

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ «Նոր S.O.S. Երեւան» հասարակական շարժման ներկայացուցիչների 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում քաղաքապետից հաջողվեց միայն խոստում ստանալ, որ այլեւս Երեւանի հասարակական գոտիներում կապիտալ շինությունների համար փոս չի փորվի:
Հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 5-ին քաղաքապետի նախաձեռնությամբ, ով անհանգստացած էր ուսանողական պուրակում երկու օբյեկտների կառուցման շուրջ բարձրացված աղմուկից: Ավելի քան երկու ամիս հասարակական կազմակերպությունները, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչները, երիտասարդական խմբերը խորը վրդովմունք են հայտնում, որ ուսանողական պուրակը ի շահ բիզնեսի վերցվել է հասարակայնությունից: Ընդ որում, վերցվել է անօրինաբար:
Քաղաքապետը ոչ մի կերպ չհմաձայնվեց հանդիպման ընթացքում բերված այգում կառուցվող երկու օբյեկտների անօրինականության եւ անիրավականության փաստարկների հետ: Քաղաքապետարանի ներկայացուցիչներին չհամոզեցին նաեւ լուսանկարները, որոնցում հստակ երեւում են եւ շինարարության մասշտաբները, եւ կտրված ծառերը:
«Մենք`բոլորս, այս քաղաքի տերերն ենք, եւ ես ձեզանից քիչ մտահոգված չեմ այգիների եւ պուրակների տարածքների ընդլայնման եւ պահպանման հարցում»,- հայտարարեց Գագիկ Բեգլարյանը եւ ավելացրեց, որ եթե իր կամքով լիներ, ապա նա անձամբ կքանդեր Երեւանի կանաչ գոտիների բոլոր օբյեկտները:
Սակայն հասարակայնությանը միանալու եւ ուսանողական պուրակի փոսը փակելու առաջարկությունը Գագիկ Բեգլարյանը չընդունեց: Նրա կարծիքով` կա ծանրակշիռ հակափաստարկ. «արդեն գումարներ են ծախսված, փոխհատուցեք վնասը եւ ապա ծածկեք փոսը»:
Այդպես էլ քաղաքապետի` ուսնաողական պուրակի հարցում ընդհանուր համաձայնության գալու առաջարկությունը կյանքի չկոչվեց: Հասարակայնությունը չզիջեց իր դիրքերը` պայքարելու քաղաքի եւ ուսանողական պուրակի համար:
Մայիս 07, 2010
