

ԷկոԼուր
Մարտի 7-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության նիստում կներկայացնեի «Երեւան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը: Նախագծի համաձայն` նախատեսված է Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում: Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների անտառային ֆոնդի հողերի սահմանով Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով: Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջացող 5,3 հա ազատ հողամասը Երեւանի քաղաքապետարանը մեկ քառ. մետրը մոտ 70,0 հազար ՀՀ դրամով վաճառելու է «Սահակյանշին» ՓԲԸ-ին, որը 3-7 տարիների ընթացքում տարածքը կառուցապատելու է:
Հետաքրքիր է, որ ծրագրի առնչությամբ որեւէ առարկություն կամ առաջարկություն չի ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որի ենթակայության տակ են գտնվում Դալմայի այգիների անտառները: Լռել է նաեւ Բնապահպանության նախարարությունը: Այս նախարարությունների փոխարեն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է հարց բարձրացրել ծրագրի իրականացմամբ ավտոմայրուղու հարակից տարածքների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումների, ավտոմայրուղու կառուցման և հետագա շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրների վերաբերյալ` նկատի ունենալով այն, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի անմիջական հարևանությամբ: Ի պատասխան նախարարությանը տեղեկացվել է, որ բարձրացված խնդիրները կհստակեցվեն մայրուղու աշխատանքային նախագծի մշակման ընթացքում, եւ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի փորձաքննության:
Դալմայի այգիները յուրօրինակ պատմամշակութային համալիր է` հարուստ կենսաբազմազանությամբ եւ հինավուրց պատմամշակութային կոթողներով: Երեւանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այսօր այդ այգիները վերանում են` իրենց տեղը զիջելով բետոնե շինությունների, շուտով նաեւ ավտոճանապարհի: Իսկ Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն 9-ը տարի շարունակ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի
Մարտ 06, 2012 at 14:45
