«ՊԵՏՔ ԷՐ ՊԱՌԿԵԼ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ՏԱԿ»

«ՊԵՏՔ ԷՐ ՊԱՌԿԵԼ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ՏԱԿ»

Մանե Մադոյան, www.eritasard.am

Ապրիլի 27-ին բնապահպանական տարբեր կառույցների ներկայացուցիչները քննարկում էին Ազգային գրադարանին կից գտնվող այգու հարցը: Քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն` տեղում ոչ մի շինարարություն չկա, պարզապես տարածքը բարեկարգվում է մի խումբ ակադեմիկոսների խնդրանքով:

Բնապահպաններն ու ճարտարապետները, սակայն, վստահ են` այգում տիրող այսօրվա վիճակից բարեկարգման «հոտ չի գալիս»: Քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր ե՛ւ ՀՀ բնապահպանության նախարարությանը, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանին: Հանդիպմանը, սակայն, մասնակցում էին միայն նախարարության ներկայացուցիչները:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Գառնիկ Մանուկյանը նշում է, որ նախարարությունը տարածքի հատկացման գործում լիազորություններ չունի: Նա փաստում է, որ իրենք կոնկրետ գործողությունների իրավասություն ստանում են տարածքի հատկացման հետ կապված օրինախախտումների դեպքում միայն:

«Արդեն երեք տարի է, ինչ այդ այգին պատկանում է ոչ թե Ագրարային համալսարանին, այլ քաղաքապետարանին: Ես անձամբ տեսել եմ այդ տարածքին առնչվող բոլոր թղթերը, ոչ մի բացթողում չկա, բոլոր թղթերը շատ լավ վիճակում են` քաղաքապետի ստորագրությունն էլ վրան»,- նշում է Գառնիկ Մանուկյանն ու ավելացնում, որ նախարարությունից մարդ կանչելու փոխարեն` պետք էր քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին ստիպել, որ ներկայանան:

Մասնակիցները որոշեցին, որ քաղաքապետարանի եւ նախարարության լիազորությունների չհստակեցման պատճառով արդեն 10 տարուց ավելի ձգվող անորոշությունը պարզելու փոխարեն` պետք է այգին փրկելու գործողությունների ծրագիր մշակել` ցույցերից մինչեւ դատարան: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հանդիպումից հետո նշեց. «Կարելի է ասել` շարժումն արդեն սկսված է»:

Նախնական քայլեր առանձին խմբեր արդեն իսկ ձեռնարկել են: Մեկ շաբաթ առաջ www.facebook.am-ում սկսված «Այս քաղաքը անտեր չէ: Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արդեն 1700 գրանցված համակիր ունի: Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը վստահ է` սա միայն սկիզբն է:

Մինչ այդ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն արդեն միջանցք էին դուրս եկել: Նրանց տարիների աշխատանքային փորձը, իրենց իսկ խոսքերով, հուշում է` այս քննարկումները ջուր ծեծոցի են ու գործին ոչնչով չեն օգնի:

«Արդեն ուշ է»,- Ազգային գրադարանին կից գտնվող ուսանողական այգու համար պայքարողներին վստահեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը` հավելելով. «Այգին պետք էր փրկել, երբ դեռ ոչինչ չէին փորել, պետք էր գալ ու էքսկավատորների տակ պառկել, այլ ելք չկար»:

Ապրիլ 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր