«ԵԹԵ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵՆ ԷԼ, ՄԵՆՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԵՆՔ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ»

«ԵԹԵ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵՆ ԷԼ, ՄԵՆՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԵՆՔ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ»

Ինգա Մարտինյան, Հետք

«Դա իրենց սեփականն է, և երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվում: Իրենք սեփականաշնորհել են բակի տարածքը, եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել: Կարող է մի քիչ հարգանք ունենան և մի երկու թուփ պակաս կտրեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը:

Նշենք, որ մարտի 13-ին,առավոտյան ժամը 6-ին Պուշկին 3 հասցեում շինարարական տեխնիկա էր մտել եւ սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր: Բնակելի շենքից քիչ հեռու Հ2 հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մայրապետյանը էլիտար շենք է կառուցել եւ որոշել է ստորգետնյա ավտոտնակի մուտքը բացել Պուշկին 3 հասցեի բնակելի շենքին պատկանող տարածքից, ինչին ընդդիմանում էին շենքի բնակիչները:

Նրանք պնդում էին, որ կառուցապատումն ապօրինի է եւ իրենց ցույց են տվել ընդամենը հատակագիծը, բայց հողահատկացման որոշումը մինչ օրս չեն տեսել: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կասեցրեցին ծառահատումները մինչեւ երկուշաբթի, որպեսզի կառուցապատողը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր: Կառուցապատողը Բնապահպանական պետական տեսչություն ներկայացրել է բոլոր փաստաթղթերը և  Ռոմիկ Մանգասարյանի խոսքերով` Պուշկինի 3-ում 697ք մ տարածքը սեփականշնորհված է աճուրդային վաճառքով, այն էլ երկու անգամ, և բնապահպաններն այդտեղ որևէ բան չեն կարող անել:

Ըստ ներկայացրած բնապահպանական նախագծի` կառուցապատումից հետո այդ պուրակը պետք է վերականգվի ցայտաղբյուրով, նստարաններով, իսկ նախկինում խոստացել էին տեղադրել նաև Հ. Մաթևոսյանի կիսանդրին. «Մենք դրանց հետ շատ ենք կռվել: Մենք արդեն ոչ թե կարգադրողի դերում, այլ խնդրողի դերում ենք եղել, որ չկտրեն»,- նշեց Բնապահպանական պետական տեսչության պետը:

Նրանք միայն կարող են միջամտել այն դեպքում, եթե այդտեղ Կարմիր գրքում գրանցված տեսկաներ լինեն, իսկ այդպիսիք չկան: Կառուցապատողները նաև փաստաթուղթ էին ներկայացրել, որտեղ շինարարությունը սկսելու թույլտվության 41 բնակչի ստորագրություն կար: Շենքի լիազորն էլ էր թուղթ տվել, որի համաձայն` 19-ից-20 բնակիչ այդտեղ չեն ապրում, բայց Մանգասարյանը նշեց, որ ինքը թերթերից մեկում կարդացել է, որ դրանք երկու տղա են կեղծել:

ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՐԹՆԱՑԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԻՑ
Գրիշա Բալասանյան, Հետք


Մարտի 13-ին` առավոտյան ժամը 6-ին, Պուշկին 3 հասցե է եկել շինարարական տեխնիկա եւ սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր:

Բնակելի շենքից քիչ հեռու Հ2 հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մայրապետյանը էլիտար շենք է կառուցել եւ որոշել է ստորգետնյա ավտոտնակի մուտքը բացել Պուշկին 3 հասցեի բնակելի շենքին պատկանող տարածքից, ինչին ընդդիմանում են շենքի բնակիչները:

«Դիտմամբ են շաբաթ օրով շինարարական աշխատանքներ սկսել, որպեսզի մենք չկարողանանք ինչ որ մեկին բողոքել: Սա բացահայտ ապօրինություն է»,- դժգոհում էին նրանք:

Շինարարական աշխատանքների հետեւանքով վնասվել է շենքի խմելու ջրի ջրագիծը եւ ամբողջ շենքը ջուր չունի: Այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված է եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցները վերականգնում են շենքի ջրամատակարարումը:
Բնակիչների ասելով` իրենք դիմել են ՀՀ նախագահին, Քաղաքաշինության նախարարին եւ ստացել են պատասխաններ, որ ավելորդ աղմուկ չբարձրացնեն, քանի որ տարածքը չի քանդվելու: Սակայն` այսօր բնակիչներն անակնկալ արթնացել են շինարարական մեքենաների աղմուկից:

Այնտեղ էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նա, տեսնելով տարածքում հավաքված մարդկանց եւ լրագրողներին, առանց բացատրություններ տալու անմիջապես հեռացավ:
Շենքի բնակիչները տարածքում հավաքված մոտ մեկ տասնյակ ոստիկաններից փորձում էին հետաքրքրվել, թե ինչու են հանգիստ նայում, երբ մեծահարուստի էլիտար շենքի ավտոտնակի մուտքն ապահովվելու համար քանդում են իրենց բնակելի շենքի հիմքը: Նրանք էլ պատասխանեցին, թե «հասարակական կարգն ենք պահպանում»:

«Բա ինչի՞ չեք ապահովում մեր հասարակական կարգը, երբ լույսը չբացված արթնացրին շինարարական մեքենաները: Դա հասարակական կարգի խախտում չի՞»,-հակադարձեց Հասմիկ անունով մի կին: «Ահազանգեիք կգայինք»,-ասաց ոստիկանը: «Զանգելու կարիք չկար, ձեր ոստիկաններն իրենց հետ են տարածք եկել»,-ավելացրեց Հասմիկը:

Շենքի բնակիչները պատրաստվում են դիմել դատարան, քանի որ իրենց պնդմամբ` կառուցապատումն ապօրինի է: Իրենց ցույց են տվել ընդամենը հատակագիծը, բայց հողահատկացման որոշումը մինչ օրս չեն տեսել: «Որովհետեւ հողահատկացում չի կարող լինել, դա մեր շենքինն է, ո՞նց են շենքի տակի հողը հատկացնում ու շենքը դարձնում վթարային»,-ասում էին բնակիչները:

Քիչ առաջ դեպքի վայրում էին Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները, որոնք կասեցրեցին ծառահատումները մինչեւ երկուշաբթի, որպեսզի կառուցապատողը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր:

ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵ՞Ն ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԸ
Ա1+


Մարտի 13-ին վաղ առավոտից Պուշկինի 3 շենքի պուրակում ծանր տեխնիկա էր աշխատել եւ կանաչ տարածքը բնաջնջելով մեծ փոս էր փորել: Բնակիչները ասեկոսեների միջոցով տեղեկացել են, որ այդտեղ նախատեսվում է հարեւանությամբ գտնվող էլիտար շենքի համար ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:

«Այստեղ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելով նրանք մի քանի վնասներ են տալիս: Առաջին, որ կանաչ տարածքը բնաջնջելով մեզ միայն գազ շնչել են թողնում: Երկրորդ, շենքի ֆունդամենտը 7 մետր փորում են, ինչը մեր շենքը դարձնում է վթարային: Էլ չեմ ասում, որ շինարարության պատճառով վնասեցին մեր ջրագիծը»,- բողոքում էին Պուշկինի 3 շենքի բնակիչները:

Երեւանի քաղաքապետարանում տեղյակ են, որ Աբովյան-Պուշկին խաչմերուկում էլիտար շենքի համար ստորգետնյա ավտոտնակ սարքելու համար կանաչ տարածք է վնասվում: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում փաստեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար առկա է քաղաքաշինական հաստատված նախագիծ:

Սակայն բնակիչները պնդում են, որ քաղաքաշինության նախարարությունից իրենց ասել են, թե նշված տարածքում քաղաքաշինական գործունեություն սկսելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:

Քաղաքապետարանի պաշտոնյան ի պատասխան բողոքների ասաց, թե կանաչ տարածքը Երեւանի սեփականությունն է եւ ծրագրերի շրջանակներում նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելուց հետո վերականգնել տարածքը: Ինչ վերաբերվում է վթարային դառնալուն, ապա նա հավելեց. «Նախագիծը ունի սահմանված կարգով անցած փորձաքննություն եւ եթե նման հարցեր լինեին, ապա բնականաբար այդ նախագիծը չէր հաստատվի»: Իսկ ջրագծերի հետ կապված էլ նշեց, թե միշտ էլ շինարարություն իրականացնելիս նման դեպքեր են գրանցվում, սակայն նույն օրը վերականգվում են, ինչը արվել է նաեւ այդ տարածքում:

Ի դեպ, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում է «Լոկալ Դիվելոփրզ» կազմակերպության նախագահ Սամվել Մայրապետյանը, ով նաեւ Երեւանի մի շարք այլ էլիտար շենքերի կառուցապատողն ու սեփականատերն է:

Մարտ 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր