

Էկոլուր
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել հասարակական վայրում` Երևանի կենտրոնում գտնվող Ուսանողական այգում իրականացվող շինարարությունների դեմ` այդպիսով ավարտելով շինարարությունը դադարեցնելու դեմ սկսված ստորագրահավաքը: Ընդամենը երկու շաբաթում բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 16 հազար մարդ` Երևանի, Հայաստանի այլ քաղաքների բնակիչները և հասարակական կազմակերպություններ:
Այս թեմայով այլ հրապարակումները կարդացեք ներքևում:
Կանաչ բողոք. ակտիվիստները հավաքվել են` պաշտպանելու «ուսանողների այգին»
Սիրանույշ Գևորգյան, ԱրմենիաՆաու
Ուրբաթ` մայիսի 14-ին, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն անցկացրին իրենց առաջին միջոցառումը` ընդդեմ Երևանի ուսանողական այգում երկու սրճարանների կառուցման:
Այգու տարածքը արդեն մոտ մեկ ամիս փակ է, քանի որ զբոսայգում երկու սրճարանների շինարարական աշխատանքներ են կատարվում:
Այսօր կանաչ զգեստով «լուռ ակցիայի» մասնակիցները մոտ 40 րոպե ձեռք ձեռքի տված կանգնել էին Աբովյան փողոցի կողմում գտնվող շինհրապարակի հարևանությամբ: Նրանց վրա թելերով կախված էին պաստառներ` STOP գրությամբ, իսկ ոմանք հագել էին հակագազեր:
Քաղաքացիական նախաձեռնության անդամները վերջին երկու շաբաթների ընթացքում Երևանի բնակիչներից 16 հազարից ավելի ստորագրություններ են հավաքել` ընդդեմ այգում սրճարանների կառուցման: Բացի այդ, Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբին արդեն անդամակցում են 3000-ից ավելի մարդիկ:
Նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանն ասում է, որ այգում արդեն տասնյակ ծառեր են հատվել:
«Այս տարածքը հանրային զբոսայգի է, և պետք է լիարժեք կերպով վերադարձվի հանրությանը»,- ասում է նախաձեռնության մեկ այլ անդամ` Կարեն Սողոմոնյանը:
Անցյալ շաբաթ նախաձեռնության անդամները հանդիպել էին Երևանի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել էր, որ կառուցվող սրճարանները քանդելու դեպքում պետք է կասեցնել սրճարանների սեփականատերերի, այսինքն` մասնավոր ընկերությունների գործունեությունը և նրանց փոխհատուցում տալ, քանի նրանք օրինական, պայմանագրային իրավունքներ ունեն: Քաղաքապետն ասել էր, որ ներկա պայմաններում քաղաքային բյուջեն չի կարող իր վրա նման բեռ վերցնել, քանի որ Երևանը այլ, ավելի հրատապ խնդիրներ ունի: Բեգրարյանը նաև խոստացել էր համագործակցել բնապահպանների հետ:
«Սա շատ լավ առիթ է, որ պրն Բեգլարյանն ապացուցի, որ կանգնած է այսքան մարդկանց կողքին և որ այսքան երիտասարդների հուսախաբ չի անի»,- ասում է Սուխուդյանը:
Երբ ենք բոլորս դառնալու մեր քաղաքի տերը
Սիրանույշ Պապյան, Ժամանակ
Ով կմտածեր, որ վերջին նախաձեռնությունները շատ մտավորականների (որոնք, ի դեպ, նախկինում կարծիքներ, այս կամ այն խնդրի վերաբերյալ տեսակետներ հայտնելուց ժուժկալ էին` Արթուր Մեսչյան, Ջոն Կիրակոսյան (Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ), Դավիթ Երեւանցի եւ այլք), հ/կ-ների կստիպեն ուշադրություն դարձնել Երեւանի էկոլոգիական աղետին, ճարտարապետական վայրիվերումներին, ամենաթողությանը:
Կինոմոսկվայի ամառային դահլիճի շուրջ ծավալված ոչ պակաս մեծ աղմուկը սթափեցրեց իշխանություններին (եկեղեցու սպասավորներին նույնպես), ստիպեց կոշտ գործիքների փոխարեն այս դեպքում կիրառել առավել «փափուկները»: Մյուս կողմից էլ` facebook սոցիալական ցանցի միջոցով թեժանում, ակտիվանում եւ նոր նախաձեռնություններ են առաջանում, որոնք ակտիվորեն սկսում են զբաղվել հասարակական, բնապահպանական խնդիրներով:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ձեւավորվել է ընդամենը 3 շաբաթ առաջ ինտերնետային facebook սոցիալական ցանցում, սկսվել է զրոյից եւ այժմ ունի 2800-ից ավել անդամ, այն կենդանի կառույց է, որտեղ ամեն օր քննարկումներ են ծավալվում նախաձեռնության անդամների կողմից, որտեղ բոլորը իրենց ներդրումը կարող են ունենալ եւ իրենց կարծիքը հայտնել: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչները համախմբվեցին Ուսանողական այգում (նախկինում` Ղ.Ղուկասյանի անվան) ապօրինի շինարարության հնարավոր զարգացումները կանխելու, այգին վերացման վտանգից փրկելու նպատակով: Ա.Թամանյանի արձանի մոտ` մայիսի 3-ից մինչեւ 14-ը, ամեն օր ժամը 18.00-20.00 տեղի կունենա ստորագրահավաք: Նախաձեռնությանն են միացել մի շարք կամավորներ, հ/կ-ներ: Մայիսի 7-ի դրությամբ խումբն ունի 10.000-ից ավել ստորագրություն:
Ուսանողական այգու խնդրի կապակցությամբ մայիսի 5-ին քաղաքապետը հանդիպել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչների, տարբեր հ/կ-ների, ինչպես նաեւ ավագանու ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության կազմակերպիչներից քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ հանդիպման ընթացքում շուրջ 3 ժամ, այնուհետեւ իրենց հետ առանձին զրույցում քաղաքապետը փորձել է համոզել, որ այս մեկը կարող է լինել վերջին դեպքը` ընդունելով, որ եղել են թերացումներ:
«Մենք մինչեւ վերջ մնացինք մեր դիրքերում, որովհետեւ հանրային զբոսայգու գոյությունը կարգավորվում է ՀՀ օրենքներով, եւ այն պետք է լիարժեք հանրային գոտի լինի` առանց որեւէ կառուցապատման», - նշեց Վահրամ Սողոմոնյանը:
Հարց է առաջանում, թե ո՞ւմ է պատկանում տարածքը, որ քաղաքապետն ուզում է շրջանցել: Լուրեր են պտտվում, որ տարածքը պատկանում է ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանին, մեկ այլ, առավել քիչ հավանական տարբերակով տարածքը պատկանում է Վաչոյին` Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ Վաչագան Հարությունյանին:
«Քանի որ շատերը հնարավորություն չեն ունեցել մասնակցել, մյուս կողմից էլ` ստորագրահավաքը մտնում էր ավելի ակտիվ փուլ, ինչի մասին են վկայում նաեւ facebook-ում գրանցվող եւ ամեն րոպե նախաձեռնությանը միացնողների թիվը, դրա համար որոշեցինք այն մեկ շաբաթով երկարացնել: Ես կասեի` ակտվությունը շատ մեծ է, մոտավորապես 80 տոկոս, ում մենք դիմում ենք` միանագամից դեմ է արտահայտվում զբոսայգին բետոնով կառուցապատմանը, 10 տոկոսը տատանվում է եւ ավելի ուշ է փորձում որոշում կայացնել»:
Հարկ է նշել, որ այս 10 տոկոսի մեջ է մտնում նաեւ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ում ստորագրահավաքի մասնակիցները մոտեցել են Կասկադում. վերջինս ասել է, որ տեղյակ չէ` ինչ խնդիր է, ծանոթանալուց հետո կարձագանքի, բայց մինչեւ հիմա ոչ մի լուր:
Հասարակության անտեղյակությունը, ըստ նախաձեռնության կազմակերպիչ Արթուր Ավթանդիլյանի, ավելի գլոբալ ֆենոմեն է, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ հասարակության մի ահագին հատվածը զանգվածային լրատվական դաշտից իրականում կտրված է, որովհետեւ մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք հիմնականում փակում են դա, եւ եթե իրենք որեւէ խնդրի բավարար կամ նվազագույն ուշադրություն չեն դաձնում, այդ խնդիրը մի տեսակ ավտոմատ հասարակական օրակարգից դուրս է մնում, իսկ մնացած ԶԼՄ-ները` տպագիր մամուլը կան էլեկտրոնայինը, հատկապես երիտասարդության շրջանում քիչ իրազեկում են ապահովում, իսկ սա ոչ միայն ստորագրությունների հավաք է, այլ նաեւ հասարակության իրազեկությունը ապահովելու, որ կա այսպիսի խնդիր, որը վերաբերում է քեզ, որը վերաբերում է բոլորին, եւ յուրաքանչյուրը կարող է եւ պետք է իր ներդրումն ունենա այդ խնդրի լուծման կապակցությամբ:
Իսկ հարցին, որ երկրում, միեւնույն է, օրենք ու Սահմանադրություն չեն գործում, Ավթանդիլյանը պատասխանում է, որ ցանկացած բան սկսում է աշխատել այն ժամանակ, երբ իրեն աշխատեցնում ես, ինքն իրեն աշխատող բան չկա, դա հավերժական շարժիչ չէ, նույնիսկ մեր պատկերացումներով ամենաառաջադեմ երկրներում, եթե չլինի այդ օրենքի դիմումը, օրենքը միանգամից կժանգոտի, որովհետեւ դա մեխանիզմ է, որ պետք է անընդհատ աշխատի: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, մեզ մոտ դեռ այդ մեխանիզմը չի օգտագործվել, բայց եթե մենք ամեն անգամ իրեն չփորձենք մեկ քայլով էլ աշխատեցնել, այն մինչեւ վերջ էլ չի աշխատի: Ճարտարապետ Արեւիկ Ավետիսյանը, ով, ի դեպ, նախաձեռնության ակտիվիստներից է, նշում է, որ Ուսանողական այգին Թամանյանի նախագծած այգին է, մեջտեղը աստղադիտարան գոյություն ունի, որը հուշարձան է համարվում, այսինքն` այգին հուշարձանի տարածք է համարվում, ոչ ոք իրավունք չունի մտնի հուշարձանների տարածք: Այստեղ իրավունքի խախտում կա:
Մայիս 14, 2010
