

ԷկոԼուր
Մարտի 23-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Բագրատունյաց 14 շենքի «Նաիրիտ» կուլտուրայի տուն տանող ճանապարհի երկրորդական պլանում գտնվող փոքրիկ այգին ցանկանում են վերածել սրճարանի: Ահազանգողը այգին ստեղծող եւ խնամող, նույն շենքի բնակիչ Բայանդուր Կարապետյանն էր: Նրա խոսքերով` Բագրատունյաց 14 շենքի նկուղային հարկը գնել է ոմն Գագիկ Գրիգորյան, ով նկուղում ռեստորան է սարքում, իսկ նկուղի հարակից այգու ծառերը մտադիր է կտրել, որպեսզի տեղում սրճարան բացի: (Տես լուսանկարները):
Այգում մոտ 35 մրգատու եւ դեկորատիվ երիտասարդ ծառ կա: Նախկինում այդ տարածքն աղբանոց է եղել: Բայանդուր Կարապետյանն իր ընկերոջ հետ (այժմ ընկերը կենդանի չէ) դիմել է Երեւանի քաղաքապետարան` այդ տարածքն իրենց խնամքին հանձնելու խնդրանքով: 1996թ. հոկտեմբերի 25-ի գրությամբ քաղաքապետարանը նրանց խնդանքը բավարարել է: «… հաշվի առնելով տարածքի անմխիթար վիճակը եւ մնացած կանաչ տնկիների վերացման վտանգը հատկապես ձմեռվա ամիսներին, չենք առարկում տարածքը Ձեզ տրամադրելուն, պայմանով, որպեսզի Ձեր կողմից կատարվեն բարեկարգման, կանաչապատման եւ խնամքի աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի գրության մեջ: «Էդ իմը չի, դա քաղսովետի տարածքն է: Ես էդ տարածքը չեմ ուզում, ոչ էլ ինձ օգուտ կա էդտեղ: Ուղղակի պարապ մարդ եմ, թոշակառու, ինձ համար զբաղվել եմ, կանաչապատել, ծաղիկ ու ծառ տնկել: Հիմա էդ այգին ինձ համար երեխայի նման մի բան է, մեղքս գալիս է, որ թողնեմ կտրեն: Էնտեղ ոչ ոռոգման ջուր կա: Ջուրը ձեռով եմ բերել, կամ ամանները դնում եմ, անձրեւաջուրը հավաքում, որ ծառերը ջրեմ»,- պատմեց Բայանդուր Կարապետյանը: «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում Գագիկ Գրիգորյանի որդին` Արմեն Գրիգորյանն, ասաց, որ այդ կանաչ տարածքը, ինչպես նաեւ Բագրատունյաց 14 շենքի առաջին եւ նկուղային հարկերն իրենց սեփականությունն են, սակայն իրենք մտադրություն չունեն այգու ծառերը կտրելու եւ տեղում սրճարան կառուցելու: «Ես կողմ եմ կանաչապատմանը: Ես` ինքս, չեմ թողնում, որ որեւ է ծառ կտրեն»,- «ԷկոԼուր»-ին հավաստիացրեց Արմեն Գրիգորյանը`կտրականապես հերքելով այգու տարածքում սրճարան բացելու մասին տեղեկությունը: Այնուամենայնիվ, «ԷկոԼուր»-ի ֆոտոխցիկը Բագրատունյաց 14 շենքի տարածքում կտրած ծառի մեկ կոճղ նկատեց: Ուզում ենք հավատալ, որ եթե Արմեն Գրիգորյանն այդ ծառը կտրողին նկատեր, անապյման կարգելեր:
Ի դեպ, հանրային նշանակության տարածքի օտարման դեպքի կապակցությամբ Պուշկինի 3 շենքի բնակիչները պատրաստվում են հայցով դիմել դատարան` իրենց շենքի կանաչապատ տարածքի վերացման եւ իրենց կյանքը վտանգելու համար:
ԷՏՈՒՄՆԵՐ` ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ինգա Մարտինյան, Հետք
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ գարնանային աշխատանքների շրջանակներում Երևանում ծառերը էտվում են: Մարտի 23-ին խմբագրություն զանգ էր ստացվել, և մեր ընթերցողները նշում էին, որ գազանանոցից մինչև «Բելաջիո» ռեստորանային համալիր ընկած հատվածում ծառահատումներ են կատարվում: Քաղաքապետարանի հավաստմամբ`այդ տարածքի բարդիները ծերացել են և փոխարինվում են նորերով:
Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ Երևան քաղաքում գարնանային աշխատանքները շարունակվում են և կավարտվեն մարտի վերջին, ինչը ենթադրում է ծառերի երիտասարդացում, կանաչ տարածքների մաքրում, էտման աշխատանքներ և այլն:
Մարտ 25, 2010
