչուհի Գոհար Հաջինյանը գրում է. «Խորապես ցնցված եմ, թե ինչպես են տգեղացնում մեր շրջակա միջավայրը, ինչպես են անդամահատում ծառերը: Բազմիցս լսել եմ բացասական կարծիքներ թե ծառերի տեսքի,  թե էտման որակի վերաբերյալ: Պարզ երեւում է, որ մասնագետներ չեն էտողները: Վերջերս արտերկրից հյուրեր ունեի, որոնց վրա սարսափելի տպավորություն  թողեց Երեւանում ծառերի նման խորը էտը: Նրանց խոսքերով` իրենց երկրներում պարզապես թեթեւացնում են ծառերի ճյուղերը, այլ ոչ թե ծառերից  կոճղեր ու գերաններ թողնում»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԷկոԼուրը հրապարակեց ՀՀ  ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանի նամակը,  ում եւս անհանգստացնում է ծառերի նման էտը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2014թ-ին միացել է Քաղաքապետերի Դաշնագրին` պարտավորվելով մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20%-ով: Հայտնի է, որ տերեւները կլանում են ածխաթթու գազը: Նման կերպով  զրկելով Երեւանը ծառերի կանաչ սաղարթից Երեւանի քաղաքապետարանը ոչ միայն զրկում է Երեւանի բնակիչներին թթվածնից, այլեւ վերացնում է ածխաթթու գազի գլխավոր կլանիչներին:

Սիրանույշ Գեվորգյանի լուսանկարներ, Հրաչյա Քոչար փողոց

 
 

Գոհար Հաջինյանի լուսանկարներ, Ավան

 
 
 
 

ԷկոԼուրի լուսանկարներ, Կոմիտասի պողոտա

 
 
 
 
 
 

 
 
 


Մարտ 26, 2015 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր