

ԷկոԼուր
«Մենք ենք քաղաքի տերը» երիտասարդական խումբը ուսանողական պուրակի անօրինական կառուցապատման դեմ ստորագրահավաք է հայտարարել: Հասարակական կազմակերպությունների, ճարտարապետների եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների նախաձեռնությունը, ովքեր այս տարվա մարտին կոչ էին անում դեմ հանդես գալ ուսանողական պուրակում` Վիկտոր Համբարձումյանի արձանի կողքին օբյեկտների կառուցմանը, շարունակում է երիտասարդական շարժումը, որը հանդես է եկել հայտարարությամբ. «Թույլ չտանք` ոտնահարվեն հանրության իրավունքները, ոտքի տակ առնվեն մեր կանաչ տարածքները, անվերադարձ բետոնապատվի այն, ինչ շնչավոր է... Անենք առավելագույնը, օգտագործենք մեր ներուժը, դառնանք իրական տերերն այս քաղաքի, մի բան թողնենք մեր սերունդներին»:
Ստորագրահավաքին եւ այս հասարակական նախաձեռնությանը կարելի է միանալ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ` մայիսի 3 - 7-ին, ժամը` 18:00- 20:00-ին: Խումբը նաեւ պատրաստ է պատասխանել [email protected] հասցեին ուղարկված հարցերին:
Մայիս 04, 2010
