

Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»
Թեև ՀՀ գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ սրճարանի վերանորոգման նպատակով փակված ուսանողական պուրակում ծառահատումներ չեն լինի, սակայն բնապահպանները, հաշվի առնելով ժամանակին նույն պատրվակով այլ այգիներում իրականացված ծառահատումները, չեն հավատում Սամվել Դանիելյանի խոստումներին:
Պուրակը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` Աբովյանում` Երևանի պետական համալսարանի, Ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Ազգային գրադարանի հարևանությամբ: Արդեն մեկ ամիս է` ինչ տարածքը փակ է, քանի որ զբոսայգում սրճարանի շինարարական աշխատանքներ են կատարվում: Բնապահպանների խոսքով` իրենց նույնիսկ չեն թույլատրում ներս մտնել, որ տեսնեն, թե աշխատանքներն ինչպես են ընթանում: Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասում է, թե համոզված են, որ ծառահատումներն անխուսափելի են:
«Մենք ենք քաղաքի տերը» երիտասարդական խումբը ուսանողական պուրակի, ինչպես իրենք են ասում, անօրինական կառուցապատման դեմ ստորագրահավաք է հայտարարել, որի արդյունքները հետագայում հանձնվելու են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և քաղաքապետին:
Ուսանողական պուրակի հետ կապված ջերմ հիշողություններ ունեն նաև տարեց երևանցիները:
«Երևաննախագիծ» ինստիտուտի աշխատակից 64-ամյա Արամայիս Ասլանյանը երեքշաբթի աշխատանքից հետո շտապել էր Թամանյանի արձանի մոտ: Նա մեկն է մինչ օրս ստորագրություն տված 3000 մարդկանցից, ովքեր այսպես իրենց բողոքն են արտահայտում:
«1964 թ., երբ մենք դեռ ուսանող էինք, ամենաքաղցր հիշողությունները կապված են հենց այդ այգու հետ, որտեղ մենք ոչ միայն հանգստանում էինք, այլև գծագրական ու քարտեզագրության տարբեր աշխատանքներ կատարում»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Ասլանյանը:
Այգին փրկել են ուզում նաև երիտասարդները, ովքեր հոգնել են ժամանակ անցկացնելու համար ուսումնական հաստատություններից հեռու գտնվող այգիներ գնալուց. նրանք մի վայր են ուզում, որտեղ կարելի է դասերից հետո անցկացնել ազատ ժամանակը:
«Մի քանի տարի առաջ, երբ սովորում էի Գերմանիայում, նկատում էի, որ այնտեղ ուսանողները հաճույքով են գնում դասի, քանի որ բուհի շրջակա բնությունը պարգևում է հանգստություն ու դրախտային է դարձնում ուսումը, որը Հայաստանում չկա: Իսկ եթե նման այգիները պակասեն, վիճակն ավելի կվատթարանա»,-«ԱրմենիաՆաուին» պատմում է ստորագրահավաքի խմբի նախաձեռնողներից 23-ամյա Հայկ Բարսեղյանը:
Մայիս 10, 2010
