

ԷկոԼուր
Արարատցիները երկրի իշխանություններին խնդրում են իրենց մոտ կանաչ գոտի ստեղծել, որը կմեղմի Արարատի ցեմենտի գործարանի արտանետումները մթնոլորտում: «Արարատը անապատային, կիսանապատային գոտի է համարվում, այստեղ ջրի հարցը միշտ էլ եղել է, միշտ էլ լինելու է, ու այդ հարցը հաստատ չի լուծվելու: Չկա ջուր: Այստեղ խնդիրն այն է, որ համապետական ծրագրերով ունենանք անտառաշերտ: Ցանկացած ցեմենտի գործարան նախագծլուց այն անպայման ունենում է իր օտարման գոտին, կանաչ գոտին: Կանաչ գոտին եթե լինի, ահագին թեթեւ է լինելու»: Այս մասին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի քաղաքապետարանի ճարտարապետ Հրաչ Դավթյանը: Նա նշեց, որ Ցեմենտի գործարանը ցանկացել է գործարանի տարածքում կանաչ գոտի ստեղծել, բայց դա շատ ծախսատար է եղել:
«Ունեինք երկու գործարան: Ներքեւի գործարանն աշխատում էր լռիվ ուրիշ սխեմայով, արտանետումները բավականին ցածր էին. այն աշխատում էր խոնավ մշակման եղանակով: Իսկ երկրոդ գործարանը, որը չոր եղանակով է աշխատում` հումքի ջերմային մշակման հիման վրա է գործում, այդտեղ պետք է բավականին ուժեղ ֆիլտրեր տեղավորեն, որ մանր փոշին ու արտանետած մետաղները, որ օքսիդների ձեւով կան այդ փոշիների մեջ, կարողանային կլանվել: Եթե հիմա իրենք արտադրությունը մեծացնում են, նշանակում է` նաեւ ուշադրություն պիտի դարձնեն ֆիլտրներին»,- ասաց ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանը:
Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանի պաշտոնական կայքում բացակայում է բնապահպանությանը նվիրված բաժին:
Ապրիլ 16, 2012 at 18:27
